ՆՈՒԼԱՆԴԻ ԱՅՑՆ ԱՄՆ-Ի ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ
Արխիվ 12-16Այսօր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը կժամանի Հայաստան: Մինչ Հայաստան ժամանելը` Վ. Նուլանդը հանդիպումներ է ունեցել Վրաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարների հետ: Ըստ պաշտոնական տեղեկություններիª Հայաստանում Նուլանդը հանդիպելու է պաշտոնյաների, այսպես կոչվածª քաղաքացիական հասարակության խմբերի եւ երիտասարդության ներկայացուցիչների հետ: Նաեւ, որ քննարկելու է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդման եւ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հարցեր:
Իսկ ոչ պաշտոնապեսª տիկին Նուլանդը, ինչպես հայտնի է, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենում մայդանչիների հետ, թխվածքաբլիթներ ու փող բաժանում... Ուրեմն ո՞րն է նրա հայաստանյան այցի իրական նպատակը. այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայաստանյան քաղաքագետների հետ մեր զրույցներում:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ խոսքով` Վ. Նուլանդի այցը տարածաշրջան կարող է պայմանավորված լինել այն իրավիճակով, որ այսօր տիրում է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. "ԱՄՆ համարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, եւ կարող է այս այցի նպատակներից լինել ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ հարցերի քննարկումը: Քանի որ Նուլանդը այցելում է ոչ միայն Հայաստան, այլեւ արդեն եղել է Վրաստանում եւ Ադրբեջանում, ապա տեսականորեն այցի նպատակը տարածաշրջանի խնդիրների քննարկումն է":
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կարծիքով` Վ. Նուլանդի այցելությունը տարածաշրջան առաջին հերթին նպատակ ունի բարձրացնել ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում. "Մեկ բան հաստատ է, որ այս այցելությունը կապված չէ Հայաստանի քաղաքական ներքին իրավիճակի հետ: ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում վերջին շրջանում շատ է նվազել, եւ այս այցելությունով Ամերիկան ցանկանում է հասկանալ, թե ինչ անի, որպեսզի այս տարածքում ակտիվացնի ազդեցությունը":
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ փաստեց, որ Նուլանդի այցելությունը տարածաշրջան ամեն դեպքում հետապնդում է խորքային նպատակներ: Քաղաքագետը չբացառեց, որ այդ այցելությունը կարող է կապված լինել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության հետ. "Դժվար է ասել, թե կոնկրետ որն է այցելության նպատակը, քանի դեռ Նուլանդը չի այցելել Հայաստան եւ հանդես եկել որեւէ հայտարարությամբ: Անհանգստացնող է Նուլանդի հայտարարությունը, որն արել է Բաքվում, ըստ որի Հայաստանը ադրբեջանցի գերիներին պետք է հանձնի Ադրբեջանին: Այստեղ ոչ մի խոսք չկա Ադրբեջանի կողմից սահմանին կազմակերպվող սադրանքների, սահմանը լարված պահելու վերաբերյալ: Չնայած տարածքների վերադարձի մասին տեղեկատվությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, եւ ես չգիտեմ, արդյոք նրանք Նուլանդի հայտարարությունը ճիշտ ձեւո՞վ են փոխանցել":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

