ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Արդեն գաղտնիք չէ, որ իր "քաղաքագիտական վերլուծությամբ" ԼՏՊ-ն ԲՀԿ-ին` իր առաջնորդով հանդերձ, հետեւողականորեն ներքաշեց հակասահմանադրական հեղաշրջման դաշտ, իսկ հետո ինքը "թռավ": Սակայն պարզվում է, որ Ծառուկյանի գործերը ՀԱԿմեջ է արել ոչ միայն ծեր աղվեսը, այլեւ նույն թիմի մեկ այլ ներկայացուցիչ` ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ: ԲՀԿ-ական թիմի եւ նրան հարող լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ զարմացել եւ վրդովվել էին, թե ինչպես է, որ ԲՀԿ առաջնորդի` բացակայությունների պատճառով մանդատից զրկվելու հարցը չպետք է մտնի ԱԺ լիագումար նիստ, այլ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրությամբ ուղարկվի ԿԸՀ: Եվ ահա պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը բացատրեց, որ 2013-ին Գագիկ Ջհանգիրյանը եւ ոչ իշխանական մի քանի պատգամավորներ դիմել էին ՍԴ, եւ 2013-ի ապրիլի 16-ին ՍԴ-ն հակասահմանադրական եւ չեղյալ է ճանաչել այն դրույթները, որ նստաշրջանի 50 տոկոսից ավել բացակայած պատգամավորների հարցը մտնում է լիագումար նիստի օրակարգ եւ փակ գաղտնի քվեարկվում:
Հիմա Սահմանադրության 67-րդ հոդվածը գործում է ուղղակիորեն, եւ զարմանալիորեն ստացվում է, որ բացակայել սիրող ԲՀԿ-ականներին մանդատից զրկելու ընթացակարգը հեշտացվել է իրենց իսկ հարազատ զինակից Գագիկ Ջհանգիրյանի թեթեւ ձեռքով: Իսկ քաղաքագետ համարվող ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ հիասթափվել է, որ հեղափոխության փորձ այդպես էլ չեղավ, եւ ԲՀԿ-ի "բունտի" հարցը լուծվում է կուլիսներում: Այնքան է հիասթափվել, որ զարմանալիորեն հայտարարում է. "Դասական իմաստով, մենք իսկի պետություն էլ չենք, այլ փակ բաժնետիրական ընկերություն, որում ամեն մեկն ունի իր փայը: Վիժեցված հեղափոխությունը կփոքրացնի Ծառուկյանի փայը, որովհետեւ մի հարվածով իշխանությունը հինգ պատգամավորի տարավ, երկու պաշտոն խլեց, ոմանց շաքարի պատճառ դարձավ: Մենք դարձել ենք դիմազուրկ հասարակություն ու մեզ մնում է սպասել նոր թամաշայի` նոր մականունների ու այիբների բացահայտմամբ":
Իսկ մինչ այդ, ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ "Կենտրոն" հեռուստաընկերության եթերում մի քանի անգամ կրկնեց, որ ամբողջ ազգն իրենց հետ է, եւ բոլորը ցանկանում են իրենց հետ գալ հրապարակ եւ իշխանափոխություն անել: Զարմանալի է, մի՞թե ՀԱԿ խմբակցության ղեկավարը չգիտի, թե ինչ է նշանակում ամբողջը: Չէ՞ որ, եթե ընդամենը մեկ հայ իրենց հետ չէ, դա արդեն ամբողջ ազգը չէ: Ախր, բավարար է առաջին պատահած 100 հոգու հարցուփորձ անել, եւ կպարզվի, որ Զուրաբյան Լյովիկի հետ գործ ունենալու ցանկություն կարտահայտեն շատ ու շատ քչերը:
Լավ, քաղաքական չկայացած հեղափոխությունից անցնենք տեխնոլոգիական հեղափոխությանը: Երբ Տիգրան Սարգսյանի վարչապետության վերջին հատվածում ներկայացվել էին առաջին հայկական պլանշետներն ու նոութբուքները, շատերը ահագին չարախոսեցին: Բայց բարձր տեխնոլոգիայի ոլորտում առաջընթացը չես կանգնեցի, եւ վերջերս մեզ հաճելիորեն զարմացրեց ծրագրավորող ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` ստեղծելով համակարգչային տեսակապի հայկական տարատեսակ, որը կոչվում է "Զանգի", ու այն իր որակով զգալիորեն գերազանցում է հռչակավոր սկայպը, բայց միաժամանակ կարող է կապ ապահովել նույնիսկ շատ անորակ ինտերնետի դեպքում: Դե ինչ, մեր հայրենակիցները զարմանալիորեն ապացուցում են, որ ի զորու են ստեղծել ամենաառաջադիմական գիտատար արտադրանքը նույնիսկ այն պայմաններում, երբ գիտության խելքը գլխին ֆինանսավորում չկա:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

