Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ "Իրավունքը" պարզեց` այս լարված իրավիճակում ԲՀԿ-ին աջակցողներն ովքե՞ր են, հասարակության ո՞ր խավը: "ԲՀԿ-ին սատարում են սոցիալապես անապահով անձինք` հիմնականում մեծահասակներ, ովքեր աշխատանք չունեն, եւ կանայք, ովքեր Ծառուկյանի մեջ տեսնում են կորցրած հոր կերպարը: Այն կերպարը, որը ուրախ գալիս էր տուն, բան էր բերում ուտելու, եւ երեխաներն էլ ուրախ-ուրախ նստում էին սեղանի շուրջ",- պատասխանեց Ադիբեկյանը: ԲՀԿ առաջնորդի վարկանիշը, մինչ այս լարված իրավիճակը, 30% էր, որը, ըստ սոցիոլոգի, վկայում է, որ ընդդիմության տասը տոկոսը Ծառուկյանին չի ընդունում. "Դա է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե` իշխանափոխության դեպքում իշխանության մեջ գտնվողները կմնան իրենց տեղում:
Պետք է հիմա նոր հարցում անցկացնել, եւ որոշել` ո՞ւմ է նախընտրում հանրությունը` ոչ թե ձայների առումով, այլ թե ով կհաղթի այս պայքարում": Սոցիոլոգը վստահ է, որ եթե ՀՀԿ-ԲՀԿ պայքարը շարունակվի, ապա իշխանությունից նեղացածները կկանգնեն ԲՀԿ-ի կողքին: Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի մեջ ժողովուրդը տեսնում է գերագույն գլխավոր հրամանատարի: "Ոչ, նա Ծառուկյանի մեջ տեսնում է հոգատար եղբորը կամ հորը, ով ջերմություն, սնունդ կտա",- ասաց սոցիոլոգը: Ըստ Ադիբեկյանի` կիսապատերազմական այս իրավիճակում մեր ժողովրդի համար սկզբունքորեն կարեւոր է լիդերի` պատերազմի բովով անցած լինելը. "Բայց պատերազմն ավելի շատ կապում են ոչ թե լիդերի, այլ բանակի հետ, որը միակ կայացած կառույցն է Հայաստանում",- եզրափակեց Ադիբեկյանը: