ՈՒՇԱՑԱԾ ՍԵՐ` ԱՌ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
Արխիվ 12-16ՈՒՇԱՑԱԾ ՍԵՐ` ԱՌ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով կարծես թե վերջնականապես ապացուցեց, որ ԲՀԿ-ի կնքահայրն է ու ՀՀԿ-ԲՀԿ գործընթացների ակտիվ դերակատարը: Հաշվի առնելով մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը` բնականաբար, ոմանք պատրաստ են համագործակցել անգամ Ռ. Քոչարյանի հետ` մոռանալով նրա անվան հետ կապվող տարբեր սպանություններն ու աղմակահարույց պատմությունները:
Դրանցից մեկն էլ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն է, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին անդրադառնալով` այն համարեց կոնստրուկտիվ:
Հարցին` ինչպե՞ս կարելի է կոնստրուկտիվ համարել եւ համամիտ լինել Ռ. Քոչարյանի հայտարարությանը, եթե նա մարտի 1-ի քաղաքական պատասխանատուն է, ՍԴՀԿ-ի նախկին անդամն այսպես արձագանքեց. "Հիմա ի՞նչ եք սպասում: Էս մարդը դեմ է խոսում, ես նրան փնովե՞մ: Ի վերջո, մարտի 1-ի պատասխանատուն մենք դեռ չենք որոշել ով է` այսօրվա գործող իշխանությո՞ւնն է, թե՞ երեկվա գնացողը":
Ի դեպ, բոլորովին հակառակ կարծիքի էր Գուրգեն Եղիազարյանը մեկ տարի առաջ` օգոստոսի 29-ի իր հարցազրույցում: "Ես Քոչարյանի հետ համաձայն կլինեի եւ կստորագրեի ցանկացած բառի տակ, եթե չլիներ մարտի 1-ի ողբերգությունը, որի ուղիղ մասնակիցն է նա, եթե ոչ` ղեկավարը: Եթե Քոչարյանը որոշի իր թեկնածությունն առաջադրել գալիք նախագահական ընտրություներում, ես նրան ձայն չեմ տա":
ԱԱԾ նախկին պետի տեղակալը վստահորեն նշեց, որ այս գործընթացների ետեւում չի տեսնում Ռ. Քոչարյանին, այն դեպքում, երբ Քոչարյանը, ում "Ժառանգության" նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը բնութագրեց որպես Դոն, հստակ ցույց տվեց, որ պաշտպանում է ԲՀԿ-ին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

