Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից "Իրավունքը" հետաքրքրվեց` ինչու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ նոր շրջաբերական ուղերձ կազմելու համար այնպիսի հանձնաժողովի կազմ առաջարկել, որտեղ ընդգրկված է նաեւ Վանո Սիրադեղյանը:
Համլետ Հարությունյանը խորհուրդ տվեց Վանո Սիրադեղյանի անձի վրա չկենտրոնանալ, քանի որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած ցուցակում ընդգրկված մարդիկ գիտեն Հայոց ցեղասպանության մասին այնքան, ինչքան ինքը, մենք եւ շատերը: "Այդ ցուցակում պետք է ընդգրկված լինեն հայտնի պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ",- ասաց քաղաքական գործիչը: Պատգամավորին զարմացրել է Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակը, որն ավելի շատ չինովնիկական նախկին ցուցակ է: Արդյո՞ք Վանո Սիրադեղյանին ցուցակում ընդգրկելով` ՀԱԿ առաջնորդը ցանկանում է նորից Սիրադեղյանի վերադարձի հարցն արծարծել: "Կարծում եմ` դա ավելի շատ ռեաբիլիտացիայի ձեւ է",- ասաց պրն Հարությունյանը: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ՀԱԿ առաջնորդը այս նամակով ցույց տվեց, որ անջատվում է Ծառուկյանից ու ԲՀԿ-ից, Համլետ Հարությունյանը հավանական համարեց, բայց չի կարող ասել, որ դա 100%-անոց ճշմարտություն է: "Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի այս քայլը ողջունելի եմ համարում, բայց շատ ուշացած",- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը: