"ԱՅՍ ԱՆՏԱՆԵԼԻ ՀԱՅԵՐԸ" ԿԱՄ ՉԿԱՅԱՑՈՂ ՄԱՅԴԱՆ
Արխիվ 12-16"ԱՅՍ ԱՆՏԱՆԵԼԻ ՀԱՅԵՐԸ" ԿԱՄ ՉԿԱՅԱՑՈՂ ՄԱՅԴԱՆ
Եվ այսպես, չարագուշակ ֆիգուրը` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, որը հայտնի է Կիեւի մայդանչիներին թխվածքաբլիթ բաժանելով, երեւի թե հարկադրված լինի այդ թխվածքաբլիթները թողնել Բաքվում` Երեւան ժամանելուց առաջ: Արդեն պարզ է դարձել, որ Երեւանում Մայդան չի լինելու, եւ հայերը լիովին արդարացնում են բրիտանացի հռչակավոր հետախույզ Լոուրենս Արաբիացու` 100 տարի առաջ տված բնորոշումը` "այս անտանելի հայերը":
ՃԻՇՏ ՊԱՀԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ
ԱՐՎԵՍՏԸ
Իսկ ինչքան լավ էր սկսվում ամեն ինչ` տարածվել էր Գագիկ Ծառուկյանի ելույթը, որ ընդունում է Սերժ Սարգսյանի մարտահրավերը եւ հայտարարում մոբիլիզացիա` արտահերթ ընտրությունների հասնելու համար: "Եռյակի" նիստը 3 կուսակցապետի մակարդակով էլ որոշում կայացրեց փետրվարի 20-ին անցկացնել մեծ հանրահավաք, "Կենտրոն" հեռուստաընկերությունը լցվեց ագրեսիվ քարոզչությամբ, իսկ "կիբերասկյարները" համացանցում հում-հում ուտում էին բոլոր նրանց, ովքեր հեղաշրջման կողմնակից չեն, եւ իրենց ախորժակով ոչնչով չէին զիջում Ծառուկյանի առյուծներին: Թվում էր, թե ամեն ինչ տեղը տեղին է` վճռական առաջնորդ, դժգոհ ժողովուրդ, համահայկական սփռում ունեցող հեռուստաալիք, հզոր հոգեբանական ճնշում այլ կարծիք ունեցողների վրա` լինեն դրանք հայտնի դեմքեր, թե շարքային քաղաքացիներ:
Բայց իշխանությունը ցույց տվեց վճռականություն` գործի դնելու ոստիկանությունը, հարկային մարմինները, արգելելու հանրահավաքը, սկսելու Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը: Գործին խառնվեց Քոչարյանը, սակայն Ռոբերտ Սեդրակիչը ի տարբերություն Գագիկ Կոլյաեւիչի` Սերժ Սարգսյանին իր մենախոսությունում անվանեց ՀՀ նախագահ, այլ ոչ թե "այդ մարդը": Ու թեեւ ՀՀ երկրորդ նախագահի խոսքը ի պաշտպանություն Ծառուկյանի էր, այնուամենայնիվ, դրանում չկար մայդանային այնպիսի կարեւոր տարրը, ինչպիսին էր գործող նախագահի լեգիտիմությունը կասկածի տակ դնելը: Բացի այդ, առեղծվածային "տեխնիկական թերությունների" պատճառով Քոչարյանի հարցազրույցն անհետացավ սկզբնաղբյուրից` 2rd.am կայքից, ու այդպես էլ ետ չեկավ:
Ու երեկ ահա ի հայտ եկավ ԼՏՊ-ի բաց նամակը Սերժ Սարգսյանին, ուր ՀՀ առաջին նախագահը գործնականում նույնպես ընդունեց Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները` խնդրելով հանդիպում` ապրիլի 24-ին ընդառաջ: Իսկ ի՞նչ է նշանակում դա` մի պարզ բան, որ ԼՏՊ-ի համար ակնհայտ է, որ ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանը ղեկավարելու է երկիրը: Եվ հետաքրքիր է, որ իր բաց նամակում Լեւոն Ակոպիչը խոսում է "հայ-թուրքական հարաբերություններից", այն էլ մեկ օր անց այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները "գրողի ծոցն" ուղարկեց` դրանք հետ կանչելով ԱԺ-ից: Դե ինչ, Ռոբերտ Սեդրակիչը չկիսեց ԲՀԿ-ի այն տեսակետը, որ ՀՀ նախագահը ընդամենը այդ պաշտոնը զբաղեցնող է եւ պետք է հեռացվի, իսկ Լեւոն Ակոպիչն էլ նախընտրեց ճիշտ ժամանակին դավաճանել Ծառուկյանին, երեւի թե առաջնորդվելով այն ցինիկ ասացվածքով, որ ժամանակին դավաճանելը նշանակում է կանխատեսել:
Դե, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանից ու նրա կուսակցությունից առհասարակ ձայն ու ծպտուն չեկավ: "Ժառանգության" անունից հեռուստաեթերում խոսում էր ինչ-որ դեղնակտուց "քաղաքագետ", ԲՀԿ-ից միշտ հեռու մնացող Զարուհի Փոստանջյանն էլ առաջարկեց դաժան թեստ` թող նախ ԲՀԿ-ն ու մյուսները խոստանան, որ իշխանափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանին դատելու են որպես հանցագործ: Արմատական դիրքերից հանդես եկող Նիկոլն էլ կուլ չտվեց հեղաշրջման սցենարին աջակցելու խայծը` նշելով, որ եթե ԲՀԿ-ն ու մյուսները նախաձեռնեն ՀՀ նախագահի իմպիչմենտի գործընթաց, ապա միգուցե եւ կմիանա:
ԵՐԿՆՔԻՑ ԸՆԿԱՆ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ
ԲՀԿ-ականների հետապնդումների վերաբերյալ հայտարարություններն ու լացուկոծը հասան նաեւ միանգամայն սորոսական իրավապաշտպան գրասենյակներին, վերջիններս հանդես եկան հայտարարությամբ, սակայն օմբուդսմենին հասավ ընդամենը մեկ ահազանգ: Ոստիկանությունն էլ մանրակրկիտ տեղեկացրեց, որ մեկի հյուրանոցում մարմնավաճառների են հայտնաբերել, մյուսի մոտ` ապօրինի զենք, երրորդը հարբած վիճակում սկսել էր սեփական տան կահ-կարասին ջարդուխուրդ անել, չորրորդը... Կարճ ասած, մաքուր կրիմինալ դրվագներ: Դե ինչ արած, այդ կուսակցությունը, մեղմ ասած, անթերի կադրերով չէ, որ համալրված է, եւ ընդհանրապես դա ապաքաղաքական տարրերի հավաքածու է, ովքեր ընդամենը տանիք են փնտրում սեփական խոշոր կամ մանր բիզնեսի համար: Ֆորմալ առումով ոստիկանի համազգեստ կրող ծառուկյանական թիկնապահներին էլ միանգամից զինաթափեցին, բացատրելով, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը ազատվում է ոչ պրոֆեսիոնալ կադրերից եւ բերում ավելի պրոֆեսիոնալների:
Իսկ հետո տեղեկատվական դաշտում տեղի ունեցավ շատ հետաքրքիր բան: Հայտնեցին, որ Ռուսաստանից ժամանել է միլիարդատեր Սամվել Կարապետյանը, հանդիպել ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի հետ, եւ հավաստիացրել, որ հեղափոխական ավանտյուրայով մեղքի հիմնական բաժինը Տեր-Պետրոսյանինն է, այլ ոչ թե Ծառուկյանինը, եւ հենց ծերուկն է եփել այդ ամբողջ շիլան: Հետո էլ հանկարծ "Կենտրոնի" եթերից անհետացավ իշխանափոխություն բառը, "կիբերասկյարաները" համացանցում հանկարծ սսկվեցին կամ Աշոտյանի ասած` ամոթից գետինը մտան, եւ... Կատարյալ հրաշք` ՀՅԴ խմբակցության ղեկավարն ու պատգամավորները հայտնեցին սեփական միջնորդական ջանքերի մասին, որպեսզի տեղի ունենա Սերժ Սարգսյանի եւ Ծառուկյանի հանդիպումը: Դաշնակներն ասում են, որ հանդիպումը կայացել է, ՀՀԿ-ն դա չի հաստատում, բայց փաստ է, որ մայդանային, հեղափոխական մթնոլորտը իսպառ անհետացել է: Դե ինչ, ՀՅԴ-ին բաժին է հասնում "քաղաքացիական բախումները կանխողի" դափնեպսակը, ինչը հույժ օգտակար է վարկանիշի համար, ԲՀԿ-ական պատգամավորների փախուստը կուսակցությունից կանգ է առնում, ՀՀԿ-ն էլ ազատվում է Մայդան վնասազերծելու գլխացավանքից: Իսկը որ հեքիաթի` երկնքից ընկած երեք խնձորի տարբերակն է...
Սակայն ամեն ինչ շատ պարզ է: Զորօրինակ, նույն Ծառուկյանը Մոսկվայում չկարողացավ ստանալ բարձրաստիճան պաշտոնյաների բարոյաքաղաքական աջակցությունը, փոխարենը` Կրեմլի խոսափող համարվող ԶԼՄ-ներում նա բնութագրվեց որպես մայդանչի, եւ նույնիսկ ռուս ընթերցողի համար թարգմանեցին նրա մականունը: Իսկ բուն Հայաստանում նա այն պահին, երբ Սերժ Սարգսյանը հնչեցրեց իր կոշտ հայտարարությունը, պատրաստ չէր անհապաղ գրավել Ազատության հրապարակը ու սկսել գործընթացը: Իսկ մեկ շաբաթ անց հանրահավաք նշանակելը անխուսափելիորեն պետք է հանգեցներ իշխանության նախահարձակ գործողությունների, ինչը եւ տեսանք: Ասում են, թե "ԲՀԿ+" կառույցը ծրագրում էր իր գործընթացն սկսել մարտի կեսերին, եւ Տրնդեզի օրով ամբողջովին անպատրաստ էր...
Ինչեւէ, բնականաբար, ուժի մեջ է ՀՀ նախագահի խոսքը, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Եվ դա նշանակում է մի բան` Գագիկ Ծառուկյանը չի գլխավորելու ԲՀԿ-ն` լինի դա գեղեցիկ հիմնավորումով հրաժարական ներկայացնելով, թե հակառակ պարագայում բանտախուց ուղեւորվելով: Ավելին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքում հստակ հնչեց իմպերատիվը, որ օլիգարխիան չպետք է ունենա քաղաքական լծակներ: Եվ, ի դեպ, ԲՀԿ-ից հեռացածներից Մելիք Մանուկյանը (Շշի Մելոն) հրաժարվեց իր պատգամավորական մանդատից, թեեւ ժամանակին ընտրվելու վրա ծախսել էր մի պարկ փող... Այսինքն` ստեղծվել է դրվացք, որ խոշոր գործարարին պատգամավորական մանդատը ոչ թե լրացուցիչ երաշխիքներ ու հնարավորություններ է տալիս, այլ կարող է գլխացավանք էլ դառնալ:
Բնականաբար, հարց է ծագում, թե ինչ ճակատագիր կունենա ԲՀԿ-ն` որպես կուսակցություն: Պարզ է, որ շատերը այն լքելու են: Պարզ է նաեւ, որ վերջապես այդտեղ պետք է կողմնորոշվեն, թե ինչ գաղափարախոսություն են դավանում, իսկ կուսակցության գլուխ կանգնի քաղաքական դեմք: Դժվար թե, դա լինի անձամբ Ռոբերտ Քոչարյանը, բայց անկասկած, պետք է ակնկալել, որ լինելու է նրա շրջապատի մարդ:
Իսկ ԼՏՊ-ն, ըստ էության, վայելելու է սեփական` "ժամանակին ծախելու" քայլի պտուղները: Քանզի ԲՀԿ-ի ազդեցությունը կտրուկ նվազելու է, ապա ՀԱԿ-ին բաժին է հասնելու թիվ 1 ընդդիմադիր ուժի կարգավիճակը: Փաստորեն, ծեր աղվեսը ԲՀԿ առաջնորդին տարավ ծովը ու ծարավ հետ բերեց:
Երկնքից երեք խնձոր ընկան... Հայաստանում ամբողջովին խափանվեց մայդանային տեխնոլոգիան, որը այլ երկրներում դեռ գործնականում չէր տապալվել, կամ առնվազն գոնե քաղաքացիական պատերազմի է հանգեցրել, ինչպես օրինակ` Սիրիայում: Տիկին Նուլանդը ձեռնունայն է գնալու մեր երկրից: Իսկ Լոուրենս Արաբիացին անդրաշխարհում քմծիծաղ է տալու, որ հայերի վերաբերյալ բացարձակ չի սխալվել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

