«ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԱՊԱԳԱ ՉԷ»
Արխիվ 12-16«ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԱՊԱԳԱ ՉԷ»
Ըստ բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ` օրերս նախագահն իր կոշտ ու կտրուկ ելույթով ժողովրդին առաջարկում էր բարեգործական մուրացկանությունից տեղափոխվել արժանապատիվ աշխատանքի եւ բարեկեցիկ կյանքի: «Իրավունքի» հետ զրույցում բանաստեղծը համամիտ էր նախագահի այն խոսքին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները:
- Նախագահը պետությանը, ժողովրդին առաջարկում է բարեգործական մուրացկանությունից տեղափոխվել արժանապատիվ աշխատանքի եւ բարեկեցիկ կյանքի: Այսինքն` բարեգործական մուրացկանությունը երկրի համար ապագա չէ, եւ առաջարկում է, որ ամեն մարդ իր գործով զբաղվի, քաղաքական դաշտը մաքուր լինի քաղաքական գործիչների համար` ասպարեզը տրամադրված լինի քաղաքական գործիչներին:
«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՐ ՇԱՀԻ ԳԻՏԱԿՑՈՒՄԸ ՉՈՒՆԻ»
- Արդեն խոսվում է առաջիկայում հանրահավաքի, նստացույցի մասին, մտավախություն չկա՞, որ մայդանի ու Մարտի 1-ի կվերածվի:
- Ճիշտ է, գտնում եմ, որ այդպիսի ելույթ ունեցողը եւ հայտարարություն անողը պետք է որ նախապատրաստված լինի բոլոր տեսակի խնդիրների համար, բայց միաժամանակ թեթեւ մտավախություն կա մեջս, որ մեր ժողովուրդը իր շահի գիտակցումը չունի: Չի ունեցել էն գլխից` անկախությունից ի վեր` նախագահներ, պատգամավորներ ընտրելիս, եւ հիմա էլ կարող է այդպես մակերեսային ձեւով, խոստումների հետեւից վազելով` դուրս գա հրապարակ: Բայց, տա Աստված, որ սադրանքներից հեռու մնան եւ զուր տեղը բաներ չանեն: Երբ ժողովրդին ասում ես` այս հարստությունը նրանց որտեղի՞ց է կուտակվել, ասում են` դե, փշրանքները տալիս են մեզ: Մեր ժողովուրդը սովորել է, էլի, մուրացկանությանը: Ըստ էության, տխուր է վիճակը, հուսամ, որ առողջ տրամաբանությունը եւ բանականությունը որոշ չափով կօգնի, որպեսզի նրանք հեռու մնան այդ տեսակ սադրանքներից: Մեր պետությունը կազմավորման շրջանում է, մեր գլխավոր գործը մեր հայրենիքը, Ղարաբաղի անկախությունը պաշտպանելն է: Իսկ մնացածը, ինչ-որ առաջնահերթություններ է հռչակել հանրապետության նախագահը` գյուղատնտեսությունը, գյուղացիական, աշխատավորական դասակարգը վերականգնելը, շատ կարեւոր խնդիրներ են: Էլի եմ կրկնում, թող բերեն ու այդ ամբողջ հարստությունը դնեն, գյուղը վերականգնեն, էլ ո՞վ դրսից արտաքին պարտքի մասին կմտածի: Ոչ թե ասեն` իշխանությունն էլ տվեք, մնացածը ձեր գործը չէ:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունքում»:

