"ԱՌՀԱՍԱՐԱԿ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱ"
Արխիվ 12-16"ԱՌՀԱՍԱՐԱԿ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱ"
ՀՀ նախագահի կոշտ ու կտրուկ ելույթից հետո որոշակի քաղաքական փոփոխությունները շոկի մեջ են գցել բոլորին, այդ թվում նաեւ մշակույթի գործիչներին: Ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑՆ "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ փորձում է ինքն իր համար էլ դեռ չմեկնաբանել վերջին իրադարձությունները.-Որովհետեւ դեռ չեմ տեսնում արդյունքը, եւ թե ինչ է մեզ սպասվում: Իսկապես, շատ անսպասելի իրադարձություններ էին: Կարծում եմ` քաղաքական համակարգը, որն այսօր ունենք, ցավոք սրտի, պետք է վերաբերի բոլորին` առհասարակ օլիգարխիան մեր երկրից պետք է վերանա, դա ահագին կօգնի երկրի զարգացմանը:
"ԲՈԼՈՐՍ ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐ"
-Այսինքն` Դուք էլ եք այն կարծիքին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները:
- Քաղաքականությամբ միգուցե կարող է զբաղվել ցանկացած մարդ, այսօրվա դրությամբ ցանկացած մարդ հենց դանով էլ զբաղվում է: Հասարակության զգալի զանգված, իրեն թույլ է տալիս մեկնաբանել կամ եզրակացություններ անել, ինչն արդեն թրենդ է դարձել, բոլորս դարձել ենք քաղաքագետներ: Զբաղվել քաղաքականությամբ` միգուցե կարելի է, բայց ճակատագիր որոշելը, կարծում եմ, շատ ավելի լուրջ է, սա երկրի ճակատագիրն է:
"ՆՈՒՅՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷԻՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԵՐԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ"
-Այնուամենայնիվ` 100-րդ տարելիցին ենք մոտենում, ու շատերը հենց ասում են, որ այս պահին նման կտրուկ քայլերի անհաժեշտությունը չկար:
- Գուցե արժեր կամ չարժեր, բայց նույն ընդդիմադիր ուժերը պատրաստվում էին ապրիլի 24-ին երթեր կազմակերպել, ինչն ընդհանրապես անընդունելի է: Հարթակում կարծում եմ` շատերն են ե՛ւ սխալվում, ե՛ւ ճիշտ գործում, բայց ընդհանուր առմամբ հասարակությունը եւ ամբողջ երկիրը շատ ծանր շրջան է ապրում: Հուսով եմ, որ պատվով դուրս կգան բոլոր ուժերը ու թույլ չեն տա, որ այդ ամենը ինչ-որ ցնցումների վերածվի: Առաջին քայլը առհասարակ պետք է լինի այն, որ մականուններով մարդիկ վերանան ԱԺ-ից, Կառավարության տաբեր կառույցներից: Այդ մականունավոր մարդիկ, եթե չունենան լծակներ, կարծում եմ, ճիշտ կլինի, որից հետո կլինեն էլի քայլեր ու հանրապետությունում մարդկանց մի զգալի հատված կզրկվի այն ամենից, ինչի իրավունքը ունի, կարծում եմ` դա լավ տենդենց է:
"ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ` ՊԵՏՔ Է
ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵՆՔ"
-Միշտ էլ մտավորականությունը երկրի համար դժվարին պահերին, ժողովրդի կողքին լինելով` ասել է իր կարծիքը, այսօր կարծես մի տեսակ ջայլամային քաղաքականություն են վարում:
- Կարծում եմ, որ դա ջայլամային քաղաքականություն չէ, ուղղակի տեղեկատվությունն է ավելի շատ աղավաղված: Այն ինֆորմացիան, որը կարող ենք ճիշտ ընդունել, քաղում ենք տարբեր լրատվամիջոցներից, որը շատ անգամ կեղծ կամ անհեթեթ լրատվություն է լինում: Հասարակությունը ճիշտ ինֆորմացված չէ այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում: Կարծում եմ` իշխող ուժերը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինեն հասարակության նկատմամբ եւ մեկնաբանությունների տեսքով տեղյակ պահեն այն ամենից, ինչ կատարվում է: Իհարկե, չեմ ասում բացահայտել բոլոր քարտերը, ինչն անհնար է, բայց պաշտոնական բացատրություները պետք է ավելի շատ լինեն. այդ դեպքում մարդկանց հեշտ կլինի կողմնորոշվել, այլ ոչ թե այստեղից ու այնտեղից լսելով` ինչ-որ կարծիք ստեղծեն: Միշտ լավատես եմ եղել եւ կարծում եմ, որ այն ամենը, ինչ կատարվում է, լավ արդյունքների կբերի, համենայնդեպս` հուսով եմ: Մեր իրավիճակում` հարեւաններին հաշվի առնելով` պետք է շատ զգույշ լինենք եւ ուշադիր` բոլորս իրար նկատմամբ:
ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
"ԱՆԱՀԻՏԸ" ՑՈՒՑԱԴՐՎԻ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
-Պարոն Սահակյանց, խոսենք նաեւ "Անահիտ" մուլտֆիլմի մասին, որը շատ քննադատվեց, ինչ է թե, մի փոքր ժամանակակից տարրեր եք մտցրել ֆիլմում:
- Չէի ասի, որ շատ են քննադատությունները, հակառակը` միշտ էլ ասել եմ` այդ ֆիլմը նախ երեխաների համար է, եւ շատ կարեւոր է, որ երեխաները տեսնեն եւ հասկանան, որ իրենց համար էլ մտածողներ ու ստեղծագործողներ կան այս երկրում: Թող դա պաթոսային չհնչի, բայց իրոք այդպես է, եւ ուրախ եմ, որ երեխաների շատ փոքր տոկոսն է, որ չի հավանել այդ աշխատանքը: Մեծերի գնահատականը շատ սուբյեկտիվ է, իսկ երեխաներինը` ավելի պարզ ու անկեղծ: Այն, ինչ մենք տեսնում ենք մարզերում եւ Երեւանում, կարծում եմ` ֆիլմը հաջողվել է: Ցանկացած հարցի, որը քննադատում է ֆիլմը, պատրաստ եմ պատասխանել ու բացատրել, թե ինչու է արվել այս կամ այն ռեպլիկը, դրվագը: Բայց պիտի ասեմ, որ այդ քննդատությունները գնալով քչանում են, ինչի համար շատ ուրախ եմ:
- Իսկ դրսում այն ցուցադրելու որեւէ պլաններ կա՞ն:
- Աշխատանքները տարվում են, Միացյալ Նահանգներում պետք է ցուցադրվեր հունվարին, սակայն խնդիր եղավ` չկայացավ ինչ-ինչ պատճառներով: Հիմա նախ փառատոների ընտրության փուլում ենք եւ աշխատում ենք այն ուղղությամբ, որ ֆիլմը ի վերջո ցուցադրվի Ռուսաստանի Դաշնությունում` ռուսերեն թարգմանությամբ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

