"ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ Է, ԹԵ ՈՆՑ ՐՈՊԵՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԱԼԱՆԵՑԻՆ ՏՈՒՆՍ"
Կոտայքի մարզի Հանքավան գյուղում փետրվարի 15-ի կեսգիշերն անց ավազակային հարձակում է տեղի ունեցել: Դիմակավորված, նռնակով ու դանակներով զինված երկու անձ ներխուժել են գյուղացիներից մեկի տուն եւ գումար պահանջել: Տանը միայն տանտիրուհին է եղել, ում դանակով սպառնացել են, վնասվածք հասցրել դեմքին, ապա ստացել գումարն ու հեռացել: Տանտիրուհին դիմել է իրավապահներին, հանգամանքները պարզվում են: Հանցագործները դեռեւս չեն հայտնաբերվել:
Մենք փորձեցինք զրուցել տանտիրուհու` տիկին Զոյայի հետ, սակայն վերջինս ահավոր հոգեկան վիճակում էր եւ դեպքի մասին անգամ հիշելիս` արտասվում էր ու ասում. "Ուղղակի աննկարագրելի է, թե ոնց րոպեների ընթացքում թալանեցին տունս": Թե ով կարող էր նման բան անել, մեզ հետ զրույցում տիկինն ասաց. - Հիմա մենք էլ ենք այդ ուղղությամբ մտածում: Կա մեկը, ում վրա կասկածում ենք, մնում է, որ իրավաահները պարզեն, թե արդյոք դա այն մա՞րդն է եւ մենա՞կ է գործել, թե` ոչ: Պարզ է, որ իմացող մարդ է եղել, տեղեկացված են եղել, որ տանը մենակ եմ, անօգնական` ինսուլտ տարած: