"ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ",- ՊՆԴՈՒՄ Է ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒ ՓԱՍՏԱԲԱՆԸ
Արխիվ 12-16"ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ",-
ՊՆԴՈՒՄ Է ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒ ՓԱՍՏԱԲԱՆԸ
Ինչպես հայտնի է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել): Այս գործով ձերբակալվել է ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը: Իսկ ահա բուն սպանության գործով, ինչպես եւ ենթադրվում էր, կալանավորված չորս կուրսանտներն իրենց մեղավոր չեն ճանաչում:Ավելին. ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Զարմիկ Մարկոսյանի սույն գործով թիվ 1 կասկածյալ որդու` Գնել Թեւոսյանի որդու փաստաբանը` Արա Զաքարյանը, մեզ հետ զրույցում մինչեւիսկ պնդեց. "Կոնկրետ իմ պաշտպանյալի նկատմամբ խորթ մեթոդներ են կիրառվել քննչական մարմնի կողմից: Գնել Թեւոսյանի նկատմամբ, մինչ "Նուբարաշեն" ՔԿՀ տեղափոխելը, քննչական մարմնի կողմից բռնություն է դրսեւորվել` ցուցմունք կորզելու համար": Միայն թե. "Ուղղակի վնասվածքներ` որպես այդպիսին, մարմնի վրա տեսանելի չեն մնացել": Բայց նաեւ. "Մինչ կալանավորելն ու դրանից հետո իմ պաշտպանյալի նկատմամբ որեւէ քննչական գործողություն, այդ թվում առերեսում, չի կատարվել: Այն դեպքում, երբ նման գործերով քննչական մարմինը պարտավոր էր դեպքից հետո առերեսում կատարել, սակայն մինչ այժմ ընդամենը երկու փորձաքննություն է նշանակվել":
- Իսկ ի՞նչ կասեք Ձեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի մասով:
- Իմ պաշտպանյալը առհասարակ դեպքի վայրում եղել, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ ես հուսով եմ, որ շատ շուտով իմ պաշտպանյալը անմեղ կճանաչվի: Անկեղծ ասած, այս պահին չեմ կարող կողմնորոշվել, թե ում է ձեռնտու եղել, որ այս գործը բարդեն իմ պաշտպանյալի վրա, բայց հուսով եմ ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը կգա, եւ բոլորին էլ պարզ կդառնա, թե ում շահերից է բխել նման ցուցմունքներ կորզելը:
- Իսկ ի՞նչ հարաբերություններ է ունեցել Ձեր պաշտպանյալը Հայկազ Բարսեղյանի հետ:
- Իմ պաշտպանյալը ճանաչել է Հայկազին եւ մտերիմ է եղել նրա հետ այնքան, որքան մյուս համակուրսեցիների հետ, ունեցել է նորմալ, սովորական հարաբերություններ: Որեւիցե խնդիր` իմ պաշտպանյալի եւ տուժողի միջեւ, երբեւիցե չի եղել: Նա դեպքի վայրում չի եղել, ինչպես որ նշեցի. դեպքի պահին նա քնած է եղել: Առավոտյան, երբ արթնանալու հրաման է եղել, տեղեկացել է, որ կուրսանտը չկա. հետո փնտրել գտել են: Թե ինչ հիմքեր ունեն քննիչներըª Գնելին մեղադրանք առաջադրելով, ես տեղյակ չեմ: Համենայնդեպսª իմ խորին համոզմամբ, Գնելի վերաբերյալ քննչական մարմինը ոչ մի օբյեկտիվ տեղեկություն չի կարող ունենալ, իսկ եթե ինչ-որ մեկը Գնելի դեմ ցուցմունք է տվել, ապա դա իր հոժար կամքով չի տվել:
- Դեպքի հաջորդ օրը սպանված կուրսանտի հարազատները լրատվամիջոցներով ասացին, որ ձերբակալվածները, այսպես ասած, "խարոշի տղերք էին" ինստիտուտում, եւ փորձում էին իրենց ենթարկեցնել նաեւ Հայկազին: Իսկ քանի որ վերջինս չի ենթարկվել իրենց, փորձել են այդ կերպ հաշվեհարդար տեսնել:
- Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, Գնելը "խարոշի տղու" կարգավիճակ չի ունեցել, ոչ էլ ցանկություն է ունեցել ունենալու: Կարծում եմª այդ լուրերը տարածում են զուտ նրա համար, որ Գնելի հայրը փոխգնդապետ է, եւ այդ առթիվ փորձում են ինչ-որ մի տրամաբանություն ցույց տալ:
Ամեն դեպքում, եւս մեկ անգամ ընդգծենք, որ հիմնական կասկածյալիª Գնելի անմեղության մասին է խոսում նրա փաստաբանը, ում մասնագիտական պարտքն է իր պաշտպանյալին մինչեւ վերջ անմեղ ներկայացնելը: Իսկ թե ինչքանով այս պաշտպանական ռազմավարությունն իրեն կարդարացնի, կտեսնենք` քննության հետագա ընթացքից եւ սպասվող դատավարության արդյունքից ելնելով: Եվ չմոռանանք նաեւ, որ խնդիրը մեր ազգային բանակի սերուցքըª սպայակազմը, պատրաստող կառույցի մասին է: Իսկ սա պարտադրում է, որ ինչպես նախաքննության, այնպես էլª դատավարության փուլում որեւէ մութ, չպարզաբանված հարց չմնա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

