ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՆԱԽԿԻՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՑ Է ԿԱԶՄՎԱԾ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՆԱԽԿԻՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՑ Է ԿԱԶՄՎԱԾ»
Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ նոր շրջաբերական ուղերձ կազմելու համար այնպիսի հանձնաժողովի կազմ առաջարկել, որտեղ ընդգրկված է նաեւ Վանո Սիրադեղյանը: Համլետ Հարությունյանը խորհուրդ տվեց Վանո Սիրադեղյանի անձի վրա չկենտրոնանալ, քանի որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած ցուցակում ընդգրկված մարդիկ գիտեն Հայոց ցեղասպանության մասին այնքան, ինչքան ինքը, մենք եւ շատերը: «Այդ ցուցակում պետք է ընդգրկված լինեն հայտնի պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ»,- ասաց քաղաքական գործիչը:
Պատգամավորին զարմացրել է Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակը, որը ավելի շատ չինովնիկական նախկին ցուցակ է:
Արդյոք Վանո Սիրադեղյանին ցուցակում ընդգրկելով ՀԱԿ առաջնորդը ցանկանում է նորից Սիրադեղյանի վերադարձի հարցն արծարծել: «Կարծում եմ` դա ավելի շատ ռեաբիլիտացիայի ձեւ է»,-ասաց պրն Հարությունյանը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ՀԱԿ առաջնորդը այս նամակով ցույց տվեց, որ անջատվում է Ծառուկյանից ու ԲՀԿ-ից, Համլետ Հարությունյանը հավանական համարեց, բայց չի կարող ասել, որ դա 100%-անոց ճշմարտություն է: «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի այս քայլը ողջունելի եմ համարում, բայց շատ ուշացած»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

