Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը:
Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության եւ պատմության խմբագրման քաղաքականությունը: Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում` 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված "Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին" եւ "Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին" արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ: