Երեկ "Ազդակ" լրագրողական ակումբի հյուրերն էին "Ազգային արժեքների պահպանման ճակատ" հասարակական կազմակերպության նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ եւ "Սոցիալիստական շարժման" ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ:
Լրագրողների հետ զրույցում Ս. Աղաջանյանը նշեց, որ արդեն 5-6 ամիս է սկսել են պայքար Հայաստանում գործող քայքայիչ աղանդների դեմ, մասնավորապես` "Եհովայի վկաների". "Եհովայի վկաները" չեն ընդունում պետական դրոշը, զինանշանը, այսինքն` իրենք նախ` Եհովայի վկա են, հետո նոր` Հայաստանի քաղաքացի, իրենք չեն էլ ընդունում, որ հայ են, "հայ" հասկացությունը չկա իրենց մեջ": Ի դեպ, ըստ բանախոսի, ասվածը իր հետ զրույցում հաստատել է նաեւ "Եհովայի վկաների" ներկայացուցիչ Արմեն Հակոբյանը: Դրա համար էլ "Ազգային արժեքների պահպանման ճակատ" հասարակական կազմակերպությունը, որին միացել են եւս մի քանի կազմակերպություններ, ընտրել են պայքարի յուրատեսակ ձեւ. "Փողոցում շրջում ենք եւ քարոզ իրականացնող կրոնական կազմակերպությանը հորդորում, որ քարոզ չիրականացնի: Վերջին անգամ երկու օր առաջ ենք նման դեպք արձանագրել, իրենց ուղարկել ենք իրենց կազմակերպության գրասենյակ, որպեսզի հասարակական վայրում քարոզ չիրականացնեն: Վերջերս էլ հայտարարեցինք, որ գաղափարական պատերազմ ենք հայտարարում Եհովայի վկաների դեմ: Մեր խնդիրը հետեւյալն է` կոչ ենք անում մի շարք հասարակական կազմակերպությունների, որոնք այսօր ռեալ գործում են, միանան այս պայքարին": Ավելին` արդեն իսկ նախաձեռնության հեղինակներն ունեն հստակ մշակված ծրագիր, որով էլ առաջնորդվելու են այս պայքարում: