"ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ, ՈՐ ԱՅԴ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ"
"Հիմնադիր խորհրդարան" կոչվող քաղաքացիական նախաձեռնությունը, որը "100-ամյակն առանց ռեժիմի" կոչերով է հանդես գալիս ու վերջերս աչքի ընկավ` Արցախում բախում ստեղծելով` ԼՂՀ ոստիկանության հետ, օրերս հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. "Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իրեն թույլ է տվել զրպարտիչ եւ վիրավորական արտահայտություններ` "Հիմնադիր խորհրդարանի" եւ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին:
Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ "Հիմնադիր խորհրդարանի" անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով: "Հիմնադիր խորհրդարանը" եւ ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գ. Մելիքյանի համապատասխան հայցադիմում ներկայացնել դատարան` հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու եւ զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով": Այս մասին "Իրավունքը" փորձեց պարզաբանում ստանալ պարոն ՄԵԼԻՔՅԱՆԻՑ, ով նշեց. "Ես որեւէ տեղեկություն չունեմ, կարծում եմ, որ պետք է հիմնավոր փաստաթղթեր ներկայացնեն, որ իրենք այդ գումարները նման երկրներից չեն ստացել":