"ՖՈՐՄԱԼ ՂԵԿԱՎԱՐԻ" ԻՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՐԴՈՂՆԵՐԸ
Արխիվ 12-16"ՖՈՐՄԱԼ ՂԵԿԱՎԱՐԻ" ԻՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՐԴՈՂՆԵՐԸ
Իզուր չէր, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստին Գագիկ Ծառուկյանին քանիցս բնորոշեց որպես ԲՀԿ-ի "ֆորմալ ղեկավար": Իսկ թե "ոչ ֆորմալը" ով է` երեւաց երեկ, երբ խոր լռությունից լսվեց Ռոբերտ Քոչարյանի ձայնը` ի պաշտպանություն ԲՀԿ "ֆորմալ առաջնորդի": Բայց ամեն ինչի մասին` հերթով:
ԲՀԿ-ին հեղափոխական ցնցումների նպատակով օգտագործելու փորձերը սկիզբ են առել դեռ 2012-ի վերջից, երբ նախապատրաստվում էր ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը: Թեեւ քիչ չէին "համոզողները", սակայն Գագիկ Ծառուկյանն այն ժամանակ ձեռնպահ մնաց առաջադրվելուց` երեւի թե զգացել էր կամ նրան տեղյակ էին պահել, որ նախագահական մրցավազքի ֆինիշ հասնելու շանսերը զրոյին մոտ են, եւ իր բարձրացրած ալիքի վրա գալու է միանգամայն այլ դերակատար, ում համար մարդկային կյանքերի ու ճակատագրերի իրական գինը երեւակվեց 2008-ի մարտի 1-ին` Ռոբերտ Քոչարյանը... Օսկանյանի առաջադրումն էլ չկատարվեց, քանզի դա բավականաչափ ռեզոնանս չէր կարող ապահովել, դե, իսկ ծեր աղվես ԼՏՊ-ն էլ գերադասեց չխառնվել այն խաղին, ուր թիվ մեկ դերակատար դառնալու հավանականությունը զրոյին մոտ էր:
Սակայն 2013-ի դերակատարները կրկին ասպարեզում են: Այսպես, Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձից հետո նրան` նախագահական ընտրությունները հետաձգելու իր սահմանադրական հնարավորությունից օգտվելուն դրդող Կարո Եղնուկյանն այժմ "Հիմնադիր խորհրդարանի" ամենաակտիվ դեմքերից է, եւ հասցրեց լավ էլ երեւակվել Բերձորի անկարգությունների ժամանակ:
Իսկ այժմ... Ծառուկյանի ընթերցած տեքստում դեռ փետրվարի 5-ին հիշատակվեցին արտահերթ ընտրությունները, եւ դա կրկնվեց նաեւ նրա անունից տարածված տեքստում փետրվարի 13-ին: Թե տեքստերի իրական հեղինակն ով էր, եւ ինչու փետրվարի 13-ի տեքստը Ծառուկյանի կողմից հնչեցնելու տեսանյութեր այդպես էլ չհրապարակվեցին, դա այլ հարց է: Պարզ է, որ ՀՀ նախագահն իզուր չէր հիշատակել "ֆորմալ ղեկավարի" հանգամանքը, "ոչ ֆորմալը" ի հայտ եկավ երկուշաբթի, երբ արդեն գործարկել էին որոշակի գործընթացներ: Այն է` ոստիկանության թիկնազորային ծառայությունից հեռացվել են մարդիկ, ովքեր զուտ ֆորմալ առումով ոստիկան էին, իսկ իրականում` ԲՀԿ առաջնորդի մարդիկ, նաեւ սկսվեց ԱԺ-ում բացակայությունների համար ԲՀԿ առաջնորդի եւ ոչ միայն նրան մանդատից զրկելու գործընթացը, ու նաեւ գործի անցան հարկային եւ քրեական դրվագները ստուգող համապատասխան պետական օղակները:
Ու հնչեց ուղղակի շանտաժը` արդեն Ռոբերտ Քոչարյանի շուրթերից. "Արդյո՞ք իշխանությունները ելք ունեն այս իրավիճակից: Կարծում եմ` դեռեւս ունեն: Կանգ առնել եւ չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության` ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն: Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում եւ ԲՀԿ-ին ու ընդհանրապես` ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետեւանքներն անկանխատեսելի են":
Ի դեմս Քոչարյանի` արտահայտվեց նա, ով ոչ թե ֆորմալ, այլ` իրական ղեկավար է ԲՀԿ կոչվող կառույցում: Բնականաբար, ՀՀ երկրորդ նախագահին թեւավորողը չէր կարող Մոսկվան լինել, քանզի արդեն հայտնի է, որ Ծառուկյանին Մոսկվայում այդպես էլ չհաջողվեց տեսակցել որեւէ քչից-շատից բարձրաստիճան մեկի հետ: Բայց քանի որ միեւնույնն է, մայդանային հանրահավաքներ սկսելու որոշումը կայացվեց, նշանակում է, որ Ռոբերտ Սեդրակիչի հիմնադրած եւ նրա կողմից փաստացի ղեկավարվող ուժը արտաքին աջակցություն ունի: Թե ում կողմից` պարզ դարձավ նրանից, որ փետրվարի 18-ին ժամանում է մայդանների սիմվոլը` նույն Կիեւի մայդանչիներին թխվածքաբլիթ բաժանող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը:
Ինչ վերաբերում է փետրվարի 20-ին ծրագրված "համահայկական հանրահավաքին", ապա դա մերժվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից: Եվ դա միանգամայն ճիշտ որոշում է: Այսպես. ԲՀԿ երիտասարդ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ դաժան ծեծի առնչությամբ քննիչները խուզարկություն, տեղազննություն եւ քննչական փորձարարություն են անցկացրել ԲՀԿ օլիգարխ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի օբյեկտում, ուր ըստ քննչական վարկածի` պահվում էր առեւանգված ակտիվիստը: Իսկ պատգամավորի որդին Արթուր Մանուկյանը, գործի առնչությամբ հարցաքննվելուց հետո, ըստ մամուլի, շտապել է անհապաղ լքել հանրապետության տարածքը: Հիմա հարց` եթե սույն թիմն ընդունակ է սեփական ակտիվիստի հետ այդպիսի բան անել` միայն թե աղմուկ բարձրացնելու առիթներ ստեղծվեն, ապա արդյո՞ք զրոյի է հավասար հավանականությունը, որ փետրվարի 20-ի հանրահավաքին Ազատության հրապարակում չի կազմակերպվի "սրբազան զոհաբերության" դասական ընթացակարգ, որը ամերիկյան մայդանային ստանդարտ տեխնոլոգիաներից մեկն է: Պարզ է, որ նույնիսկ ամենաառաջին հանրահավաքը պետք է չթույլատրվի` օրենքով նախատեսված ամենակոշտ միջոցների գործադրմամբ, այլապես իրոք միանգամայն սպասելի են Ռոբերտ Քոչարյանի խոստացած "անկանխատեսելի հետեւանքները":
5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԵՎ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ
"ՈՒՐԲԱԹ 13-Ը"
Ուրբաթ 13-ին տեղի ունեցավ ազգային անվտանգության խորհրդի նիստ, սակայն շատերը այդ նիստը դիտարկեցին հիմնականում Գագիկ Ծառուկյանի` այդ խորհրդի անդամի կարգավիճակից զրկվելու համատեքստում: Մինչդեռ, ՀՀ նախագահը շատ կարեւոր բաներ է հնչեցրել այդ նիստին, եւ դրանք վերաբերում են ազգային անվտանգության գլոբալ խնդիրների ապահովմանը: Ահավասիկ, որոշ մեջբերումներ երկրի ղեկավարի խոսքից. "Վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու եւ դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը: Մինչ օրս համապատասխան գործողություններին տրված գնահատականները եւ դրանց առթիվ կատարված վերլուծություններն առավելապես ունեցել են քաղաքական ուղղվածություն: Կարծում եմ, որ այսօր ժամանակն է նման գործողությունները եւ դրանց հետ առնչվող երեւույթները քննարկել նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից: Մեր խնդիրն է գնահատել, թե որքանով են առկա սպառնալիքները վտանգում անձի, հասարակության եւ պետության կենսականորեն կարեւոր շահերը, ձեւավորել ընդհանուր մոտեցում, թե ինչպիսին պետք է լինեն այդ սպառնալիքների չեզոքացման միջոցները": Եվ "իհարկե, այս ամենը պետական իրավասու մարմինների ամենօրյա գործունեության բաղկացուցիչ մասն է: Սակայն երբ նման բացասական երեւույթները միավորվում եւ ծառայեցվում են երկրի ազգային անվտանգությանը հակադրվող շահերի սպասարկմանը, դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի սկզբունքորեն այլ: Թե ինչպիսին, կքննարկենք այսօր":
Այսինքն` պարզ է, որ խնդիր դրվեց չեզոքացնելու 5-րդ շարասյուներին: Ճիշտ է, մեր երկիրը դեռեւս չունի օրենքներ` օտարերկրյա գործակալ կառույցների մասին, դեռեւս օրենքով սահմանափակված չէ օտարերկրյա միջոցներով քարոզչություն իրականացնելու հնարավորությունը, սակայն ե՛ւ գրանտածիծ ՀԿ-ների, ե՛ւ ամերիկյան փողով սնվող այլ կառույցների մեծամասնության գործունեությունում առկա են լրտեսության եւ հայրենիքի դավաճանության հանցակազմերի հատկանիշները, ուստի իրավապահ կառույցները հնարավորություն ունեն զբաղվելու դրանցով: Բացի այդ, քիչ չեն դեպքերը, երբ բացեիբաց կոչեր են հնչում սահմանադրական կարգը բռնի տապալելու համատեքստում, իսկ դա նույնպես համապատասխանում է քրեական օրենսգրքի որոշակի հոդվածների:
Սակայն վերադառնանք ԲՀԿ-ին եւ "ֆորմալ առաջնորդին": Շատերը կենտրոնանալով անձի հանգամանքի վրա` անուշադրության են մատնել երեւույթը, այն էլ երեւույթի համակարգային կողմը: Իսկ ՀՀ նախագահը ՀՀԿ խորհրդի հայտնի նիստին պարզ նշել էր, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Այսինքն` արդեն իսկ կարելի էր ենթադրել, որ ընթանալու է օլիգարխիայի մեկուսացումը քաղաքական լծակներից: Այդ ենթադրությունն էլ ավելի ամրապնդվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կիրակնօրյա հեռուստահարցազրույցից հետո, ուր նա ուղղակիորեն նշեց, որ դա վերաբերում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլ` բոլորին:
Ինչու այս պահին հասունացավ այդպիսի գործընթացը, որը կարելի է նույնիսկ զգուշությամբ կոչել հեղափոխություն վերեւից: ԲՀԿ "ֆորմալ առաջնորդի" առումով պարզ երեւաց կոնկրետ օլիգարխի ներքաշման իրողությունը մայդանային գործընթացների մեջ, թեեւ վերջինիս բիզնեսները սերտորեն կապակցված են ԵՏՄ տնտեսական տարածքին, ինքն էլ համարվում էր նույնիսկ ավելի "ռուսամետ", քան իշխող ՀՀԿ-ն: Ցանկացած օլիգարխ ունի կենսագրության, մեղմ ասած, խոցելի էջեր, եւ եթե դրան գումարվում են նաեւ արեւմտյան բանկերում պահվող գումարներ, ապա նույն Արեւմուտքի կողմից օլիգարխը կարող է ամբողջովին հավաքագրվել: Հետեւաբար, ազգային անվտանգության խնդիր է օլիգարխիայի մեկուսացումը քաղաքական լծակներից: Իհարկե, օլիգարխը, ինչպես եւ ՀՀ ցանկացած քաղաքացի, կարող է լինել կուսակցական եւ այդ չափով առնչվել քաղաքականությանը, սակայն քաղաքական որոշումների վրա էական ազդեցությունը նրա կողմից վտանգավոր է եւ անթույլատրելի: Բացի այդ, օլիգարխիային քաղաքականությունից մեկուսացնելը եթե չարվի հիմա, ապա սերնդափոխությունից հետո դա կլինի անհնարին` ժառանգները չեն ունենա կապիտալի սկզբնական կուտակման կրիմինալ բաղադրիչի "բեռը", գումարած դրան արդեն օրենսդրությունը երաշխավորած կլինի նրանց արտոնյալ քաղաքական վիճակը:
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՃՌՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄ
Չնայած ներքաղաքական ակնհայտ լարվածությանը, ՀՀ նախագահը երեկ կարեւորագույն քայլ կատարեց` ԱԺ ուղարկեց հայ-թուրքական արձանագրությունները` ՀՀ ստորագրությունը չեղյալ համարելու առաջարկությամբ: Հարցը միանգամայն հասունացած է, առավել եւս` 100-ամյակին ընդառաջ: Ու դա այն հարցն է, որի շուրջ չեն կարող լինել տարակարծություններ ո՛չ Հայաստանում, ո՛չ Սփյուռքում, դրան դեմ չի կարող լինել նաեւ որեւէ ընդդիմադիր ուժ, եթե, իհարկե, այդ ընդդիմադիր ուժը թուրքամետ չէ: Ինչեւէ, բացի արտաքին քաղաքական արդյունքից, այդ քայլն ունի եւ որոշակի ներքաղաքական նշանակություն: Այսպես, հենց արձանագրություններն էին ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալու պաշտոնական դրդապատճառը, ու հիմա այդ պատճառն այլեւս գոյություն չունի: Բայց արդյո՞ք ՀՅԴ-ն կվերադառնա կոալիցիա, դա այլ հարց է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

