«ԵԹԵ ԴՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԵՍ, ԴՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Արխիվ 12-16«ԵԹԵ ԴՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԵՍ, ԴՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
«Բացասական եմ համարում ստեղծված իրավիճակը եւ բացասական եմ վերաբերվում նաեւ, որ ԲՀԿ-ն շարունակում է դեռ հանդես գալ ապակառուցողական ելույթներով, հայտարարություններով եւ անընդհատ խոսում է միմիայն իշխանափոխության մասին` այն դարձնելով գերխնդիր: Շատ լավ կլիներ, որ կարողանայինք երկխոսել, կոնսոլիդացվել, գտնել տարբերակ` համախմբվելու, միասին աշխատելու, այլ ոչ թե երկիրը պառակտելու»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր տիկին Կարինե Աճեմյանը եւ հավելեց. «Նայելով ԲՀԿ-ին պատկանող հեռուստաալիքը` «Կենտրոնը», ստեղծվում է տպավորություն, որ մեր երկրում ոչ մի լավ բան չկա: Շատ վատ է լուսաբանվում ու ներկայացվում այն ամենը, ինչն այդքան էլ այդպես չէ: Կան դժգոհություններ, բայց չկա այնպիսի մի ծայրահեղ վիճակ, որը ներկայացնում են իրենք»:
Պատգամավորը նաեւ նշեց, որ երբեւէ ոչ մեկին մականունով չի դիմել, բայց. «Գագիկ Ծառուկյանը մեր երկրում թվով երկրորդ խոշոր կուսակցության նախագահն է, ի տարբերություն մնացածների, ում մասին խոսվում է որպես մականունավորի: Այսինքն` սա շատ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, քան իրենք կարծում են»:
«Ո՞րն էր ԲՀԿ-ի վերջին երեք տարիների իրական նպատակը» հարցին ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ թե՛ կառավարության եւ թե՛ երկրի քաղաքական իրադարձություններին ամենակոշտ գնահատականները տրվել են ԲՀԿ-ի կողմից, մինչդեռ. «Գոյություն ունեն գրված ու չգրված օրենքներ, որոնք հարկավոր է պահպանել: Եթե դու ընդդիմություն ես, ապա հայտարարիր, որ ընդդիմություն ես եւ պայքարդ այդպես տար: Իսկ եթե այլընտրանք ես, ուրեմն դու տեղ չունես Ազգային ժողովում, քանի որ այնտեղ գոյություն ունի հստակ մի գիծ` իշխանություն, ընդդիմություն: Իսկ փորձել մանեւրել մեկ, երկու, երեք տարի, հանդես գալ մի տեսքով եւ հայտարարել, թե` ոչ՛, մենք ընդդիմություն չենք, դա ուղղակի աննորմալ երեւույթ է»:
Ի վերջո պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի թիկունքում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահը, ինչը հաստատեց նրա երեկվա հայտարարությունը, որտեղ Ռ. Քոչարյանը փորձում է «փրկել» Գագիկ Ծառուկյանին. մեր այս դիտարկմանը պատգամավորը հավելեց. «Այո, դա ակնհայտ էր եւ կարծում եմ, որ եթե պարոն Քոչարյանն այդքան անհանգստացած է, որպեսզի ցնցումներ չլինեն, նա առաջին հերթին պետք է դիմի պարոն Ծառուկյանին, որպեսզի նրանք հանդես չգան պառակտիչ հայտարարություններով: Իսկ այս ամենին մենք չէինք կարող չարձագանքել: Հիմա մեղադրել իշխանությանը կամ ՀՀ նախագահին, որ կոշտ է արձագանքում, հակառակը` գտնում եմ, որ այդ արձագանքը համարժեք է եւ նույնիսկ կուսակցությունում դրան ավելի շուտ էինք սպասում»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

