«ՁՆԵՄԱՐԴՈՒԿ- 2015» ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՀԵԾԱՆԻՎՆԵՐ
Արխիվ 12-16«ՁՆԵՄԱՐԴՈՒԿ 2015» ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՀԵԾԱՆԻՎՆԵՐ
Արդեն չորրորդ տարին է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ Ջերմուկում անցկացվում է «Ձնեմարդուկ» փառատոնը, որը հավակնում է դառնալ ավանդական: Այս տարի փառատոնը կանցկացվի փետրվարի 20-22-ը, երեք օրերի ընթացքում փառատոնի կազմակերպիչները խոստանում են, որ Ջերմուկ քաղաքը կպատվի գեղեցիկ եւ հետաքրքիր քանդակներով: Փառատոնի հիմնական նպատակն է Ջերմուկում զարգացնել ձմեռային տուրիզմը, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին եւ առհասարակ Հայաստանի բնակչությանը ցույց տալ, որ Ջերմուկում ձմեռային հետաքրքրությունները բազմազան են:
Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ խոսքով`Հայաստանում անկացվող փառատոները ցույց են տվել, որ հզոր գործիք են պետական քաղաքականության մի շարք կարեւոր խնդիրների լուծման համար.«Համայնքերի զբոսաշրջությունը զարգացնելու, զբոսաշրջությունը հանրապետության մարզեր կենտրոնացնելու հարցում, նաեւ Հայաստանի զբոսաշրջության մրցունակությունը բարձրացնելու, թե′ միջազգային, թե′ ներքին շուկայում: Փառատոները շատ լավ հարթակ են հյուրընկալող եւ շրջակա համայնքներում առկա ռեսուրսների բարձրացման եւ գնահատման համար»,-նշեց Մեխակ Ապրեսյանը: Ըստ նրա` «Ձնեմարդուկ» փառատոնը նպաստում է Հայաստանի զբոսաշրջային սեզոնի երկարացմանը:
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ համանախագահ ՎԱԶԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ տեղեկացրեց, որ այս տարի ձյունե քանդակների պատրաստմանը կմասնակցեն քանդակագործների 4 մասնագիտացված թիմ եւ սիրողական շուրջ 80 թիմեր. «Փառատոնին մասնակցելու համար հատուկ նախապայմաններ եւ տարիքային սահմանափակում գոյություն չունի, միայն պետք է ցանկություն: Մենք պատրաստ ենք գույք տրամադրել այն մասնակիցներին, ովքեր ցանկանում են քանդակներ պատրաստել»,-ընդգծեց Վ. Գալստյանը եւ ավելացրեց, որ նախատեսված է պատրաստել 3 մետր բարձրությամբ քանդակներ.«Այստեղ նույնպես չկա սահմանափակում թեմատիկայի առումով: Կարծում եմ ամեն ինչ ջերմ մթնոլորտում կանցնի, քանի որ ավանդական երգ ու պարը ապահոված է: Փառատոնի հաթողներին էլ վերջում կհանձնենք հեծանիվներ»:
Այս տարի փառատոնին միանալու է նաեւ սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան` նպատակ ունենալով մարզերում եւս զարգացնել հեծանվասպորտը.«Այս ամենի քաղաքականությունը եւ գաղափարը ավելի խորն է, քանի որ քարոզում է առողջ ապրելակերպ: Նպատակ ունենք հեծանվասպորտը մարզերի երիտասարդների համար դարձնել գեղեցիկ զբաղմունք »,-նշեց ֆեդերացիայի նախագահ ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԸ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

