Գալուստ Սահակյան. Քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի
Արխիվ 12-16Գալուստ Սահակյան. Քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի
![]()
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մանդատից զրկելուն ուղղված քայլերին, վստահեցրեց, որ թե՛ ինքը, թե՛ իրենց քաղաքական թիմը փորձել են այնպես անել, որպեսզի լարվածություն չառաջանա խորհրդարանում և համագործակցություն լինի:«Բայց դա էլ իր վերջն ու վախճանը պետք է ունենար»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ ստուգվելու է 2014թ. աշնանային նստաշրջանում պատգամավորների հաճախելիությունը։ Պատգամավորները իրենց բացակայությունների համար հիմնավորումներ պետք է ներկայացնեն խորհրդարանի աշխատակազմին։ «Այնուհետեւ մենք կքննենք այդ տվյալները եւ կներկայացնենք արդյունքները»,- հավելել է Սահակյանը։
Հարցին՝ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությո՞ւնը, թե՞ բացակայություններն են մանդատից զրկելուն ուղղված քայլերի պատճառը, Գալուստ Սահակյանը նշեց. «Ձեռնարկատիրական գործունեությունը ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում չէ… Կներկայացվի, կքննարկվի, ձեզ էլ տեղյակ կպահվի: Ուսումնասիրությունը բևեռված չէ, բոլոր խմբակցություններին է վերաբերում, քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի»։
Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ նաև փետրվարի 20-ին կայանալիք համազգային հավաքին՝ նշելով, որ չի մասնակցելու հանրահավաքին, հետևաբար չի կարող ասել, թե ինչ կլինի:
Այն հարցին, թե հնարավո՞ր է անկանխատեսելի զարգացումներ լինեն, նա պատասխանեց.«Տագնապների կողմնակից չեմ, հանրահավաքը սովորական ժողովրդավարական գործիք է»:

