Ո՞Վ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Արխիվ 12-16Ո՞Վ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ին ՀՀ առողջապահության փոխնախարար է նշանակվել Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանը, ով հայտնի բժիշկ, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի որդին է: «Փոխնախարարը դեռեւս չնշանակված` որոշ լրատվամիջոցներ ջանք ու եռանդ չխնայեցին կեղծ, շինծու բամբասանքներով ստվեր գցել խոստումնալից, իր գործին տիրապետող երիտասարդ մարդու անվան շուրջ»,- այսպես էր սկսել իր նամակը` խմբագրություն դիմած Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողը, ում անչափ վրդովեցրել են նորանշանակ փոխնախարարի անվան շուրջ տարածված մտացածին լուրերը: Խմբագրությանը հասցեագրված նամակում մասնավորապես ասվում է. «Պարոն Միրիջանյանը բավական բանիմաց է եւ իր մասնագիտությանը հմուտ տիրապետում էր դեռ 7-8 տարի առաջ: Ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել պարոն Միրիջանյանի մարդկային եւ մասնագիտական որակների մասին, քանի որ անձամբ եմ լսել նրա դասախոսությունները, առիթ եմ ունեցել շփվել իր հետ: Մոտ հինգ տարի առաջ, երբ նա նշանակվեց "ստոմատոլոգիական ֆակուլտետի փոխդեկան, նա ընդունեց մեր առաջին կուրսը, եւ միեւնույն ժամանակ դասավանդում էր իմ ավագ քրոջը: Մենք պարոն Միրիջանյանից երբեւիցեւ որեւէ բացասական բան չենք նկատել, ընդհակառակը, նա առաջին հերթին իր ուսանողների համար ավագ ընկեր էր, լավ խորհրդատու եւ, անշուշտ, լավ մասնագետ, ումից մենք շատ-շատ մասնագիտական նրբություններ սովորեցինք: Ուղղակի զարմանում եւ ինչ-որ տեղ ցավ ենք ապրում, որ որոշ անձինք, ովքեր, ըստ երեւույթին, չեն կարողացել հասնել մասնագիտական բարձունքների` ինչպես պարոն Միրիջանյանը, եւ ձեռք բերել անուն, փորձում են իրենց, այսպես ասած, մաղձը այսկերպ դուրս բերել: Բարոյական չէ` ցեխ շպրտել մի մարդու վրա, ով մեղավոր է միայն նրանով, որ կարողացել է իր սեփական խելքով` չնայած երիտասարդ տարիքին` անուն եւ ճանաչում ձեռք բերել: Ես հուսով եմ, որ ընթերցողները կկարողանան տարբերակել պատվիրված նյութերը` իրականությունից: Ես դիմեցի խմբագրությանը միայն նրա համար, որ հանրության մոտ չստեղծվի թյուր կարծիք` պարոն Միրիջանյանի նկատմամբ: Ես` որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, կարող եմ հավաստիացնել, որ պարոն Միրիջանյանը փոխնախարարի պաշտոնում էլ ավելի օգտակար կլինի ՀՀ առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներին, եւ վստահ եմ, որ ասածիս մեջ որոշ ժամանակ անց կհամոզվի նաեւ հանրությունը: Իսկ ցանկացած մասնագետի, պաշտոնյայի համար կարեւորը հանրության գնահատականն է: Նորանշանակ փոխնախարարի մասին ստահոդ տեղեկություններ տարածելիս մամուլը չշրջանցեց նաեւ անվանի բժիշկ, բոլորովին վերջերս` դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ վաստակավոր բժշկի կոչմանն արժանացած Մուշեղ Միրիջանյանին, ով Գագիկ Միրիջանյանի հայրն է: Մտացածին` իրականությունից հեռու այնպիսի տեղեկություններ են փորձում մատուցել հանրությանը, որ այդ ընտանիքին չճանաչող մարդիկ, անշուշտ կարող են թյուրիմացության մեջ ընկնել: Բայց, փառք Աստծո, չկա մեկը, ով եթե անգամ շփված չլինի, ապա գոնե լսած էլ չլինի պրոֆեսոր Միրիջանյանի` առողջապահության ոլորտում ներդրած ավանդի մասին»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

