ԲՀԿ-ԻՑ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արխիվ 12-16ԲՀԿ-ԻՑ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ժամեր առաջ ԲՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) հայտարարություն է տարածել ԲՀԿ-ից դուրս գալու մասին` պատճառաբանելով, որ «ԲՀԿ-ի կողմից տարվող ներքաղաքական լարման քաղաքականությունը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից»:
Սակայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք Կարո Կարապետյանից դիմում չեն ստացել: Պատգամավորի հեռախոսներն անջատված են, կապ հաստատել նրա հետ չի հաջողվում:
Հիշեցնենք, որ Կարո Կարապետյանի անունը կապվում է աղմկահարույց մի շարք պատմությունների հետ: Մասնավորապես, այս պահին գործարար պատգամավորի փեսան երկու անձի հետ մեղադրվում են անցյալ տարի Վերնիսաժում կրակոց կազմակերպելու մեջ: Հավանաբար, Կարո Կարապետյանը հանուն իր փեսայի, հաստատ իր հարաբերությունները չի ցանկանա վատացնել իշխանության հետ: Էլ չենք խոսում քրեաօլիգարխիկ այս պատգամավորի անվան հետ կապվող աղմկահարույց այլ պատմությունների մասին:
Տեղեկացնենք, որ արդեն երկրորդ դեպքն է, երբ ԲՀԿ-ից հեռանալու հայտարարություն է հնչում: Առաջինը հնչեցրեց ԲՀԿ-ական մեկ այլ գործարար պատգամավոր Արագած Ախոյանը` պատճառաբանելով, որ քանի որ ղեկավարում է արեւմտահայոց խորհուրդը, զբաղված է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացով, հետեւաբար, չի ցանկանում հավանաբար թաթախվել ՀՀԿ-ԲՀԿ ներքաղաքական մենամարտում:
Ըստ էության, առնետավազքը ԲՀԿ-ից կշարունակվի եւ հօդս կցնդեցնի ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքույանի այն լավատեսությունը, թե առնետավազք չի լինի կուսակցությունից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

