«ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՊԻՏԻ ԳՏՆԵՆ ԻՐԵՆՑ ԱՅՆ ՏԵՂԸ, ՈՐԻՆ ԻՐԵՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆ»
Արխիվ 12-16«ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՊԻՏԻ ԳՏՆԵՆ ԻՐԵՆՑ ԱՅՆ ՏԵՂԸ, ՈՐԻՆ ԻՐԵՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆ»
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որով ներքաղաքական նոր իրավիճակ է ստեղծվում, իրենց տեսակետները լրագրողներիս հետ զրույցում հայտնեցին նաեւ մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ` մասնավորապես անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ԲՀԿ առաջնորդի հասցեին հնչեցված կոշտ գնահատականներին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ նախ նշեց, որ իրենք բացառապես սահմանադրության եւ օրենքի շրջանակներում են գործելու. «Ցանկացած ոտնձգություն սահմանդրութան եւ գործող օրենսդրության նկատմամբ` պետք է արժանանա, ինչպես դուք արդեն կռահում եք, ադեկվատ վերաբերմունքի: Բայց այս իրավիճակից դուրս մենք պետք է հասկանանք մեկ ուրիշ կարեւոր իրողություն. դա ես միշտ եմ ասել եւ այնպես չէ, որ առաջին անգամ եմ ասում կամ այս նիստից հետո եմ ասում`անգրագիտությունն աշխարհում որեւէ ժողովրդի, որեւէ պետության ճիշտ տեղ չի տարել» Ապա հավելեց. «Հասկանում եմ` բոլորն ունեն մեղքի իրենց բաժինը, այդ թվում` նաեւ իշխող կուսակցությունը, որ այդ երեւույթն այդքան խորացել է եւ եկել է դրան վերջակետ դնելու ժամանակը»:
«Այդ որոշումը ճիշտ ժամանակին էր, թեպետ նաեւ հնչեցին կարծիքներ, որ մի քիչ ուշացած էր», - ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆն ու ընդգծում.- « «Որոշ քաղաքական ուժեր եւ որոշ քաղաքական գործիչներ պիտի գտնեն իրենց այն տեղը, որին իրենք արժանի են»:
Իսկ ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ. «Գագիկ Ծառուկյանին ուղղված՝ Սերժ Սարգսյանի ելույթը շատ ճիշտ էր եւ կոշտ չէր: Մենք պատերազմ չենք հայտարարում, այլ պարզապես մեր հստակ ծրագրերն ենք իրականացնելու»
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

