ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՏՎՈՒՄ ԱՐԽԻՎՆԵՐԻՑ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ԱՐԽԻՎՆԵՐԻՑ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
Վերջին շրջանում Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված ֆիլմերի թիվը հասնում է տասնյակների: Դրանք նկարահանում են թե՛ արտասահմանցի, թե՛ հայ ռեժիսորները: Շատ արտասահմանցի ռեժիսորներ, որոնք այդքան էլ տեղյակ չեն Հայոց ցեղասպանության բոլոր մանրամասներին, երբեմն խեղաթյուրում են փաստերը եւ հանրությանը ներկայացնում այնպիսի ֆիլմ, որտեղ Ցեղասպանության ենթարկվածները ոչ թե հայերն են, այլ թուրքերը: Օտարազգի որոշ ռեժիսորներ դա անում են գիտակցաբար` հետեւելով Թուրքիայի իշխանությունների հրահանգներին: Իհարկե` կան նաեւ ազգությամբ թուրք ռեժիսորներ, ովքեր ընդունելով 1915 թվականի ջարդերը եւ ամոթ զգալով իրենց պապերի կատարած հանցանքների համար` փաստերը ներկայացնում են ճշգրիտ, որի համար էլ հետապնդվում են իրենց երկրի ղեկավարների կողմից: Իսկ հայ ռեժիսորները ֆիլմերը նկարահանում են Ցեղասպանությունը վերապրած տատերից եւ պապերից լսած պատմությունների հիման վրա: Չնայած դրան, մասնագետները միշտ հորդորում են օգտվել պատմաբանների խորհրդատվությունից եւ ազգային արխիվներից: Այս շաբաթ "Իրավունքն" անդրադառնալով այդ հարցին` մասնագետներից փորձեց պարզել, թե հայ ռեժիսորները պատմական ֆիլմեր նկարահանելիս որքանո՞վ են օգտվում արխիվներից եւ պատմաբանների խորհրդատվությունից. Պարզվում է, որ հիմնականում դա այդքան էլ հաճախակի բնույթ չի կրում.
"ՄԵԶ ԴԻՄՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԴԱ
ՀԱՄԱՏԱՐԱԾ ԲՆՈՒՅԹ ՉԻ ԿՐՈՒՄ"
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ.
-Եթե խոսքը Հակոբ Հակոբյանի ֆիլմի մասին է, ապա ոչ մեկից խորհրդատվություն չի ստացել, նրա խոսքով` միայն Ցեղասպանության թանգարանի արխիվից է օգտվել: Տարբեր մարդիկ մեզ սցենարներ են ներկայացրել, որոնց տվել ենք դրական կամ բացասական կարծիքներ: Դրական կարծիքների արժանացած սցենարները գնացել են ՀՀ մշակույթի նախարարություն եւ մասնակցել են մրցույթի, թե դրանից հետո ինչ ճակատագիր են ունեցել այդ սցենարները, ես տեղյակ չեմ: Միայն գիտեմ, որ ֆինանսի պատճառով շատ սցենարների հիման վրա ֆիլմ չի նկարահանվել: Իհարկե, մեզ դիմում են, բայց դա համատարած բնույթ չի կրում: Ռուբեն Գեւորգյանցը նույնպես սցենար ներկայացրեց եւ ստացավ դրական կարծիք, կրկին ֆինանսի պատճառով ֆիլմը չստեղծվեց:
"ԱՐԽԻՎԻՑ ՄԻԱՅՆ
ՇԱՏ ՔՉԵՐՆ ԵՆ ՕԳՏՎՈՒՄ"
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ.
-Մեր արխիվները հայ ռեժիսորների եւ սցենարիստների համար բաց են, սակայն նրանք չեն օգտվում, արխիվից միայն շատ քչերն օգտվում: Խորհրդատվություն ստանալու համար նույնպես չեն դիմում:
"ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԵՐ ՆԿԱՐԱՀԱՆԵԼԸ
ՊԱՏԱՀԱԿԱՆ ԹԵՄԱ ՉԷ"
Կինոգետ ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆ.
-Վերջին շրջանում Ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանելիս ինձ չեն դիմել` խորհուրդ ստանաու համար: Մասնագետներից խորհրդատվություն ստանալուց առաջ ռեժիսորները եւ սցենարիստները պետք է իրենց հաշիվ տան, թե ինչ են ցանկանում, քանի որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր նկարահանելը պատահական թեմա չէ: Երբեմն այնպիսի ֆիլմեր են նկարահանում, որը չի համապատասխանում մեր իրական պահանջներին: Այն, ինչ արել են հայ ռեժիսորները նախկինում, այսօր չկա որեւէ ֆիլմ, որ համեմատենք նրանց կատարած աշխատանքների հետ: Այսօր նկարահանվում են հարյուրավոր ֆիլմեր, եւ նույնիսկ ընկերը չի նայում ընկերոջ ֆիլմը, որովհետեւ այնտեղ չկա նոր բան:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

