ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԱՆՄՈՌՈՒԿԸ ՀԱՅԵՐԻՆ ԿՄԻԱՎՈՐԻ "ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ"
Արխիվ 12-16ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԱՆՄՈՌՈՒԿԸ ՀԱՅԵՐԻՆ ԿՄԻԱՎՈՐԻ "ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ"
Դեռեւս շարունակում է անհայտ մնալ "Եվրատեսիլ-2015"-ին Հայաստանը ներկայացնող արտիստի անունը: Գրեթե մեկ ամիս առաջ "Իրավունքի" հետ զրույցում "Եվրատեսիլի" հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ասաց, որ Հանրային հեռուստաընկերությունը դեռեւս փնտրտուքների մեջ է, ու մրցույթին մասնակցող արտիստի անունը պարզ կլինի փետրվարին: Իսկ այդ ընթացքում ընթանում է կատարողի եւ երգի ներքին ընտրություն: Պարզվում է, որ այս տարի "Եվրատեսիլ-2015"-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով: Ավելին` հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին` "Կառուցելով կամուրջներ", ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ.
"ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ ԿԲԱՑՎԻ ԱՆՄՈՌՈՒԿԻ ՄԵԿ ԹԵՐԹԻԿԸ"
-Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը` որոշվել է այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ: Նրանց կմիանա եւս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը` 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Իսկ երգը վերնագրված է "Don't deny"` "Մի՛ ժխտիր": Genealogy խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին:
- Իսկ խմբի մյուս 5 անդամների ինքնությունը ե՞րբ հայտնի կլինի հայ հանրությանը:
- Դրանք մեր անակնկալներն են, որոնց մասին պարբերաբար կներկայացնենք: Այսինքն` փետրվարի 16-ին կբացվի անմոռուկի մեկ թերթիկը` հայտնի կդառնա մասնակիցներից մեկի անունը, հենց այդ օրն էլ կտեղեկացնենք, թե երբ ենք հայտնելու հաջորդ մասնակցի անունը:
"ՆՈՒՅՆՆ ԵՆ ՆՐԱՆՑ ՏԱՏԵՐԻ ՈՒ ՊԱՊԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ"
-Գոհար, մտահղացումն ո՞ւմն էր, որպեսզի "Եվրատեսիլում" այդ կերպ հիշատակվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշը` անմոռուկը:
- Մեզ մոտ թիմային աշխատանք է, եւ մենք շատ լավ ստեղծագործական թիմ ունենք, իսկ անմոռուկի գաղափարը` իր ամբողջ տարրերով, հենց ստեղծագործական թիմինն է: Մենք ոգեշնչվել ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ դարձած անմոռուկի գաղափարով:
- Եվ ինչպե՞ս հաջողվեց 5 մայրցամաքից գտնել այն լավագույններին, ովքեր ունեն նաեւ հայկական որեւէ արմատ:
- Շատ հեշտ: Իրականում, իմ ցուցակը շատ մեծ էր, մենք նույնիսկ ցավով, բայց ստիպված էինք շատերից հրաժարվել, որովհետեւ շատ մեծ ցուցակ էր: Իսկ մի կողմից դա լավ է, մյուս կողմից` ցավալի է, որ այդպիսի մեծ է ցուցակը: Ինչեւէ, ուրախ էինք, որ ընտրության հնարավորություն ունեինք: Մասնակիցներին կոնկրետ ընտրել ենք` ըստ նրանց վոկալային եւ արտաքին տվյալների եւ, իհարկե, ամենակարեւորը` ըստ նրանց ճակատագրի, ըստ նրանց պատմության: Նրանցից յուրաքանչյուրն ունի պատմություն, ճակատագիր, ինչն էլ միավորում է նրանց: Մի խոսքով, նույնն են նրանց տատերի ու պապերի ճակատագրերը:
"... ՄՅՈՒՍԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՅՏՆԻ` "ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ" ՀԵՏՈ"
-Այդ 5 մասնակիցներն էլ հայտնի՞ են հանրությանը:
- Մենք չենք առաջնորդվել հայտնիության սկզբունքով, դա մեզ համար էական չէ: Մնացածը թողնում ենք հանդիսատեսի դատին: Հնարավոր է, որ մեկը մի քիչ հայտնի լինի, մյուսը` կդառնա հայտնի "Եվրատեսիլից" հետո: Այսինքն` այս ընդհանուր խմբի մեջ էլ անակնկալներ կան:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի դեպ.
"Եվրատեսիլ-2015" երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին` "Կառուցելով կամուրջներ" նշանաբանի ներքո: Երգի միջազգային մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր, իսկ Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մրցույթին մասնակցելուց:

