Ի ՎԵՐՋՈ, Ի՞ՆՉՆ ԷՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Անցած տարեվերջին մեծ աղմուկ բարձրացավ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում տեղի ունեցած մասսայական թունավորման հետ կապված: Հիշեցնենքª ավելի քան 70 երեխա դիզենտերիա ախտորոշմամբ հայտնվեց հիվանդանոցում, թեեւ միայն տեւական ժամանակ անց հնչեց պաշտոնական տեսակետ, թե դրա պատճառը մանկապարտեզում սանիտարահամաճարակային կանոնները չպահպանելն էր:
Թե ի վերջո, ի՞նչ փուլում է այս գործով նախաքննությունըª փորձեցինք պարզել Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում ասաց. "Քրեական գործով նշանակված փորձաքննությունների արդյունքների մի մասը դեռեւս պատրաստ չէ, քննությունը շարունակվում է: Գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձանց` Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրենին եւ բուժքրոջը` քրեական օրենսգրքի` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հոդվածով": Բայց նաեւ նկատենք, որ "սանիտարահակահամաճարակային կանոնների խախտում" ասվածը շատ ընդհանրական է, այսինքնª դեռ հասկանալ է պետք, թե այդ ի՞նչ խախտում էր, որ նման մեծ թվով երեխաների հասցրեց հիվանդանոցների դռները: Իսկ ահա Եղվարդի քաղաքապետ Սարգսյանից տեղեկացանք, որ մանկապարտեզը անցել է իր "բնականոն աշխատանքներին, երեխաները նորմալ այցելում են մանկապարտեզ: Տնօրենը այս պահին բյուլետենի մեջ է, նրան փոխարինում է տնօրենի տեղակալը": Սակայն մեր այս զրուցակիցն էլ թունավորման կոնկրետ պատճառի հարցով գերադասեց` չխոսել. "Նախաքննությունն է ընթանում, կարծում եմ իրավապահները կտան դրա պատասխանը":