"ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԲՌՆՈՒՄ"
Արխիվ 12-16"ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԲՌՆՈՒՄ"
Թուրքիան այդպես էլ չկարողանալով ընդունել պատմական ճշմարտությունը եւ Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ` Թուրքիայի նախագահն այս անգամ էլ մեղադրել է հայկական սփյուռքին: Թե Հայաստանին պարզած իրենց ձեռքը միշտ օդում է մնում հայկական սփյուռքի ազդեցության պատճառով: Ըստ նրա` քաղաքավարության կանոնները խախտելով ու հայտարարություններ անելով` սփյուռքը փակում է Հայաստանի հետ երկխոսության բոլոր ճանապարհները: "Իրավունքն" անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը` հայաստանյան վերլուծաբաններից փորձեց ճշտելª արդյոք այդ հայտարարությունը միտված չէ՞ հայկական սփյուռքին ճնշելուն, Հայաստանի եւ սփյուռքի մեջ սեպ խրելուն:
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ փաստեց.
-Թուրքիան ամեն կերպ ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա: Վերջին շրջանում հայկական սփյուռքի նկատմամբ Թուրքիան ակտիվացրել է իր քաղաքականությունը` նպատակ ունենալով սեպ խրել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ: Հայաստանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն ամենամեծ եւ ամենածանրակշիռ հարվածն էր Թուրքիայի հետհաշվարկներին, քանի որ այդ հռչակագրով Հայաստանը, Արցախը եւ սփյուռքը հանդես եկան միակամ: Կարծում եմ, որ այսպիսի քաղաքականությամբ Թուրքիան իր նպատակներին չի հասնելու:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ընդգծեց.
-Թուրքիան շատ լավ գիտակցում է, որ չի կարող սփյուռքին չեզոքացնել: Այլ հարց է, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան փորձում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, թե վերջինս իբր կախված է հայկական սփյուռքի նպատակներից եւ ցանկություններից: Թուրքիան փորձեր է անում սփյուռքն անջատել Հայաստանից` օտար երկրների միջոցով: Ինչ վերաբերում է Էրդողանի այն խոսքին, որ իրենց պարզած ձեռքը մնացել է օդում, ապա անհրաժեշտ է Թուրքիային հիշեցնել` արյունոտ ձեռքը ոչ ոք չի բռնում, քանի որ նրա ձեռքերը 1915 թվականից հետո դեռ արյունոտ են: Էրդողանի արտահայտությունը շատ ցինիկ է: Թուրքիան ամեն ինչ անում է եւ հետո բողոքում:
Պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
-Էրդողանը Թուրքիայի առաջին նախագահը չէ, որ նման հայտարարություններ է անում հայկական սփյուռքի վերաբերյալ: Թուրքիայում նման քաղաքականություն վարել են Էրդողանից առաջ եղած բոլոր նախագահները: Թուրքիայի կողմից սփյուռքի հասցեին հնչող մեղադրանքեր եղել են դեռեւս 70-ական թվականների սկզբին, հետո էլ` երբ Հայաստանը անկախացավ: Առաջին հայացքից տարօրինակ է թվում, թե Թուրքիայի կողմից ինչու են սադրանքները առաջին հերթին ուղղվում սփյուռքի, այլ ոչ թե Հայաստանի դեմ: Սա շատ խոր դիվանագիտություն է, որով էլ այդ երկիրը ձգտում է սեպ խրել Հայաստան-սփյուռք հարաբերություններումª լավ իմանալով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ սփյուռքը մեծ ներուժ ունի ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, այլեւ` արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում: Բացի այդ, Թուրքիան այդ ամենով ուզում է ցույց տալ, որ Հայաստանը չի կարող անկախ քաղաքականություն վարել եւ մեծապես իր քաղաքականությունը պայմանավորում է սփյուռքով:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում`պարզելու համար, թե ինչ նպատակներ է հետապնդում Էրդողանի հայտարարությունը:
1. Թուրքիան գիտակցում է, որ հայկական սփյուռքն իրենից հզոր ուժ է ներկայացնում եւ ցանկանում է ճնշում գործադրել նրա վրա- 47%:
2. Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացը կանխելու համար Թուրքիան փորձում է "բաժանիր, որ տիրես սկզբունքով" տարանջատել հայկական երեք ուժերըª Հայաստանը, Արցախը եւ սփյուռքը- 38%:
3. Թուրքիան այս կերպ փորձում է իրենից դեպի հայկական սփյուռք շեղել հայ-թուրքական հաշտեցման ծրագրի ձախողման մեղադրանքները- 11%:
4. Դժվարանում են պատասխանել- 4%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

