"ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱՅՈՎ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է"
Արխիվ 12-16"ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱՅՈՎ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ
ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է"
"Իրավունքը" Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ու համահայկական հռչակագրի մասին զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:-Տ իկին Մուրադյան, Ծիծեռնակաբերդում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը hունվարի 29-ին հրապարակեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագիրը: Ըստ ձեզ` որքանո՞վ է հասցեական ու թիրախային հռչակագիրը: Հռչակագրի ո՞ր դրույթներն են Ձեզ համար ավելի ընդունելի:
- Ես կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագրի բոլոր դրույթներն էլ շատ կարեւոր են: Սա համազգային նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որն արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը: Այս փաստաթուղթը հստակ ուղերձ է մեր գալիք սերունդներին: Մեզ համար շատ կարեւոր է, որ հռչակագիրը անցյալից ներկայով դեպի ապագա ճանապարհը հարթող փաստաթուղթ է, որը համընդհանուր գնահատական է մարդկության դեմ կատարած ոճրագործությանը: Այն կարեւոր է նրանով, որ արտահայտում է պատմական, բարոյական, իրավական, քաղաքական, միջազգային գնահատականներ:
- Հռչակագրի հրապարակումից հետո կարծիքներ հնչեցին, որ այն ավելի շատ բարոյական հարթության վրա է հզոր, քան` իրավական: Համամի՞տ եք արտահայտված տեսակետին:
- Ինչպես արդեն նշեցի` Հայոց ցեղասպանության հռչակագրի հենքը բազմաշերտ է ` պատմագիտական, բարոյական, իրավական, քաղաքագիտական:
Մի կողմից` փաստաթղթում վերահաստատված է Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար, իսկ մյուս կողմից տեղ է գտել նաեւ երախտագիտության արտահայտում այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք` որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճիր, ճանաչեցին եւ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ այն բավականին բազմաշերտ եւ խորքային փաստաթուղթ է, որպեսզի ընկալվի բոլոր հարթություններում:
- Շատերը հայացքներն ուղղել են ԱՄՆ` ակնկալելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդյոք կասի "ցեղասպանություն" բառը, թե` ոչ: Կանխատեսելը, իհարկե, անշնորհակալ գործ է, բայց ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ԱՄՆ նախագահը` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
- Չնայած, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2008 թվականի քարոզարշավի ընթացքում Ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը դեռ չի կատարել, սակայն այդ ուղղությամբ որոշակի քայլեր արդեն արվել են: Մասնավորապես, Կալիֆորնիայի նահանգի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմության մասին ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին բանաձեւը: Չնայած թուրքական լոբբիի կոշտ դիմադրությանը` Կալիֆորնիայի նահանգի Ժողովը միաձայն քվեարկեց այդ օրինագծի օգտին, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների ուսումնասիրում նահանգի դպրոցներում: Օրինագծի միաձայն ընդունումն արդեն վկայում է, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները ընդունում են փաստի ճշմարտությունն ու իսկությունը: Բացի այդ` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձեւը: Սրանք քայլեր են, որոնք իրականացվել են տարբեր ձեւաչափերով:
Հուսով եմ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար արդարացված հնարավորություն կլինի` խնդրի նկատմամբ իր մոտեցումները վերանայելու եւ նորից անդրադառնալու իր խոստմանը:
- Թուրքիայի նախագահ Էրդողանը 102 երկրների ղեկավարներին պաշտոնական հրավեր է ուղարկել` Գալիպոլիի ճակատամարտը ապրիլի 24-ին տոնելու համար: Որքանո՞վ պետք է մտահոգվի հայկական կողմը եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի: Ի վերջո, խոսքը 102 երկրի մասին է:
- Բազմիցս արդեն նշվել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի քայլը պատմական փաստերը խեղաթյուրելու, պատմությունը սեփական շահերին ծառայեցնելով` խմբագրելու այս ոճին այլ գնահատական տալ հնարավոր չէ , քան ուղղակի ցինիզմ անվանելը: Սակայն 100-ամյակի ընթացքում շատ բան է փոխվել` հենց թուրք հանրության մտածելակերպի մեջ. շատերն իրենց վերաբերմունքն արդեն անթաքույց արտահայտում են: Վերջերս կարդացի Թուրքիայում հեղինակավոր լրագրող, գրող Բասքըն Օրանի հոդվածը, ով եւս անդրադարձել էր թուրքական իշխանությունների այդ որոշմանը` քննադատության ենթարկելով այն: Հոդվածագիրը քննադատում է Էրդողանի` ՀՀ նախագահին ուղղված հայտնի հրավերը` այն համարելով "ամոթալի":
Կարծում եմ, որ այսօր մենք առաջին հերթին պետք է մտածենք, թե Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ եւ դրանից հետո էլ ինչ պետք է փոխենք մեր մարտավարության մեջ, որն ուղղված կլինի Ցեղասպանության հետեւանքերի վերացմանը, ինչը շարունակում է մնալ հայության եւ առաջադեմ մարդկության կարեւորագույն առաջնահերթությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

