ԽԱՂԱՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎª ՊԱՏԵՐԱԶՄ
Արխիվ 12-16ԽԱՂԱՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎª ՊԱՏԵՐԱԶՄ
Ասել, որ ողջ աշխարհը երեկ ուշադրությամբ հետեւում էր Մինսկում ընթացող Պուերն-Մերկել-Օլանդ-Պորոշենկո բանակցություններին, մեղմ կհնչի: Եվ իրոք, իր նշանակությամբ այս բանակցային սեղանին դրված էր ոչ միայն ուկրաինական այս ավելի քան մեկ տարվա հակամարտությանը թեկուզեւ ժամանակավոր լուծում տալու հարցը, այլեւ, ոչ ավելի, ոչ պակաս, Կիեւի եւ Դոնբասի մասնակցությամբ պատերազմի մեջ նաեւ առնվազն Եվրոպայի եւ Ռուսաստանի ուղղակիորեն ներքաշվելու չափազանց ռեալ դարձած հեռանկարը կանխելու գերխնդիրը:
ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐՆ Է՞Լ
ՎԱԽԵՑԱԾ ՄԵՐԿԵԼԻՆ ՉԿԱՆԳՆԵՑՐԻՆ
Չնայածª խոշոր հաշվով մինսկյան բանակցություններին շատ ավելի գլոբալ մեկ խնդիր էր դրվածª Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հակամարտությանն այս ուղղությամբ ինչ-որ լուծում տալու հարցը, իսկ եվրոպական կամ ներուկրաինական պատերազմներն ընդամենը դրա մասնակի արտացոլումներն էին: Եվ, իհարկե, պատահական չէր այն անհանգստությունը, վատ թաքցրած սարսափը, որը հատկապես վերջին շաբաթներին դրսեւորում էին եւրոպական լիդերներըª Գերմանիան եւ Ֆրանսիան: Բանն այն է, որ Ուկրաինային մեծ ծավալներով զենք մատակարարելու Վաշինգտոնի սպառնալիքը, ինչպես արեւմտյան հեղինակավոր մի շարք վերլուծաբաններ էլ են ընդունում, ուկրաինական ուղղությամբ լիովին ազատում էր Ռուսաստանի ձեռքերը: Իսկ Դոնբասի բանակի այս օրերի հաջող ռազմական օպերացիաներն էլ հաստատեցին, որ պատերազմը սոսկ Դոնբասի պաշտպանությունից միանգամից կթեւակողի Կիեւը գրավելու փուլ: Իսկ այդ դեպքում Վաշինգտոնին կմնար պարզապես կա՛մ ընդունել իր աշխարհաքաղաքական պարտությունը, կա՛մ ՆԱՏՕ-ին տանել ռուսների հետ ուղղակի ռազմական առճակատման: Իսկ դա, հասկանալի է, միանգամից քաղաքական ամեն մի մանեւրի հնարավորությունից կզրկեր առաջին հերթին Գերմանիայինª վերջինիս կանգնեցնելով կա՛մ նման գլոբալ ռազմական ավանտյուրայից խուսափելու համար ՆԱՏՕ-ից դուրս գալու, կա՛մ պատերազմի մեջ ներքաշվելու երկընտրանքի առաջ:
Երկու տարբերակն էլ կարող էին կործանարար լինել Բեռլինի համար: Իսկ թե այս ամբողջն ինչ քաոս առաջ կբերեր ողջ Եվրոպայով մեկ, դժվար չէ կռահել:
Նման զարգացումները կանխելու ելքը մեկն էրª ուկրաինական ճգնաժամի շուրջ հստակ պայմանավորվածությունը, այսինքնª Եվրոպան պետք է քանի բանը բանից չէր անցել, կարողանար ռուսների հետ լեզու գտնել: Իսկ դա ենթադրում էր Մոսկվայի հանդեպ հստակ զիջողություններ, ինչն արդեն ՌԴ-ԱՄՆ պայքարում ռուսներին դնում էր հաղթողի դերում: Ու սպասելի էր, որ Մոսկվան, ինչպես ցույց տվեց Օլանդի եւ Մերկելի անցած շաբաթվա այցը, դեմ չէր իր համար իրականում հաղթանակ նշանակող այդ տարբերակին: Մնում էր միայն Վաշինգտոնի հարցը, ուր եւ Մոսկվայից հետո մեկնեց կանցլեր Մերկելը: Եվ նկատենք, որ դա նրա կողմից իրոք ծանր քայլ էր, թեկուզեւ այն առումով, որ ուկրաինական խաղում անգամ "ոչ-ոքի" տարբերակը ԱՄՆ-ի համար հավասար է պարտության: Եվ իհարկե` պատահական չէր, որ կանցլերին կանգնեցնելու համար սկսեցին գործադրվել մինչեւ իսկ անձական բնույթի կոմպրոմատներ: Խոսքը տիկին Մերկելի երբեմնի անցանկալի կապերը մանրամասնող լուսանկարների մասին է, որոնք ցույց են տալիս, թե ինչ ջերմ շփումներ է ունեցել Գերմանիայի գործող կանցլերը ազգայնամոլական եւ պարբերաբար աղմկահարույց քաղաքական հանցագործությունների մեջ մեղադրվող խմբավորումների հետ: Կոմպրոմատային այդ, ինչպես նաեւª ակնկալվող նոր փաթեթները, միգուցե, այլ իրավիճակներում Մերկելին "կսթափեցնեին", բայց երեւում է, որ գլոբալ վտանգի զգացողությունն այս անգամ ուղղակի պարտադրել էին Մերկելին, ըստ որոշ խոսակցությունների, Վաշինգտոնում ակնարկել, որ ուկրաինական պատերազմի խորացման դեպքում Գերմանիան նույնիսկ ՆԱՏՕ-ի համակարգում չի խառնվի: Ավելին, որ չեզոք կմնա նաեւ Ֆրանսիան, եւ, արդյունքում, Վաշինգտոնին կմնա միայն իր եւ Բրիտանիայի միջոցով մտնել այդ խաղի մեջ, որն արդեն կսահմանափակվի միայն Ուկրաինայի սահմաններում: Մինչդեռ ռուսների հետ նման ուղղակի բախումը եւ միանգամայն հավանական պարտությունը հազիվ թե մտներ Վաշինգտոնի ծրագրերի մեջ. ուրիշի ձեռքով պատերազմելու ամերիկյան ռազմավարությունը դեռ հստակորեն գործում է: Ու քանի որ "ուրիշի ձեռքեր" այդպես էլ չգտնվեցին, իսկ միայն Կիեւն ակնհայտորեն այդ դերին "չէր ձգում", Վաշինգտոնը, թերեւս, ստիպված էր համաձայնություն տալ մինսկյան այդ հանդիպմանը:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳ Է ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ
Մի խոսքովª ռեկորդայինª ավելի քան 16-ժամյա գիշերային քննարկումներից հետո ձեռք բերվեցին բավականին հստակ պայմանավորվածություններ: Հասկանալի էª դրանք ենթադրում են զինադադարի հաստատում, ծանր տեխնիկայի հետ քաշում շփման գծից եւ Դոնբասի հստակ կարգավիճակ: Այսինքնª մոտավորապես այն, ինչ ի սկզբանե պահանջում էր Դոնբասը: Այսինքնª տեսականորեն ֆիքսվեց "ոչ-ոքի" արդյունք: Բայց այն փաստը, որ պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունը հնչելուց արդեն րոպեներ անց կտրուկ աճ ունեցան ինչպես ռուբլու փոխարժեքը, այնպես էլª ռուսական բոլոր հիմնական արժեթղթերը, արդեն իսկ հուշում է, թե ֆինանսատնտեսական աշխարհն ում դիրքերն է համարում ավելի նախապատվելի:
Բայց այսքանով հանդերձª կարելի՞ է ուկրաինական ճգնաժամը համարել հանգուցալուծված: Այս փուլըª միգուցե, բայց թե ինչքան երկար կշարունակվի այն, այստեղ արդեն կան վերապահումներ: Ի վերջո չմոռանանք, որ իրականում խնդիրը ո՛չ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի հանցագործ լինել-չլինելն է, ո՛չ նրան այլ օլիգարխով փոխարինելը, ո՛չ էլ մյուս բոլոր դեմոկրատական հեքիաթներն ու Ուկրաինան Եվրոպայի հետ ասոցացնելու "երազանքը": Ուկրաինան պետք է մեկ բանիª դեպի Ռուսաստան "դեմոկրատիայի ցատկ" կատարելու համար: Ընդ որում, դա պետք է հենց ԱՄՆ-ին, եւ ոչ թե Գերմանիային կամ Ֆրանսիային: Ավելինª Ուկրաինան Վաշինգտոնին պետք էր նաեւ նույն Գերմանիայի ու Ֆրանսիայիª ՌԴ-ի հետ գնալով խորացող ու արդեն եվրասիական միասնական շուկա ստեղծելու շեմին հասած համագործակցությունը կասեցնելու, Եվրոպային իր տեղը ցույց տալու, ՆԱՏՕ-ական վերահսկողությունն ամրապնդելու համար: Այս ամենն էլ ինքնանպատակ չէր. այդ նպատակները հետապնդում էին դոլարի ներկայիս կարգավիճակի պահպանման համար, որի պարտադիր բաղադրիչներից է համաշխարհային էներգետիկայի եւ այլ առանցքային հումքատեսակների նկատմամբ ամբողջական վերահսկողությունը: Իսկ դա էլ, վերջապես, պետք է Չինաստանի տնտեսական թռիչքները վերահսկելի դարձնելու համար: Կարճ ասածª ԱՄՆ-ը կորցնում է համաշխարհային լիդերի իր կարգավիճակը, որը կարող է մահացու լինել, քանի որ արդյունքում աշխարհով մեկ լցված դոլարային սարերը, առանց տնտեսական լիդերության, արագորեն կվերածվեն սովորական թղթի: Եվ նշված ողջ վերահսկողությունն էլ հենց դա կանխելու համար է պետք: Մինչդեռ, եթե Ուկրաինայում նույնիսկ "ոչ-ոքի" արդյունք է գրանցվում, Վաշինգտոնի համար այդ խնդիրներից եւ ոչ մեկը չի լուծվում: Եվ ավելին. դա նպաստում է Ռուսաստանի շուրջ տնտեսաքաղաքական մթնոլորտի կայունացմանն ու նրա քաղաքական կշռի աճին, եւ նույնիսկª չորս նախագահները Մինսկում ստորագրած հռչակագրում խոսում են "Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս հումանիտար եւ տնտեսական տարածքի ստեղծման"` Վ. Պուտինի հայտնի ծրագրին "նվիրվածության" մասին: Կհամաձայնի՞ Վաշինգտոնն այս ամենի հետ. միամտություն կլիներ այդպես մտածել: Եվ այս առումով առաջ է գալիս մեկ պարզ հարց. նախագահ Պորոշենկոն նեղն ընկած վիճակում ստորագրելով այդ փաստաթուղթը, նախª կցանկանա՞, ապաª կկարողանա՞ այն գործնականում իրականացնել: Իհարկեª կցանկանա. տարիների ջանքերով հասել է նախագահական բաղձալի աթոռին, որն առանց խաղաղության` շատ երերուն է: Դե, եթե հնարավոր չէ նաեւ Դոնբասի եւ Ղրիմի նախագահը լինել, ուրեմն պետք է գոնե եղածը չկորցնել: Բայց կկարողանա՞ հասնել այդ խաղաղությանը, չէ՞ որ այս ընթացքում այնքան կոմպրոմատներ "է թողել" Վաշինգտոնում, որոնք կբավարարեն առնվազն մեկ տասնյակ պորոշենկոների ոչնչացնելու համար: Գումարած դրանª ուկրաինական ամենեւին էլ ոչ բոլոր զինված կառույցներն են նրա վերահսկողության տակ: Դրանց թվում են նաեւ ռուսների հետ "պապական" պատերազմներ վարող բենդերական զանգվածները... Այսինքնª բավական է նրանք ունենան ամերիկյան աջակցության մասին թեկուզեւ մեկ ակնարկ, որ մի ժամում պատերազմը վերսկսվի: Իսկ որ Վաշինգտոնում նման ակնարկներ անողների պակաս չի լինի, դա հաստատ է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

