ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Ոմանք վաղուց պնդում են, որ սոցիալական ցանցերում վիրտուալ կյանքը ոչնչով չի տարբերվում հանդերձյալ կյանքից: Դա առայժմ ոչ ոք չի կարող 100 տոկոսով հերքել կամ հաստատել, սակայն զարմանալիորեն "ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ" տեղի է ունեցել իրադարձություն, որը միանգամայն դա հաստատում է: Սույն սոցցանցը առայժմ ամերիկյան օգտվողների համար նախատեսել է կարգավորումներ, որոնք թույլ են տալիս օգտատիրոջը իր էջը մահից հետո կտակել ընկերներից որեւէ մեկին: Պատկերացնո՞ւմ եք, մարդը մահանում է, նրա մարմինը հաջողությամբ մոխիր է դառնում կամ ճիճուների կեր, սակայն շարունակում է "Ֆեյսբուքում" գրառումներ թողնել, կիսվել իրադարձություններով, մեկնաբանել, "սմայլիկներով" տարբեր հույզեր արտահայտել: Էլ ինչո՞վ հանդերձյալ աշխարհ չէ: Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ զարմանալիորեն ամբողջ քաղաքական կյանքը վերածել է վիրտուալի: Նրա տեսած քաղաքականությունը իրականությունից տարբերվում է նույնիսկ ավելին, քան` "Ֆեյսբուքը": Ահա ինչ է նա հայտարարել. "Քաղաքական ուժերը միակամ են, հասարակութունը` զզված, իշխանափոխությունը` անհրաժեշտություն: Ի՞նչ է մնացել իրենց զինանոցում, որ այդ ամենի դեմն առնեն: Կարծում եմ, ոչինչ": Դե ինչ, սույն պատգամավորը, ում ժամանակին վիճակվել էր զուտ անուն-ազգանունի շնորհիվ ամբիոնից ընթերցել մեր երկրի անկախության հռչակագիրը, այժմ զարմանալիորեն ապրում է քաղաքական պատրանքների աշխարհում: Առավել եւս, որ ՀՀԿ խորհրդի երեկվա նիստից հետո արդեն ոչ ոք չի կարող հույս ունենալ, որ ԲՀԿ-ի ձեռքով ինչ-որ բան կանի... Բայց նույն ՀԱԿ-ում կա եւ մեկ ուրիշը, ում վիճակը էլ ավելի աննախանձելի է` Լեւոն Զուրաբյանը: Իզուր չէ, որ երեկ երեկոյան "Ֆեյսբուքում" միանգամից հայտնվեցին #Save_Լյովիկ գրառումները:
Իսկ Ժիրայր Սէֆիլյանը իր ասուլիսին որոշ բացահայտումներ արեց, մի մասը թերեւս ակամա: Ու դրանք վերաբերում են ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ու ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԻՆ: Այսպես, զարմանքով տեղեկացանք, որ Խզմալյանը թեեւ մշտապես երեւում էր "Նախախորհրդարանի", իսկ այնուհետ` "Հիմնադիր խորհրդարանի" կողքին, այդ շարժումից հեռացել է ոչ թե անցյալ տարվա վերջում, երբ, ըստ իրեն, պարզապես չի ուզեցել ընտրվել "Հիմնադիր խորհրդարան", այլ անցյալ տարվա սկզբին: Հիմա հարց է ծագում` իսկ ինչո՞ւ էր Խզմալյանն այդքան երկար դա թաքցնում, արդյո՞ք դա ինքն իրեն միամիտի տեղ դնելով` "շուստրիություն" անելու տարբերակ չէր: Հիշո՞ւմ եք, 2012-ի ԱԺ ընտրությունները, երբ Խզմալյանը իբր "չգիտեր", որ իր կինը հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակում: Ինչ վերաբերում է Եղնուկյանին, ապա պարզվում է Սէֆիլյանը զարմանալիորեն չգիտեր, որ սույն made in USA կերպարանքը բավականին երկար Վարդան Օսկանյանի "Զիբիլիթաս"-ում, կներեք, "Սիվիլիթասում" էր. "Նախ` նոր եմ դա լսում, բայց այնտեղ մի քանի տասնյակ մարդ կա": Դե ինչ ասես, սրանք նույնիսկ չեն էլ բարեհաճում տեղեկացնել Սէֆիլյանին` սեփական կենսագրության մասին:
Հա, մեկ էլ զարմանալի է, որ նույն "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ" դրամահավաք է սկսել. "Հիմնադիր խորհրդարանի" քարտուղարությունը կոչ է անում ֆինանսական աջակցություն ցուցաբերել` հունվարի 31-ի ահաբեկչության հետեւանքով շարժման մասնակիցների կրած նյութական վնասները փոխհատուցելու, ինչպես նաեւ նոր տեսախցիկներ ձեռք բերելու նպատակով": Եղած-չեղածը մինչեւ հիմա 2500 դոլար է հավաքվել, սակայն էականը դա չէ: Զարմանալի է, սնուցման դրսի աղբյուրներ ունենալով եւ բավականին ճոխ ավտոմեքենաների շարասյունով մեկնելով Արցախ` ավտոերթի, մի՞թե վերանորոգման փող չունեն: Թե դա ընդամենը յուրատեսակ "փիառ"-ի ձեւ է: Ինչեւէ, հուսանք, որ այդ շարժման մասնակիցները բավականաչափ խոհեմություն կունենան, որպեսզի գործի "ինչ լինում է` ժեշտին լինի" ժողովրդական բանաձեւը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

