ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է «ՊԱՌԱՆՈՅԻ»
Արխիվ 12-16ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է «ՊԱՌԱՆՈՅԻ»
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողներս հերթական անգամ փորձեցինք «լեզու գտնել» ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: Առաջին հայացքից թվաց, որ նախարարի մոտ նախորդ տարվա համեմատ առաջընթաց կա, եւ կարելի է նրա հետ որոշ ոլորտային խնդիրների մասին խոսել, հատկապես ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման եւ կարգաբերման աշխատանքների մասին: Ինչի վերաբերյալ Ա. Գրիգորյանը նշեց. «Դուք բոլորդ տեղեկացված եք, թե նախորդ տարվա կտրվածքով` այդ ոլորտում ինչ հաջողություններ ենք ունեցել: Մենք 753 միլիոն խորանարդ մետր խնայողություն ենք ապահովել եւ, բնականաբար, աշխատանքները չենք ավարտել` կլիմայական պայմանների պատճառով, քանի որ ձմեռ էր, եւ եղանակը թույլ չէր տալիս, որպեսզի լիարժեք գործունեություն ծավալենք: Բնականոն ձեւով մենք շարունակելու ենք մեր աշխատանքները, քանի որ դա մեր հետագա սերունդների հետ կապված խնդիր է, եւ հուսով եմ, որ մեզ կհաջողվի իրականացնել այն, ինչ որ մեր առջեւ դրված է եւ ձեզ տեսանելի է»: Ապա սկսեց սրտնեղել. «Հաճախ հրավիրում ենք ձեզ բոլորիդ, բայց, չգիտեմ ինչու, որոշները խուսափում են մեզ հետ գալ, որպեսզի ավելի հստակ, ձեր աչքով տեսնեք` ինչ է կատարվում»: Իսկ երրորդ հարցն արդեն, հավանաբար նախարարին հիշեցրեց հայտնի երգի տողերը` «Մի հատը լավ է, երկուսը բավ է, բայց լավ իմացիր` երրորդը շառ է»: Այն հարցին, թե եթե իր սպասումները չարդարացվեն, եւ նախատեսված աշխատանքները այդպես էլ չստացվեն ավարտին հասցնել, արդյո՞ք նա հրաժարական կտա, վերջինս լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` իր հին ոճով նյարդայնացավ. «Ես ձեր հարցին բացարձակապես ցանկություն չունեմ պատասխանելու, որովհետեւ մի քանի անգամ դուք իմ խոսքերը խեղաթյուրել եք եւ, բնականաբար չեմ ուզում ձեզ հետ խոսել»: Սա, իհարկե, կհամարեինք բացառիկ դեպք, եթե պարոն Գրիգորյանը նույն տեքստը ասած չլիներ եւս մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների` տարբեր առիթներով: Ուստի` զարմանալի է, որ բնապահպանության նախարարը լրագրողների նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ունենալով ու լրագրողական հարցերին ընտրովի պատասխանելով հանդերձ` դեռ նեղվում է, որ իր հետ մարզեր հրաժարվում են մեկնել շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Չէ՞ որ լրագրողը Բնապահպանության նախարարության աշխատակից չէ ու դժվար թե «կուլ տա» նմանատիպ վիրավորանքները: Հետեւաբար, պարոն նախարար, Ձեզ հետ անգամ մատաղ ուտելու գնալու համար պետք է երկմտել, ուր մնաց ձեզ հետ մեկնել` հորեր լուծարելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

