"ԻՄ ԲՈԼՈՐ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԵՐԸ ԹՈՂԱԾ` ՊԵՏՔ Է ՄԵԿՆԱԲԱՆԵՄ ԲՀԿ-ԱԿԱՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԻՆՉ-ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր"
Արխիվ 12-16
Երեկ` մինչեւ ՀՀԿ խորհրդի նիստը, լրագրողներս ճեպազրույց ունեցանք ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ, ով չբացելով ներքաղաքական որոշումների շատ փակագծեր` այնուամենայնիվ, անդրադարձավ քաղաքական վերջին զարգացումներին:Մասնավորապես, ՀՀԿ խորհրդի նիստում նախատեսված որոշումների վերաբերյալ Ա. Աշոտյանը նշեց, որ դրանք կարեւոր են, քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ոչ միայն իշխող քաղաքական ուժ է, այլ նաեւ քաղաքական ռիթմի թելադրող. "Ակնհայտ է, որ մեր կուսակցական բոլոր որոշումներն ունեն իրենց ազդեցությունը, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Այս առումով ցանկանում եմ շեշտել, որ մեր որոշումները կայացվում են բացառապես ժողովրդավարական ընթացակարգերով եւ բաց քննարկումների միջոցով: Կարծում եմ` Հանրապետականի հերթական կարեւոր որոշումն օրակարգ կարող է ծառայել մեր երկրի հետագա զարգացման համար": Հարցին, թե ինչպե՞ս է նախարարը վերաբերվում ԲՀԿ-ական հայտարարություններին, որ իրենց ակտիվիստին առեւանգողներին ու ծեծի ենթարկողներին, եթե չբացահայտեն, ապա իրենք կոնկրետ անձանց հրաժարականներ են պահանջելու, ՀՀԿ փոխնախագահն ի պատասխան` ասաց. "Դուք կարծում եք, որ քաղաքական օրակարգը թողած, իմ բոլոր կարեւոր գործերը թողած` պետք է մեկնաբանեմ ԲՀԿ-ական որոշ գործիչների ինչ-որ հայտարարություննե՞ր: Առհասարակ, Հայաստանի ներքին քաղաքական զարգացման, ինչպես նաեւ ԲՀԿ-ի հետ կապված` մենք կունենանք միասնական դիրքորոշում, եւ այն ձեզ հայտնի կդառնա": Ապա շեշտեց, որ ակտիվիստի առեւանգումը ՀՀԿ-ն դատապարտել է մի քանի անգամ եւ վերահաստատել իր տեսակետը: Իսկ թե արդյո՞ք դեռեւս համապատասխան դիրքորոշումն է մշակում ՀՀԿ-ն, պարոն Աշոտյանը ուղղեց հարցը. "Այդ դիրքորոշումը չի մշակվում, այլ եփվում է եւ քննարկվելու է: Լինելու են կարծիքներ` բնականաբար, ազատ արտահայտման հնարավորությամբ, եւ կկայացվի որոշում: Դուք կարող եք վստահ լինել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության աչքից չի վրիպում ոչ մի երեւույթ Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ ոչ մի հայտարարություն: Եվ այն բոլոր հրապարակային հայտարարությունները, անվանական քննադատության եւ նախազգուշացման նետերը դեպի կոնկրետ քաղաքական գործիչների վրա, բնականաբար, անհետեւանք չի մնում եւ անուշադրության չի մատնվում": Եվ կրկին անդրադառնալով ԲՀԿ-ի հնարավոր ամբողջական իշխանության հրաժարականի պահանջին` բանախոսը ընդգծեց. "Մենք գիտաֆանտաստիկ ժանրի՞ց ենք խոսում, թե, իրոք, կարծում եք, որ այդպիսի բան կհնչի: Հատկապես այն քաղաքական ուժը, որն իրեն վերագրում է ինչ-որ դերակատարություն, առաքելություն, պետք է կարողանա կարծիք հայտնել, այդ կարծիքին հետամուտ լինել, գործողություններ իրականացնել եւ պատասխանատվություն կրել: Այս շղթան է, որ բնութագրում է, թե որքանով է քաղաքական ուժն իրականում քաղաքական ուժ, ոչ թե բիզնես նախագիծ կամ հետաքրքությունների ակումբ, կամ էլ քաղաքականության հետ որեւէ առնչություն չունեցող մարդկանց հավաքածու":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

