ՀՀԿ-Ի "ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ" ԼՑՎԵՑ
Արխիվ 12-16ՀՀԿ-Ի "ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ" ԼՑՎԵՑ
Կայացավ ՀՀԿ Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր ծրագրային ելույթում հայտարարեց "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից ազատելու մասին: Ապա նշեց, որ գործընթաց կսկսվի խորհրդարանի նիստերին գրեթե չմասնակցող Գ. Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ: "Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որեւէ զարգացման ուղղակի արգելակ", - նշել է ՀՀ նախագահը: Ներքաղաքական նոր իրավիճակ ու ռիթմ թելադրող այս ելույթից հետո ԲՀԿ-ի վարքագծի մասին մեզ հաջողվեց զրուցել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներից մի քանիսի հետ:
"ԱՅՍՊԻՍԻ ՇԱՆՏԱԺ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՍՑԵԻՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է"
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ ասաց. "Եթե իշխանությունների հասցեին թույլ են տալիս անզգույշ արտահայտություն, ապա դա կբերի նրան, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց: Այսպիսի շանտաժ իշխանությունների հասցեին անթույլատրելի է, որովհետեւ ցանկացած իշխանություն ունի խնդիրներ, որոնք կապված են ազգային անվտանգության հետ, եւ դա հենց այն է, ինչը երբեք չի կարելի թույլ տալ: Եթե իշխանությունը չի կարողանում այս իրավիճակում ճիշտ եւ օպերատիվ լուծումներ կատարել, ապա նա չի կատարում իր հիմնական առաքելությունը` պետության անվտանգության ապահովումը":
"ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ, ԻՀԱՐԿԵ,
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՀՐԱՎԻՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ"
Իսկ թե ինչո՞ւ հենց հիմա լցվեց ՀՀԿ-ի "համբերության բաժակը", պարզաբանեց ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ. "Երբ արդեն անձնական վիրավորանքների են անցնում եւ մարդու ինքնասիրությանն են կպնում, այսինքն` բոլորիս, դա արդեն որեւէ քաղաքական քննարկումների դաշտում չի կարող լինել: "Թուլամորթ իշխանություն" եւ նմանատիպ այլ հայտարարություններ անելով` կազմակերպված տգետ քննարկումների արդյունքը հանգեցրեց նրան, որ պետք էր ընդհանրական տեսակետ հնչեցնել": Թե ի՞նչ գործընթաց կսկսվի ԱԺ պատգամավոր Գ. Ծառուկյանին խորհրդարանական բացակայությունների պատճառով մանդատից զրկելու ուղղությամբ, Հ. Սահակյանը հավելեց. "Բացակայությունների հետ կապված` ԱԺ կանոնակարգ-օրենքը հստակ սահմանում է եւ նաեւ Սահմանադրական պահանջ է, որ այն պատգամավորները, ովքեր մեկ նստաշրջանի կեսից ավելի քվեարկություններին եւ նիստերին բացակայել են, ապա նրանք զրկվում են մանդատից: Այնպես որ, կա ԱԺ կանոնակարգ-օրենք, կա սահմանադրություն, որին համապատասխան եւ համահունչ ԱԺ նախագահը, իհարկե, խորհրդակցություն կհրավիրի եւ միջոցներ կձեռնարկի":
"ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՍԱ ՆԱԵՎ ՈՐՈՇԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔ ԷՐ"
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ այլ տեսակետ ունի. "Ասել, որ իրավիճակը գագաթնակետին է հասել, ճիշտ չի լինի: Քաղաքական որոշումները կայացվում են համապատասխան վերլուծության հիման վրա, եւ այն ունի իր տրամաբանությունը, իսկ թե ինչու հենց այս պահին, բնականաբար, նաեւ որոշակի վերլուծության արդյունք էր":
"ԹԱԼԱՆՉԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՐԵՐԱՐ ԼԻՆԵԼ"
ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ` ՀՀԿ խորհրդի նիստից հետո զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ, ով գտնում է, որ այսպիսի հայտարարությամբ հանդես գալու պահը վաղուց էր հասունացել.
– Կարծում եմ` նաեւ մի քիչ ուշացած էր նույնիսկ այս հայտարարությունը, ինչպես նախագահը նշեց իր ելույթում, եւ բավականին տեղին էր: Այն, ինչ որ կատարվում էր հանրապետությունում` ներքաղաքական դաշտում ժողովրդին ապակողմնորոշելու առումով, ամեն ինչը դրվեց իր տեղը, եւ իրերն իրենց անունով սկսեցին կոչել: Այսինքն` թալանչին չի կարող բարերար լինել: Մենք հայտարարում ենք, որ բոլոր նրանք, ովքեր խուսափում են հարկերը վճարելուց եւ դրա անվան տակ բարեգործություններ են ուզում իրականացնել, դա իրական չէ, այլ իրականությունից բավականին հեռու է: Իրական հարկային դաշտում աշխատող որեւէ գործարար չի կարողանում այդպիսի բարեգործություններ իրականացնել եւ նման հարստություններ դիզել:
– Պարոն Մելիքյան, որքանո՞վ է հավանական, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից Գ. Ծառուկյանին զրկելուն կհաջորդի խորհրդարանական մանդատից զրկելը, քանի որ այդ մասին նույնպես նշել էր ՀՀ նախագահը:
– Կարծում եմ, որ անպայման այդ հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եւ այդ հարցն անպայման քննարկման առարկա լինելու է: Այդ մասին խոսեց նաեւ ԱԺ նախագահը` ընդհուպ ընդունելով իր մեղքը, որ ժամանակին դա չի արել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

