100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՊԱՌԱԿՏԻՉՆԵՐԻ
Արխիվ 12-16100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՊԱՌԱԿՏԻՉՆԵՐԻ
"Հիմնադիր խորհրդարանի" քայլերի հետեւանքով ստեղծված տհաճ իրավիճակին բավականին անսպասելի գնահատական է տվել մի մարդ, որին դժվար է կասկածել իշխանությանը սիրելու մեջ: Խոսքը ԱՄՆ-ում ապրող խորհրդային ժամանակների քաղբանտարկյալ Շահեն Հարությունյանի մասին է` Շանթ Հարությունյանի հոր: Նա բոլոր տեսակի ցնցումային իրադարձությունները համարում է մեկ միասնական շղթա` Գյումրիի սպանությունով սկսած, Բերձորի միջադեպով վերջացրած:
ԹՈՒՐՔՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐՍԻՑ
ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ
Ահա թե ինչ է ասել Շահեն Հարությունյանը. "Ծիծաղելի վիճակ էր ստեղծվել. սա էր ամբողջը: Այդ խաղը կազմակերպված էր, եւ, կարծում եմ, որ գուցե հենց Ժիրայր Սէֆիլյանն էլ մասնակից է, ու ինքը դառնար այդ խաղի զոհը: Դրանով ատելություն են հրահրում ղարաբաղցիների եւ հայաստանցիների միջեւ, որ ասեն` հերն էլ անիծած, թող հանձնեն, պրծնենք: Այս մոտեցումը առաջ կբերեն ժողովրդի մեջ: Եթե իրոք Սէֆիլյանն այդ խաղի մասնակից է, ապա ինքը վերջում զոհ կդառնա":
Սակայն միայն Արցախի հարցի մասին չէ խոսքը: Հիշենք նույն "Հիմնադիր խորհրդարանի" կարգախոսը` "100-ամյակն առանց ռեժիմի", որը ենթադրում է ապրիլի 24-ին այնպիսի գործողություններ, որոնք անկախ տարատեսակ հավաստիացումներից` անխուսափելիորեն կհանգեցնեն ոստիկանության հետ բախումների: Իսկ դա ձեռնտու է միայն Թուրքիային եւ Թուրքիայի հետ կապակցված որոշակի գլոբալ ուժերին, այդ թվում եւ "քեռի Սեմին": Հիմա ի՞նչ իրավիճակ է` 100-ամյակի հետ կապված: Էրդողանը ամբողջ աշխարհի ղեկավարներին կանգնեցրել է երկընտրանքի առաջ` կա՛մ իմ մոտ եք գալիս, կա՛մ Հայաստան եք գնում: Թե ինչքանո՞վ ներկայացուցչական կլինեն 100-ամյակի միջոցառումները` ստույգ ասել հնարավոր չէ, սակայն մեր երկիրը քաղելու է ե՛ւ ՀՀ պետական ջանքերի, ե՛ւ Սփյուռքի աշխատանքի պտուղները: Որակապես փոքրիկ Հայաստանը եւ Օսմանյան կայսրության վերածննդի ձգտող Թուրքիան այժմ հավասար խաղացողներ են, ինչը թուրքերն ու իրենց հովանավորները ոչ մի կերպ չեն կարող թույլ տալ: Իրենց պետք է ցանկացած գնով պայթեցնել Հայաստանի իրավիճակը ներսից, եւ այնպես պայթեցնել, որ 100-ամյակի միջոցառումները պարզապես վիժեցվեն: Ու նույն ճիվաղ Պերմյակովի թիկունքում թուրքական հետք տեսնելը առավել քան հիմնավոր է` հիշենք, որ ամերիկյան եւ թուրքական կայքերը Գյումրվա հանցագործության մասին լուրը հրապարակեցին դեպքից մի ժամ էլ չանցած... Հիմա նույն "Հիմնադիր խորհրդարանի" պարագայում ո՞վ կարող է երաշխավորել, որ կասկածելի ծագում ունեցող տիկնիկավարները կապ չունեն թուրքերի հետ: Ու արդյո՞ք նույն Սէֆիլյանն ու մյուս ազատամարտիկները ընդամենը շիրմա չեն: Մտապահենք Շահեն Հարությունյանի զգուշացումը` զոհ դառնալու վերաբերյալ` եթե Գյումրվա ճիվաղային հանցագործությունը ռուս զինծառայողի ձեռքով կարողացել են կազմակերպել, ապա արդյո՞ք անհավանական պետք է համարել, որ կարող են կազմակերպել եւ նույն Սէֆիլյանի կամ այլ հայտնի ազատամարտիկի սպանությունը:
Իսկ գրանտակեր "քաղաքացիական հասարակության" զգալի մասը փութաջանորեն աշխատում է մի գերխնդրի վրա` մինչեւ ապրիլի 24-ը մթնոլորտը Հայաստանում դարձնել անտանելի: Այնպիսի աղբով է լցված ամբողջ լրատվական դաշտը, որ կայքեր կամ "Ֆեյսբուք" մտնել առանց հակագազի` բավականին վտանգավոր է:
Դե, իհարկե, այդ ամբողջում չէր կարող լույս աշխարհ չգալ տազ արած Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով միշտ էլ դեմ էր եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին եւ ամեն ինչ արել էր Հայ դատին խանգարելու համար: Հիշեցնենք նրա վաղեմի կարգախոսը` "Ազգային գաղափարախոսությունը քաղաքական կեղծ կատեգորիա է": Ու, իհարկե, նա մի հսկայական հոդվածով թույնի մեծ դոզաներ լցրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վրա: Նախ` առաջին իսկ կետում ԼՏՊ-ն կասկածի տակ է դնում հռչակագրի համահայկական բնույթը. "Դժբախտաբար թե բարեբախտաբար, որեւէ մարմին կամ կառույց համայն հայության անունից չի կարող խոսել: Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահներն իրավունք ունեն խոսել միայն իրենց երկրների կառավարությունների, եկեղեցու առաջնորդները` սեփական իրավազորության ենթակա համայնքների, իսկ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները` իրենց համագումարների անունից": Իսկ հռչակագրի կետերից մեկը նա ներկայացնում է լրիվ թուրքավարի. "Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիային ուղղված վերջնագիր, այն էլ` կաղ-վերջնագիր, քանի որ նրանում բացակայում է վերջնագիր հասկացության մյուս պարտադիր բաղադրիչը, այսինքն` թե ինչ է սպասվում հասցեատիրոջը` վերջնագրի պահանջը չկատարելու դեպքում", եւ "Քանի՞ անգամ պետք է ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե մեր` հայերիս, այլ իրենց` թուրքերի գործն է": Իսկ հռչակագրում Սեւրի դաշնագրի հիշատակումը ընդհանրապես ափերից հանել է թուրքամոլ առաջին նախագահին. "Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում արդեն դրվում է պահանջատիրության հարցը: Թե ինչպիսի հետեւանքների կարող է հանգեցնել այս կտրուկ շրջադարձը, միայն Աստված գիտե, իսկ ներկա պահին ընդամենն ակնհայտ է, որ դա չափազանց կբարդացնի ու երկար ժամանակով կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` Հայաստանի ապագայի համար խիստ անհրաժեշտ գործընթացը": Եվ թոշակառուի տարիքի այդ համահայկական բայղուշը վերջում անում է եզրակացություն, թե հռչակագիրն ապօրինի է. "Եվ վերջապես, բացի այս ամենից, հարկ է արձանագրել, որ "Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը" ակնհայտորեն գերազանցել է իր իրավասությունները` կոպտորեն խախտելով "Հայաստանի անկախության մասին հռչակագիրն" ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որոնք, բացի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելու դրույթից, Հայ դատի կամ պահանջատիրության որեւէ այլ տարր չեն պարունակում":
Հարկ է նշել, որ կամա թե ակամա իրավիճակի ապակայունացման մեջ իր լուման ներդրել էր եւ "ԲՀԿ+" քաղաքական ֆորմատը: Ինչ ասես արժեր ԲՀԿ երիտասարդ, կիրթ եւ գրագետ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ քստմնելի հաշվեհարդարը հակաիշխանական սանձարձակ քարոզարշավի վերածելը, օգտվելով նաեւ "Կենտրոն" հեռուստաընկերության հնարավորություններից: Մինչդեռ մամուլում շրջանառվում է վարկած, որ առեւանգումն ու ծեծը պատվիրելու հետ առնչություն ունի ԲՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Ու ընդհանրապես նույնիսկ ամենաչնչին առիթը ԲՀԿ-ի քարոզչամեքենան վերածում է երկրի եւ իշխանության անսահման վատաբանման: Նույնիսկ "ՍԱՍ" սուպերմարկետից թխվածքաբլիթի գողության պատմությունը ԲՀԿ-ի "կիբերզինվորները" փչեցին մինչեւ անսահմանություն, կատաղորեն հարձակվելով բոլոր նրանց վրա, ովքեր չեն կարեկցում գողին, չեն դատապարտում ոստիկանությանը եւ չեն համարում, որ ամեն ինչի մեղավորը Սերժ Սարգսյանն է:
ՕԼԻԳԱՐԽԻԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՐԲԱԹ 13-Ը
Երեկ շատ բաների վերջակետ դրվեց Սերժ Սարգսյանի ելույթով ՀՀԿ խորհրդի նիստին: Ու երկրի ղեկավարի հնչեցրած կոշտ ու սկզբունքային ելույթի առաջին հետեւանքները կգան ի հայտ այսօր` ուրբաթ 13-ին: Ի դեպ, ակամա հիշեցինք, որ 1307 թվականին ուրբաթ 13-ին Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Գեղեցիկը միաժամանակ ամբողջ երկրով մեկ ձերբակալեց հսկայական ստվերային ազդեցություն ձեռք բերած եւ փաստացի Ֆրանսիային տիրացած տամպլիերներին, ու նրանց առաջնորդ Ժակ Մոլեն եւ այլք իրենց վախճանը գտան խարույկի վրա: Իհարկե ոչ բառացի, ընդամենը պատկերավոր եւ զուտ քաղաքական իմաստով մեզանում էլ առկա են Տրնդեզի խարույկները: Բայց դիտարկենք երկրի ղեկավարի ելույթի հիմնադրույթները` կատարելով որոշակի մեջբերումներ: "ԲՀԿ+" համաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ Սերժ Սարգսյանը ներկայացրեց հետեւյալ դիտարկումը. "Մարդ չգիտի` նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել եւ ինչ է ասել հրապարակավ, հետո՞ պատասխանի դրանց, թե՞ միանգամից ասի` ախր, էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր, քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերացիա չէ` այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր": Երկրի ղեկավարը նշեց, որ ձգտելով ընդարձակ կոնսենսուսի` սահմանադրական բարեփոխումներն անհապաղ գործի չի դրել. "Ես դա արել եմ նաեւ անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով, ինչը սակայն հետագայում նրան սպասարկողները սկսեցին կոչել հետքայլ":
Շեշտելով հայրենիքը կրկեսի վերածելու անթույլատրելիությունը Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ իր քաշով երկրորդ քաղաքական ուժի "ֆորմալ առաջնորդը" անհրաժեշտ որակներ չունի. "Քաղաքական լուրջ գործընթացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի` համախմբման մասին դժվար է խոսել, երբ կարեւորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղաքականության եւ տարրական տրամաբանության հետ կապ չունեցող մարդ": Ու պատահական չէ "ֆորմալ լիդերի" հիշատակումը` դրանով թերեւս ակնարկվում է, որ ԲՀԿ-ն իրականում ունի ստվերային առաջնորդ` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, եւ միգուցե ոչ միայն նրա:
ՀՀ նախագահը նաեւ ուղղակիորեն խոստովանել է, որ ԲՀԿ-ի եւ վերջինիս առաջնորդի պարագայում բավականին երկար գործել է սխալներ, որոնց լիմիտը սակայն ամբողջովին սպառված է. "Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալ Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ` անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված "Դոդի Գագո" կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո` բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը` այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ եւ առաջ արել եմ որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարեւոր չլինել ինձ համար` հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու եւ մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղություն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողությունները պարզունակության աստիճանի հասցրած ներկայացնել, եւ ինչ-որ բան չի ստացվել: Սխալվել եմ: Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երեւույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը": Ինչ վերաբերում է ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ դաշնակից կուսակցությունների, ե՛ւ իշխանության օղակների անելիքին, ապա. "Մենք երկար ճանապարհ ենք անցել: Բայց ես շատ լավ գիտեմ, թե դուք մտովի որքան ժամանակ է ինձ մեղադրում եք նման քաղաքական կամ ավելի շուտ վայ-քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին` աճեցնելու համար: Այո՛, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել, իմ ու մի քանի այլոց, ովքեր թեեւ դա անում էին ոչ թե "հանուն", այլ "ընդդեմ" նպատակներով, բայց նրանց մեղքն էլ ես իմն եմ համարում:
Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչեւ վերջ եւ հստակ: Այլեւս որեւէ մեկը կանգնելու կամ հապաղելու իրավունք չունի:
Իսկ հիմա, հարգելի ներկաներ, մեր քայլերի մասին:
1. Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա` չգա:
2. 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:
3. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը` չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, "բարեգործության" անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին` հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին:
4. Շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:
Վերջում ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երեւույթի մասին էր: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ գործարար, ես նրա հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը: Այսքանը":
Ահա եւ վերջ, սրանով վերջակետ է դրվում ԲՀԿ-ի վիթխարի քաղաքական եւ ֆինանսական հնարավորությունները անհասկանալի, ստվերային, ակնհայտորեն ապակայունացնող եւ երկրին վնաս հասցնող գործընթացներին ծառայեցնելու ժամանակաշրջանի վրա: ԲՀԿ-ում առկա կարող, խելացի, հայրենասեր անհատները, ում առկայության մասին քանիցս շեշտեց երկրի ղեկավարը, այժմ հայտնվել են բավականին լուրջ մարտահրավերի առաջ` կուսակցությունը բերել ռեալ քաղաքական դաշտ, ռեալ կողմնորոշվել` իշխանության գործընկե՞ր ուժ են, թե՞ կառուցողական ընդդիմություն, որի հետ հաշվի են նստում: Բայց, որը անպայման ունի սեփական գաղափարական եւ աշխարհաքաղաքական դեմքը` "շուստրիավարի" տարբեր ստվերային խաղեր խաղալը դա քաղաքական վարքագիծ չէ: Հա, համ էլ հուսանք, որ գոնե հեռուստաեթերը այլեւս կպարտադրեն մաքրել տեղեկատվական գարշահոտ թույնից:
Ինչեւէ, սպասենք հետագա զարգացումներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

