Գագիկ Մելիքյան. «ԹԱԼԱՆՉԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՐԵՐԱՐ ԼԻՆԵԼ»
Արխիվ 12-16Գագիկ Մելիքյան. «ԹԱԼԱՆՉԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՐԵՐԱՐ ԼԻՆԵԼ»
ՀՀԿ խորհրդի նիստին ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին` տվեց կոշտ գնահատականներ եւ արդյունքում ԲՀԿ-ն, այդ թվում` Գագիկ Ծառուկյանը, հայտնվեց ստվերում` զրկվելով իշխանության ընձեռած հնարավորություններից: ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ` ՀՀԿ խորհրդի նիստից հետո զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ, ով գտնում է, որ այսպիսի հայտարարությամբ հանդես գալու պահը վաղուց էր հասունացել.
-Կարծում եմ` նաեւ մի քիչ ուշացված էր նույնիսկ այս հայտարարությունը, ինչպես Նախագահը նշեց իր ելույթում, եւ բավականին տեղին էր: Այն, ինչ-որ կատարվում էր հանրապետության ներքաղաքական դաշտում ժողովրդին ապակողմնորոշելու առումով, ամեն ինչը դրվեց իր տեղը, եւ իրերն իրենց անունով սկսեցին կոչել: Այսինքն` թալանչին չի կարող բարերար լինել: Մենք հայտարարում ենք, որ բոլոր նրանք, ովքեր խուսափում են հարկերը վճարելուց եւ դրա անվան տակ բարեգործություններ են ուզում իրականացնել, դա իրական չէ, այլ իրականությունից բավականին հեռու է: Իրական հարկային դաշտում աշխատող որեւէ գործարար չի կարողանում այդպիսի բարեգործություններ իրականացնել եւ նման հարստություններ դիզել:
-Պարոն Մելիքյան, որքանո՞վ է հավանական, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից Գ. Ծառուկյանին զրկելուն կհաջորդի պատգամավորական մանդատից զրկելը, քանի որ այդ մասին նույնպես նշել էր ՀՀ նախագահը:
- Կարծում եմ, որ անպայման այդ հարցը քննարկման առարկա կարող է դառնալ եւ այդ հարցն անպայման քննարկման առարկա լինելու է: Այդ մասին խոսեց նաեւ ԱԺ նախագահը` ընդհուպ ընդունելով իր մեղքը, որ ժամանակին դա չի արել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

