ՀՀԿ-Ի «ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ» ԼՑՎԵՑ
Արխիվ 12-16ՀՀԿ-Ի «ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ» ԼՑՎԵՑ
Կայացավ ՀՀԿ Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր ծրագրային ելույթում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից ազատելու մասին որոշումը: Ապա նշեց, որ գործընթաց կսկսվի խորհրդարանի նիստերին գրեթե չմասնակցող Գ. Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ: «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որեւէ զարգացման ուղղակի արգելակ», - նշել է ՀՀ Նախագահը: Ներքաղաքական նոր իրավիճակ ու ռիթմ թելադրող այս ելույթից հետո ԲՀԿ-ի վարքագծի մասին մեզ հաջողվեց զրուցել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներից մի քանիսի հետ:
«ԱՅՍՊԻՍԻ ՇԱՆՏԱԺ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ասաց. «Եթե իշխանությունների հասցեին թույլ են տալիս անզգույշ արտահայտություն, ապա դա կբերի նրան, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց: Այսպիսի շանտաժ իշխանությունների հասցեին անթույլատրելի է, որովհետեւ ցանկացած իշխանություն ունի խնդիրներ, որոնք կապված են ազգային անվտանգության հետ եւ դա հենց այն է, ինչը երբեք չի կարելի թույլ տալ: Եթե իշխանությունը չի կարողանում այս իրավիճակում ճիշտ եւ օպերատիվ լուծումներ կատարել, ապա նա չի կատարում իր հիմնական առաքելությունը` պետության անվտանգության ապահովումը»:
«ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ, ԻՀԱՐԿԵ, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՀՐԱՎԻՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ»
Իսկ թե ինչո՞ւ հենց հիմա լցվեց ՀՀԿ-ի «համբերության բաժակը», պարզաբանեց ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ. «Երբ արդեն անձնական վիրավորանքների են անցնում եւ մարդու ինքնասիրությանն են կպնում, այսինքն`բոլորիս, դա արդեն որեւէ քաղաքական քննարկումների դաշտում չի կարող լինել: «Թուլամորթ իշխանություն» եւ նմանատիպ այլ հայտարարություններ անելով` կազմակերպված տգետ քննարկումների արդյունքը հանգեցրեց նրան, որ պետք էր ընդհանրական տեսակետ հնչեցնել»: Թե ի՞նչ գործընթաց կսկսվի ԱԺ պատգամավոր Գ. Ծառուկյանին խորհրդարանական բացակայությունների պատճառով մանդատից զրկելու ուղղությամբ, Հ. Սահակյանը հավելեց. «Բացակայությունների հետ կապված մեր ԱԺ կանոնակարգ-օրենքը հստակ սահմանում է եւ նաեւ սահմանադրական պահանջ է, որ այն պատգամավորները, ովքեր մեկ նստաշրջանի կեսից ավելի քվեարկություններին եւ նիստերին բացակայել են, ապա նրանք զրկվում են մանդատից: Այնպես որ, կա ԱԺ կանոնակարգ-օրենք, կա սահմանադրություն, որին համապատասխան եւ համահունչ ԱԺ նախագահը, իհարկե, խորհրդակցություն կհրավիրի եւ միջոցներ կձեռնարկի»:
«ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՍԱ ՆԱԵՎ ՈՐՈՇԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԷՐ»
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ էլ այլ տեսակետ ունի. «Ասել, որ իրավիճակը գագաթնակետին է հասել, ճիշտ չի լինի: Որոշումները քաղաքական կայացվում են համապատասխան վերլուծության հիման վրա եւ այն ունի իր տրամաբանությունը, իսկ թե ինչու հենց այս պահին, բնականաբար, նաեւ որոշակի վերլուծության արդյունք էր»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

