«ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԻ»
Արխիվ 12-16«ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԻ»

«ՈՐ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԻՑ` ԱՊՐԻ ՄԵՐ, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ…»
- Արդարադատության նախարարը իր համբավով նորարար է: Ձեր համակարգման ոլորտներում ի՞նչ նորարարություններ եք անում: (ԱՐՄԵՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ք. Երեւան)
- Իրոք, մեր առջեւ արդարադատության նախարարը խնդիր է դրել, որպեսզի ամեն ինչ անենք, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բարելավվի թե՛ արդարադատության ոլորտում, թե՛ հարակից ոլորտներում, ինչպես նաեւ երաշխավորենք մարդու իրավունքները: Նորարարությունը հիմնականում վերաբերում է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը: Նշեմ դրանցից մի քանիսը. քրեակատարողական հիմնարկներում ներդնելու ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, որտեղ տեղեկատվություն կլինի ցանկացած դատապարտյալի գործի, նրա շարժի, առողջական վիճակի, տույժերի, խրախուսանքների մասին: Նաեւ էլեկտրոնային նոտարի համակարգն ենք կատարելագործելու եւ բոլոր ծառայությունները, որը հնարավոր է, այդ տարբերակով ենք իրականացնելու: Ներկայումս աշխատում ենք փաստաբանների կրթությունը որոշակի ինտերակտիվ մեթոդների միջոցով հեռահար տարբերակով իրականացնելու ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան կրթվել եւ վերապատրաստվել էլեկտրոնային եղանակով: Այսինքն` առանց այցելելու մայրաքաղաք, նրանք կկարողանան մասնակցել այդ դասընթացներին:
- Ին՞չ բարեփոխումներ են իրականացվում քրեակատարողական համակարգում: Արդյո՞ք բարեփոխումները բարեփոխումների համար են արվում, թե ցույց տալու, PR անելու… (ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ, ք. Երեւան)
- Քրեակատարողական համակարգը բավականաչափ լուրջ կառույց է, որտեղ մարդիկ գտնվում են անազատության մեջ եւ որտեղ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած դեռեւս Խորհրդային տարիներից: Մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում եւ մեր խնդիրը զուտ ներկայացնելը չէ: Ուզում ենք, որ բարեփոխման արդյունքները տեսնի մեր յուրաքանչյուր քաղաքացին, դատապարտյալը եւ նաեւ դատապարտյալի հարազատները: Այդ բարեփոխումների նպատակն առաջին հերթին այն է, որ դատապարտյալը վերադառնալով ազատազրկման վայրից` ապրի մեր, մեր երեխաների, մեր հարեւանների կողքին` մեր թաղամասերում, մեր համայնքներում: Եվ դրա համար պետք է ցանկացած արդարադատության նախարարության, քրեակատարողական հիմնարկի աշխատակից հասկանա, որ պետք է անել հնարավորինս, որպեսզի այդ անձանց վտանգավորությունը նվազի, որպեսզի նրանք լիարժեք անդամ լինեն` ներգրավվելով աշխատանքի մեջ ու դառնալով իրենց ընտանիքների համար պիտանի: Իհարկե, մենք խնդիր ունենք նաեւ քրեակատարողական հիմնարկներում անձի իրավունքների երաշխավորելու, դրա համար էլ, ինչպես գիտեք, բարելավում ենք քրեակատարողական հիմնարկի պայմանները, գերբեռնվածության խնդիրն ենք լուծում` նոր քրեակատարողական հիմնարկ բացելով եւ պրոբացիայի ծառայություն ներդնելով: Ինչպես նաեւ առողջապահական ծառայություններն ենք բարելավում, քրեակատարողական ծառայողի աշխատանքային պայմաններն ենք բարելավում, որովհետեւ հաճախ քրեակատարողական ծառայությունը ցանկալի աշխատանքի վայր չէ նաեւ մեր քաղաքացիների համար: Չէ՞ որ այնտեղ փակ պայմաններ են եւ նրանք շփվում են դատապարտյալների հետ: Հետեւաբար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի աշխատակիցներն էլ հաճույքով այնտեղ աշխատեն ու սոցիալական երաշխիքներ ունենան:
ԵՐԲ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱԿԱՆ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԷԼ. ՀԱՄԱԿԱՐԳ

-Ի՞նչ է իրենից ներկայացնում ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգը եւ ի՞նչ առավելություն է այն նախատեսելու քաղաքացիների համար: (ԱՆԻ, ք. Երեւան)
- ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգը ներդրվեց եւ պարտադիր դարձավ 2014 թվականի սեպտեմբերի 30-ից: Դա մի համակարգ է, որը թույլ է տալիս մեր ծառայություններն ավելի որակով մատուցել եւ ավելի կարճ ժամանակահատվածում: Ամբողջ ՔԿԱԳ մարմինների միջեւ տեղեկատվությունը (ուղղումները, փոփոխումները) էլեկտրոնային եղանակով են փոխանակվում: Եթե այն ժամանակ դրանք մարզերից Երեւան էին գալիս փոստով, ինչի համար շատ երկար ժամանակ էր պահանջվում, ապա ներկայումս էլեկտրոնային եղանակով են փոխանցվում, այսինքն` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ժամկետներն են կրճատում: Եվ, իհարկե, փաստաթղթերը կորցնելու հավանականությունը զրոյի է հավասարվում, որովհետեւ քաղաքացիների փաստաթղթերը հիմնականում արդեն թվայնացված են: Փորձում ենք նաեւ դրանով արխիվները կանոնակարգել` սկսած 1900-ական թվականներից քաղաքացիների փաստաթղթերը թվայնացնելով: Այս տարի շարունակելու ենք այդ աշխատանքները եւ հուսով ենք` արդեն ոչ միայն ՔԿԱԳ մարմինները իրենց մեջ այդ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով կփոխանակեն, այլ նաեւ քաղաքացին էլ հնարավորություն կունենա, օրինակ, տեղականքը ստանալու համար իր նույնականացման քարտով մուտք գործել էլ.համակարգ եւ պատվիրել այդ տեղեկանքը` խնդրելով իրեն փոստային առաքում անել: Առավել նպաստավոր է սա նաեւ մեր այն քաղաքացիների համար, որոնք ժամանակավորապես գտնվում են արտերկրում, օրինակ, ամուսնության բացակայության մասին տեղեկանք կամ ծննդյան վկայականի պատճեն ստանալու ու նմանատիպ այլ գործարքներ կատարելու համար, բավական է դիմել էլեկտրոնային եղանակով եւ տեղեկանք ստանալու համար այլեւս կարիք չի լինի գալ Հայաստան կամ երկար փոստային առաքումների սպասել:
- Անցած տարի ամռանը դիմել եմ ՔԿԱԳ տարածքային մարմին՝ երեխայիս ծննդյան վկայականը ստանալու նպատակով: Այդ ընթացքում պարզվեց, որ ծննդյան ակտում կատարվել է ծննդյան ամսաթվի սխալ գրանցում եւ ըստ ՔԿԱԳ մարմնի աշխատակիցների, այն պետք էր ուղղվեր միայն ուղղման գործ կազմելով: Ուղղման գործի քննարկումը ՔԿԱԳ մարմնում տեւեց համարյա մեկ ամիս, ինչը խնդիր էր առաջացնում երեխային դպրոցում գրանցելու համար: Սակայն, երբ դա փոխանցվեց արդարադատության նախարարության հաստատմանը, պարզվեց, որ այնտեղ կարելի է կատարել արտաբյուջետային վճարներ` գործը արագ ստանալու համար: Արդյո՞ք հնարավոր չէ նախատեսել ՔԿԱԳ մարմիններում նման վճարումներ, որոնք հնարավորություն կտան կրճատել գործառույթների ժամկետները: (ժԵՆՅԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ, ք. Երեւան)
- Ներկայումս տարածքային մարմիններում, իսկապես, այդ արտաբյուջետային վճարումները չկա, այսինքն` եթե ուզում ես սահմանված ժամկետից ավելի շուտ գործը ստանալ, այդ հնարավորությունը նախատեսված չէ: Մենք այժմ մշակում ենք համապատասխան իրավական ակտ, որը թույլ կտա տարածքային կենտրոններին սահմանվածից շուտ տալու դեպքում օրինական արտաբյուջետային վճարումներ գանձել: Բայց, միեւնույն ժամանակ, ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մեր քաղաքացիության ակտերի էլեկտրոնային կառավարման համակարգը, երբ ներդրվել է, նպատակ ունի, որպեսզի այդ թղթագրությունը տարածքային բաժինների եւ կենտրոնական գործակալության միջեւ արագ լինի: Այնպես որ, այդ հարցի լուծումը արդեն կա:
«ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԱՐԵԼ ԵՆՔ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱՅԼԵՎՍ ԴԻՄԵԼՈՎ ՔԿԱԳ ՄԱՐՄԻՆ` ԴԻՄՈՒՄ ՉԻ ԼՐԱՑՆՈՒՄ»
- Հարցս վերաբերվում է ՔԿԱԳ մարմինների աշխատակիցների վարքագծի բարելավմանը, որոնք երբեմն իրնեց իրավունք են վերապահում քաղաքացիների հետ շփման ընթացքում իրենց թույլ տալ կոպիտ վերաբերմունք: Արդյո՞ք նախատեսվում է որեւէ կերպ լուծել տվյալ խնդիրը: (ՔՐԻՍՏԻՆԱ ԱՐՄԵՆՈՎՆԱ, ք. Երեւան)
- Հորդորում ենք, որպեսզի ցանկացած նման դեպք հայտնվի արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում: Բազմիցս հայտարարել ենք, որ մեր թեժ գծով կարող են համապատասխան խնդիրներով դիմել ու հայտնել նման վարքագծի մասին եւ մենք անմիջապես միջոցներ կձեռնարկենք: Բայց այդուհանդերձ ուզում եմ հիշեցնել, որ ապակենտրոնացման քաղաքականության արդյունքում ՔԿԱԳ տարածքային բաժինները ներկայումս գործում են համայնքների ենթակայության տակ: Այսինքն` նրանք քաղաքային կամ գյուղական համայնքների համայնքային ծառայող են եւ այդտեղ նաեւ համայնքի ղեկավարը անելիքներ ունի: Սակայն, մենք պատրաստ ենք ցանկացած խնդիր, եթե առաջանում է, տեղում վերահսկողություն իրականացնել եւ լուծում տալ: Նաեւ բազմիցս հավաքներ ենք արել, էթիկական որոշակի պահանջներ ենք ներկայացրել, որպեսզի ՔԿԱԳ-ի աշխատողները բարեհամբույր լինեն, կիրթ ձեւով վերաբերվեն քաղաքացիներին ու մանրամասն բացատրեն իրենց իրավունքները եւ պարտականությունները, միեւնույն ժամանակ անհրաժեշտության դեպքում օգնեն քաղաքացուն ցանկացած փաստաթղթեր ներկայացնելու, կազմելու գործում, ոչ թե ձեւական, բյուրոկրատական մոտեցում դրսեւորեն: Ավելին` օրենքի ուժով արել ենք այնպես, որ քաղաքացին այլեւս դիմելով ՔԿԱԳ մարմին, դիմում չի լրացնում, այլ տրամադրելով փաստաթղթեր եւ խնդիրը ներկայացնելով` դիմում է էլեկտրոնային եղանակով: Այսինքն` փորձում ենք այդ դաշտը կանոնակարգել եւ շարունակաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ:
«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԻ»

- 2011թ.-ին ընդունված օրենքի համաձայն, նախկինում ցմահ դատապարտված անձանց գործերը կարող էին վերանայվել եւ ցմահ պատիժը փոխարինվեր տարիների: Ըստ Ձեզ, արդյո՞ք Հայաստանի դատավորներն անսխալական են, արդյո՞ք բոլորն են արժանի ցմահի: Եվ, ի վերջո, կան մարդիկ, որոնք իսկզբանե չպետք է ցմահ պատիժ կրեին ու եթե կրում էլ են, արդյո՞ք պետք չէ վերանայել եւ թույլ տալ, որ նրանք էլ վերադառնան ընտանիք: Չէ՞ որ նրանք էլ սպասողներ ունեն: (ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ, ք. Արարատ)
-Նախ նշեմ` անձինք, որոնք դատապարվել են ցմահ ազատազրկման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն են կատարել եւ այդ իսկ պատճառով են դատապարտվել ցմահ ազատազրկման: Ինչ վերաբերում է վերադառնալու պայմաններին, օրենքը նախատեսում է, եւ մենք փորձում ենք մեխանիզմները կատարելագործել, որպեսզի պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը կատարելագործվի, այդ թվում` ցմահ դատապարտյալների համար: Մասնավորապես, ինչպես գիտեք, ներկայումս գործող կանոնակարգ-օրենքի համաձայն, 20 տարի պատիժը կրելուց հետո դատապարտյալը հնարավորություն ունի պայմանական վաղակետ ազատվել: Իսկ գործերի վերանայման վերաբերյալ ասեմ, որ ունենք Քրեական դատավարության օրենսգիրքում համապատասխան գլուխ, որը կանոնակարգում է նոր երեւան եկած հանգամանքների պարագայում գործը վերանայելու հնարավորությունը: Այդ պարագայում ՀՀ արդարադատության նախարարությունը կոնկրետ անելիք չունի, այստեղ անելիք ունեն համապատասխան դատական իշխանության, ինչպես նաեւ քննություն իրականացնող եւ դատախազական մարմինները: Եթե այդ նոր ի հայտ եկած հանգամանքները, այդ թվում` դատական սխալի հետ կապված, առկա են, ապա օրենսդրական հնարավորություն կա այդ գործերը վերանայելու:
«ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏԻԺԸ ԿԿՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍՊԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ»
- Վստահ եմ` տեղյակ եք, որ սիրված դերասան Վարդան Պետրոսյանը դատարանի կողմից դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Հիմա ի՞նչ պայմաններում է նա` առանձի՞ն մենախցում է, թե՞ բանտարկյալների հետ է, մասնավորապես մարդասպանների: (ՔՆԱՐԻԿ, ք. Երեւան)
- Ասեմ, որ սպանության համար դատապարտված անձանց հետ չէ, որովհետեւ մեր քրեակատարողական օրենսգիրքն ունի համապատասխան հոդվածներ, որտեղ անզգուշությամբ հանցագործություն կատարածները անջատ են պահվում դիտավորությամբ հանցագործություն կատարածներից: Այսինքն` այդ հանցագործությունը դիտարկվում է որպես անզգուշությամբ կատարված հանցագործություն, հետեւաբար նա որեւէ կերպ չի կարող սպանության կամ նմանատիպ ծանր հանցագործություն կատարած անձանց հետ մեկտեղ գտնվել նույն բանտախցում:
- Նրա փաստաբանը հայտարարում էր, որ մինչեւ ապրիլ ամիս, Վարդան Պետրոսյանն ազատ կարձակվի, ըստ Ձեզ, որքանո՞վ է սա հնարավոր:
- Չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ: Մենք ունենք համապատասխան դատական վճիռ եւ այն պահից, երբ վճիռը կմտնի օրինական ուժի մեջ ու կներկայացվի այն արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, վճիռը կկատարենք եւ Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Փաստաբանի խնդիրն է, իհարկե, որ իր պաշտպանյալի համար բարենպաստ հետեւանքներ ապահովի: Բայց չեմ կարող այս պահին ասել, թե ինչ հիմքով է նա ասում, որ ապրիլին ազատ կարձակվի: Ենթադրաբար երեւի կարծում է, որ համաներման որոշակի ակտ կլինի: Ամեն դեպքում, այս պահին մենք որեւէ իրավական հիմք չունենք ասելու, որ փաստաբանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը կամ իրատեսական են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Շարունակությունը կարդացե՛ք այստեղ`

