Կյանքից հեռացավ գրող, հրապարակախոս, արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միության անդամ, ՀԳՄ "Վաստակի համար" ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, ավելի քան 30 գրքերի հեղինակ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԸ: 81 տարեկան հասակում կյանքից հեռացած մշակույթի գործիչը նաեւ "Իրավունքի" լավագույն բարեկամն էր, ով հաճախ էր հրապարակախոսություններով զարդարում թերթի էջերը…
"Հորս մարդ տեսակն այսպիսին է. բարի, կամեցող, կարիքավորին միշտ օգնելու պատրաստակամ աջակցելու` ի գիտություն ունենալով այն դիտարկումը, որ լավություն պետք է անել գիշերով, որ ոչ ոք չտեսնի, ու նրա գրականագիտական գրիչը եւս սերունդներին մարդասիրություն, ազնվություն, մարդու ցավին անտարբեր չլինելու հետքն է թողնելու",- "Իրավունքի" հետ զրույցում ասել է գրողի դուստր ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՅԱՆԸ: "Ով ապրում է իր համար Փորին կապի ճարպ կամար Շահագար մարդն` ահ-շառի, Ա՜խ, երբ ապրել բաշարի, Երբ նա ծունկ տա գութ-բարուն Խեղճոց բերի բույլ-գարուն: Դառնա, կանչի. մարդ-երկիր, Բարի դարձա, ինձ գրկիր…" Իրապես, բարին ու մարդասիրությունը գովերգող է եղել Կարայանի գրիչը... Ու նաեւ հուսանք, որ օրերից մի օր իրականություն կդառնա պարոն Կարայանի դստեր` Մարինեի` հոր մասին պատմող ֆիլմ տեսնելու ցանկությունը. "Հենրիկ Մալյանն իր կյանքի ժամանակ եւս նման նպատակ ուներ, բայց, ցավոք, ժամանակն ի օգուտ չգործեց, այնուամենայնիվ, սպասելով կյանքի անակնալներին` հուսամ կգա այդ օրը": Ռոբերտ Կարայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր փետրվարի 11-ին` ժամը 12:00-14:00 ՀՀ գրողների միությունում, Երեւան, Մարշալ Բաղրամյան 3: ՍԻՄ կուսակցությունը եւ "Իրավունք" թերթի խմբագրակազմը խոր վշտով ցավակցում է Ռոբերտ Կարայանի հարազատներին: