15-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ "ՊԱՀԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ" ԷՐ
Կիեւյան կամրջից ցած նետված 15-ամյա պռոշյանցի աղջիկը շարունակում է մնալ "Արմենիա" ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա վիճակը լավ է գնահատվում, եւ հնարավոր է երկու օրից դուրս գրվի: Այս մասին նեզ պատմեց աղջկա հայրը` Արայիկը: Նշենք, որ ըստ Պռոշյանում տարածված լուրերի, աղջիկը կապ է ունեցել ինչ-որ աղանդի հետ: Սակայն մեզ հետ զրույցում հայրը բացառեց դա.
-Իմ աղջիկը խելացի, նորմալ, սովորող աղջիկ է: Ուղղակի, այդ պահին խենթություն է արել. պահի ազդեցության տակ կատարած խենթ արարք է: Իմ ընտանիքն առհասարակ որեւէ աղանդի հետ կապ չունի... Այդ օրը երկուս է ստացել, վազելով դպրոցից դուրս է եկել ու պահի ազդեցության տակ նման քայլի է դիմել: - Իսկ Ձեր դուստրը ինչպե՞ս է բացատրում կատարվածը: - Աղջիկս ասում է, որ նա ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել, ուղղակի ստացվեց: Ասում է, որ պարզապես ուզեցել է ներքեւ նայել, ու եթե ներքեւ չնայեր, չէր թռնի: Այդ պահին մեքենա է կանգնել, որի միջից ինչ-որ մեկը գոռացել է. "Աղջիկ, մի՛ արա նման բան", ու էդ արտահայտությունից ինքը պանիկայի մեջ է ընկել ու թռել: