ՎՐԱՑԱԿԱՆ "ՍՅՈՒՐՊՐԻԶԸ" ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ՞ ՀԱՍԵԼ
Արխիվ 12-16ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ՞ ՀԱՍԵԼ
"Իրավունքի" նախորդ համարում "Վրաստանի նոր սյուրպրիզները" վերնագրով հոդվածում անդրադարձել էինք մեր աղբյուրի այն տեղեկատվությանը, թե Վրաստանում ակտիվորեն շրջանառվում են իրենց երկրի տարածքով բեռնափոխադրումներ կատարող ավտոմեքենաներին բարձած բեռների քաշի սահմանափակումներ մտցնել: Ըստ մեր աղբյուրի, դա թեեւ հիմնականում ուղղված է թուրքական բեռնափոխադրումներն ավտոմոբիլայինից երկաթուղայինի անցկացնելու նպատակին, սակայն դժվար չէ կռահել, որ հայկական բեռնափոխադրումներին նույնպես դա կարող է լրջորեն վնասել: Տեղյա՞կ են վերոնշյալ խնդրից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, արդյոք դա որեւէ կերպ կարո՞ղ է ազդել մեր բեռնափոխադրումների ինքնարժեքի վրա, փորձեցինք պարզել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության վարչության պետի տեղակալ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ, ով ասաց.
-Նման նորմատիվները յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր տարածքում: Իհարկեª ունենք բեռնափոխադրումների վերաբերյալ Մինսկի համաձայնագիր, սակայն երկրները ներքին օրենսդրությամբ իրավունք ունեն սահմանելու բեռների փոխադրման որոշակի քաշ` համաձայնագրի շրջանակներում: Օրինակ, մեր երկրում ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների հետ կապված` մենք մշակել ենք մի շարք օրենսդրական փոփոխություններ եւ ներկայացրել ենք կառավարություն: Վերջինիս կողմից ընդունվել է եւ մոտ օրերս այն կքննարկվի ԱԺ-ում:
Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով անցնող հայկական բեռնատարերին, ապա այդպիսի հաղորդագրություն դեռ ո՛չ վրացական տրանսպորտի դեպարտամենտից ենք ստացել, ո՛չ էլ մեր բեռնափոխադրողներն են դժգոհություն հայտնել: Համենայնդեպսª քանի որ չկա որեւիցէ բողոք կամ արձագանք, մենք նման հարց չենք քննարկել:
Ամեն դեպքում հույս ունենք, որ եթե վրացական կողմը կցանկանա փոփոխություն անել բեռնափոխադրումների քաշի հետ կապված, ապա այն կհամաձայնեցվի մեզ հետ: Եթե անգամ չհամաձայնեցվի, ապա մեր փոխադրողները հիմնականում բեռնափոխադրումներ են իրականացնում մեկ մեքենայի հաշվարկով 38-40 տոննա առավելագույն սահմաններում, մինչդեռ հիմնականում խնդիրներ են առաջանում դրանից ավելի մեծ քաշերի դեպքում: Չմոռանանք, որ մեր փոխադրումները, քանի որ Վրաստանի տարածքով տարանցիկ գնում են դեպի Ռուսաստան, պետք է համապատասխանեցվեն նաեւ ՌԴ-ի օրենսդրության հետ: Ամեն դեպքումª մենք այս հարցում որեւիցե խնդիր չունենք եւ չենք էլ կարող ունենալ:
- Խոսքը, ըստ մեր աղբյուրի, միայն վերջերս շրջանառության մեջ մտած նախաձեռնության մասին է, որը դեռ պետք է հասնի կամ չհասնի վրացական օրենսդրության փոփոխության մակարդակին: Այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, դա չի՞ հանգեցնի մեր բեռնափոխադրումների ծախսերի աճի, փաստի առաջ չե՞նք կանգնի:
- Նախ մենք չգիտենք` ինչ կարգավորումներ կմտցվեն, եթե իհարկե նման բան լինի, քանի որ մենք, նորից եմ ասում, այդպիսի տեղեկատվություն չունենք: Եթե անգամ փոփոխություններ լինեն, մենք պետք է դեռ հասկանանքª արդյոք դա վնաս կպատճառի՞ մեր փոխադրումներին, թե` ոչ: Այսինքնª այս պահին չկա որեւիցե խնդիր, որպեսզի ըստ այդմ էլ մտածենք դրա լուծման մասին: Եթե մենք տեսնենք խնդիր, անպայման կբանակցենք վրացական կողմի հետ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

