"ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼՎԵԼ Է, ՈՐ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԲՈՅԿՈՏԵԼ ՎՊ-Ի ԾՐԱԳԻՐԸ"
Ինչպես հայտնի է, ԱԺ-ում ՎՊ-ի 2013 թ.-ի հաշվետվությունը խորհրդարանում ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Դա հարուցեց ոչ իշխանական ուժերի զայրույթը: "Ժառանգություն" խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ իր ելույթում ասաց, որ չեն ընդունում այս հաշվետվությունը, քանի որ այն հակասահմանադրական է: Ինչ վերաբերում է ընդդիմության հասցեին հնչող այն քննադատություններին, թե ինչու ընդդիմությունը նախկինում չէր բոյկոտում ՎՊ-ի ծրագիրը, երբ այն հաստատվում էր, պրն Հակոբյանը դա համարեց ընդդիմության սխալը: "Իրավունքի" այս հարցին Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. "Այդ պահին, թերեւս, միասնական քննարկում չեղավ, եւ մենք սխալվեցինք, որ թույլ տվեցինք:
Չնայած, ես այդ ժամանակ այստեղ չեմ եղել, բայց եթե էստեղ լինեի, գուցե ուշադրություն դարձրած չլինեի": Սակայն, ըստ խմբակցության ղեկավարի, եթե մի անգամ սխալվել են, չի նշանակում` սխալը չպետք է ուղղել: "Անհասկանալի է այն, որ ե՛ւ ՎՊ-ի ծրագրի, ե՛ւ հաշվետվության ներկայացման ժամանակ Իշխան Զաքարյանը բացակայել է",- ասաց քաղաքական գործիչը: Անդրադառնալով այն խոսակցություններին, թե միգուցե ընդդիմությունը քննադատության կենթարկվի` նախկինում ՎՊ-ի ծրագիրը չբոյկոտելու համար, Ռուբեն Հակոբյանը դա համարեց երեսպաշտություն: Բոյկոտին միացած ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ ՎՊ խորհրդի անդամի` Սեյրան Ավագյանի կողմից հաշվետվության ներկայացնելը ոչ մի օրենսդրական կարգավորման չի համապատասխանում: Թե ինչու նախկինում, երբ ՎՊ-ի ծրագիրը հաստատվում էր, բոյկոտ չեղավ ընդդիմության կողմից, որի մասին իր ելույթում մատնանշեց նաեւ Ռուբեն Հակոբյանը, ՕԵԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ չի լսել իր գործընկերոջ ելույթը: