ԼԵՎՈՆԻՆ ՈՒ ՐԱՖՖՈՒՆ ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆ "ՉԻ ՀԱՍՆՈՒՄ"
Արխիվ 12-16ԼԵՎՈՆԻՆ ՈՒ ՐԱՖՖՈՒՆ
ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆ "ՉԻ ՀԱՍՆՈՒՄ"
ԺԿ առաջնորդ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում, մինչ ԲՀԿ խորհրդաժողովը ասել էր, որ խորհրդաժողովում պետք է անպայման լիդերության հարցը բարձրացվի: Սակայն, ինչպես տեսանք, լիդերության հարց չբարձրացվեց: Ավելին` Տիգրան Կարապետյանը մինչեւ վերջ խորհրդաժողովին չմասնակցեց ու անգամ ելույթ չունեցավ:
"Իրավունքը" պրն Կարապետյանից պարզեց` արդյոք կշարունակի համագործակցել ԲՀԿ-ի հետ, եթե հաշվի առնենք, որ ԺԿ առաջնորդի սպասելիքներն այդքան էլ չեն արդարացել:
"Մենք ԲՀԿ-ի հանդեպ լավ ենք տրամադրված: Մեզ ձեռ չէին տալիս հավաքվածների ելույթները, որոնք պարունակում էին... մայդան չենք ուզում: Փաստորեն, մեղմ էին",- պատասխանեց պրն Կարապետյանը:
Իսկ թե ինչու խորհրդաժողովում լիդերության հարցը չբարձրաձայնվեց, քաղաքական գործչի խոսքով` հավանաբար, նպատահարմար չեն գտել: "Բայց լիդերության հարցը, ըստ իս, հրատապ է",- ասաց Տ. Կարապետյանը:
ԺԿ առաջնորդը նորից հայտարարեց, որ "եռյակի" ձեւաչափն իր համար ընդունելի չէ. "Հավասարը հավասարի սկզբունքն է մեզ համար ընդունելի: Ղեկավար կարող ենք ընդունել միայն Գագիկ Ծառուկյանին",- մանրամասնեց պրն Կարապետյանը, ապա հավելեց. "Եռյակի" մյուս երկու ուժերի` ՀԱԿ-ին ու "Ժառանգության" ղեկավարներին, միայն որպես համաժողովրդական շարժման մասնակից, բայց ոչ որպես առաջնորդ կարող ենք ընդունել":
Խորհրդաժողովի ընթացքում "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու "Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իրենց ելույթներում անդրադարձան 1995-1996 թթ.-ի կեղծված ընտրություններին, այն դեպքում, երբ խորհրդաժողովին չէր մասնակցում ՀԱԿ-ը: Որքանո՞վ է կոռեկտ բացակա քաղաքական ուժի ետեւից նման գնահատականներ հնչեցնելը: "Ես էլ եմ համարում, որ ճիշտ չէ, ավելին` Ռուբեն Հակոբյանի ելույթներն ընդհանրապես չընդունեցի: Բայց դա է իրականությունը: Վերջ, կներեք, ես զբաղված եմ",- ասաց Տիգրան Կարապետյանն ու անջատեց հեռախոսը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

