ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱՅՈՎ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹՈՂ ՓԱ
Արխիվ 12-16ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱՅՈՎ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ
ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է»
«Իրավունքը» Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ու համահայկական հռչակագրի մասին զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:
- Տիկին Մուրադյան, Ծիծեռնակաբերդում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը hունվարի 29-ին հնչեցրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագիրը: Ըստ ձեզ` որքանո՞վ է հասցեական ու թիրախային հռչակագիրը: Հռչակագրի ո՞ր դրույթներն են ձեզ համար ավելի ընդունելի:
-Ես կարծում եմ, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագրի բոլոր դրույթներն էլ շատ կարևոր են: Սա համազգային նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որն արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը: Այս փաստաթուղթը հստակ ուղերձ է մեր գալիք սերունդներին: Մեզ համար շատ կարևոր է, որ հռչակագիրը անցյալից ներկայով դեպի ապագա ճանապարհը հարթող փաստաթուղթ է, որը համընդհանուր գնահատական է մարդկության դեմ կատարած ոճրագործությանը:Այն կարևոր է նրանով, որ արտահայտում է պատմական, բարոյական, իրավական, քաղաքական, միջազգային գնահատականներ:
- Հռչակագրի հրապարակումից հետո կարծիքներ հնչեցին, որ այն ավելի շատ բարոյական հարթության վրա է հզոր, քան իրավական: Համամի՞տ եք արտահայտված տեսակետին:
- Ինչպես արդեն նշեցի՝ Հայոց Ցեղասպանության հռչակագրի հենքը բազմաշերտ է ՝ պատմագիտական, բարոյական, իրավական, քաղաքագիտական:
Մի կողմից փաստաթղթում վերահաստատված է Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար, իսկ մյուս կողմից տեղ է գտել նաև երախտագիտության արտահայտում այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճիր՝ ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ այն բավականին բազմաշերտ և խորքային փաստաթուղթ է, որպեսզի ընկալվի բոլոր հարթություններում:
- Շատերը հայացքներն ուղղել են ԱՄՆ-ը` ակնկալելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդյոք կհայտնի «ցեղասպանություն» բառը թե ոչ: Կանխատեսելը, իհարկե, անշնորհակալ գործ է, բայց ինչ դիրքորոշում կորդեգրի ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
- Չնայած, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2008 թվականի քարոզարշավի ընթացքում Ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը դեռ չի կատարել, սակայն այղ ուղղությամբ որոշակի քայլեր արդեն արվել են: Մասնավորապես, Կալիֆորնիայի նահանգի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմության մասին ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին բանաձևը: Չնայած թուրքական լոբբիի կոշտ դիմադրությանը` Կալիֆորնիայի նահանգի Ժողովը միաձայն քվեարկեց այդ օրինագծի օգտին, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների ուսումնասիրում նահանգի դպրոցներում: Օրինագծի միաձայն ընդունումն արդեն վկայում է, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները ընդունում են փաստի ճշմարտությունն ու իսկությունը: Բացի այդ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձեւը: Սրանք քայլեր են, որոնք իրականացվել են տարբեր ձևաչափերով:
Հուսով եմ, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար արդարացված հնարավորություն կլինի խնդրի նկատմամբ իր մոտեցումները վերանայելու և նորից անդրադառնալու իր խոստմանը:
- Թուրքիայի նախագահ Էրդողանը 102 երկրների ղեկավարներին պաշտոնական հրավեր է ուղարկել`Գալիպոլիի ճակատարամարտը ապրիլի 24-ին տոնելու համար: Որքանո՞վ պետք է մտահոգվի հայկական կողմը եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի: Ի վերջո, խոսքը 102 երկրի մասին է:
- Բազմիցս արդեն նշվել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի քայլը պատմական փաստերը խեղաթյուրելու, պատմությունը սեփական շահերին ծառայեցնելով խմբագրելու այս ոճին այլ գնահատական տալ հնարավոր չէ , քան ուղղակի ցինիզմ անվանելը: Սակայն 100 ամյակի ընթացքում շատ բան է փոխվել հենց թուրք հանրության մտածելակերպի մեջ. շատերն իրենց վերաբերմունքն արդեն անթաքույց արտահայտում են: Վերջերս կարդացի Թուրքիայում հեղինակավոր լրագրող, գրող Բասքըն Օրանի հոդվածը, ով ևս անդրադարձել էր թուրքական իշխանությունների այդ որոշմանը՝ քննադատության ենթարկելով այն: Հոդվածագիրը քննադատում է Էրդողանի՝ ՀՀ նախագահին ուղղված հայտնի հրավերը՝ այն համարելով «ամոթալի»:
Կարծում եմ, որ այսօր մենք առաջին հերթին պետք է մտածենք, թե Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ և դրանից հետո էլ ինչ պետք է փոխենք մեր մարտավարության մեջ, որը ուղղված կլինի ցեղասպանության հետևանքերի վերացմանը, ինչը շարունակում է մնալ հայության և առաջադեմ մարդկության կարևորագույն առաջնահերթությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

