ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԵԾ ԷՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀՈՍՔԸ` "ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ" ՏԱՂԱՎԱՐ
Փետրվարի 5-6-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Ենթակառուցվածքի եւ նոր էներգետիկայի հարցերով երկրորդ հարավկովկասյան ներդրումային գագաթաժողովը (South Caucasus Infrastructure & New Energy Investment Summit), որտեղ ներկայացված էին նշված ոլորտներում աշխատող տարածաշրջանային կազմակերպություններ, օտարերկրյա մասնակիցներ:
Հայաստանը ներկայացնում էր "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերության պատվիրակությունը, որը գլխավորում էր Ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության եւ լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովը: Ժողովի բազմաթիվ մասնակիցներ եւ միջոցառումը լուսաբանող լրագրողները գագաթաժողովի բացումից հետո "գրավել էին" ՀԿԵ-ի ցուցահանդեսային տաղավարը. տպավորիչ էին նաեւ ներկայացված վիճակագրական ցուցանիշները` 2009-2014 թթ. Ընկերությունը Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացմանն ուղղել էր $245 մլն.: ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը հարցազրույց տվեց "Վրաստան" թերթին, իսկ Ընկերության Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետի տեղակալ-Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի պետ Զառա Աղասաֆյանցը` INFO-9 հեռուստաալիքին: Ընդմիջումից հետո Օլեգ Շատալովը Ընկերության գործունեության եւ զարգացման հեռանկարների մասին զեկույց էր ներկայացրել ժողովի մասնակիցներին: Մասնակիցներից շատերի, հատկապես, եվրոպական երկրների ներկայացուցիչների համար հայտնություն էր դարձել, որ ՀԿԵ-ն հանդիսանում է "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ դուստր-ձեռնարկություն: Այդ պատճառով էապես ավելացել էր այցելուների հոսքը Ընկերության տաղավար. դա, հիմնականում, բեռնափոխադրողներ էին, նոր նախագծերի իրականացման համար վստահելի գործընկերներ փնտրող գործարարներ: Մասնավորապես, վրացիները հետաքրքրվում էին Ռուսաստանից հանքային պարարտանյութեր տեղափոխելու հնարավորություններով, Իսրայելի ներկայացուցիչները` Թել Ավիվից Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելու ուղիներով: Շատերը հետաքրքրվում էին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարներով եւ ժամկետներով, Հայաստանի երկաթուղու բեռնափոխադրումներով, ՎԵԲ-հաճախորդ համակարգի աշխատանքով: Տաղավար էր այցելել նաեւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման հարցերով նախարարի խորհրդական Գեորգի Բեկուան, ում հետաքրքրեցին ՀԿԵ գործունեությունն ու զարգացման հեռանկարները: