ԵՐԲ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ
Արխիվ 12-16Թեեւ հայաստանյան փոխարժեքի շուկայում անցած դեկտեմբերյան աժիոտաժից հետք անգամ չի մնացել, սակայն մեկ էª "տարօրինակ" փաստերին վերջ չկա: Մասնավորապես, որ աննկատ, կամաց-կամաց դրամի փոխարժեքը շարունակում է անկումը, թեեւ այն հիմնական բացատրությունը, որը մեր բանկային չինովնիկությունը տվեց անցած փոխարժեքային աժիոտաժին, այս պահին չկա:
Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դոլարի առքը հայաստանյան բանկերում 473-475 դրամի միջակայքում էր, ապա երեկվա դրությամբ արդեն գնման առավելագույն շեմը 479 դրամն էր: Աճը կարող է առաջին հայացքից համեստ թվալ. 4 դրամ, ինչ մեծ բան է: Բայց եթե շաբաթվա կտրվածքով մոտ 1 տոկոսին մոտեցող այդ դինամիկան պահպանվի, ապա կարելի է պատկերացնել, որ ամսական կամ տարեկան կտրվածքով ամենեւին էլ համեստ տեսք ունեցող մեծությունների հետ չէ, որ գործ կունենանք:
Իհարկե, կարելի է մտածել, թե փոխարժեք է էլի, ինչ-որ պահ կաճի, հետոª կնվազի, եւ արդյունքում կունենանք կայուն վիճակ: Ավելին. կարելի է նաեւ փորձել որոշակի բացատրություններ գտնել: Բայց խնդրին փորձենք նայել այլ կողմից. այդ նույն ժամանակահատվածում դրամն արժեզրկվել է նաեւ ռուսական ռուբլու նկատմամբ: Այսպես, եթե մեկ շաբաթ առաջ ունեինք բանկերի կողմից 1 ռուբլու գնման 6,4-6,8 դրամ եւ վաճառքիª 7,7-7,5 դրամ ցուցանիշ, ապա երեկ առքի եւ վաճառքի առավելագույն սահմանները համապատասխանաբար 7,25 եւ 8 դրամն էին (տե՛ս աղյուսակը): Այսինքնª այս օրերին դրամի նկատմամբ ռուբլին դոլարի համեմատ արժեւորվել է էականորեն ավելի բարձր տեմպերով: Դա, իհարկե, ունի պարզ բացատրություն. այս ընթացքում աշխարհում նավթը թանկանում է, եւ ըստ այդմ էլª ռուբլին նկատելիորեն ամրապնդվել է դոլարի նկատմամբ:
Բայց ահա այստեղ է, որ բախվում ենք գոնե բացատրություն պահանջող մեկ էական հարցի. այդ ինչպե՞ս էր ստացվում, որ անցած դեկտեմբերին պատկան այրերն ակնարկում էին, թե դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման հիմքում նույն դոլարի նկատմամբ ռուբլու թուլացումն է: Եվ ահա թեկուզեւ այս կարճաժամկետ փուլում, երբ ռուբլին է արժեւորվում, ապա նույն տրամաբանությամբ` ինչո՞ւ դա չի տարածվում նաեւ դոլար/դրամ հարաբերության վրա:
Հայաստանյան ֆինանսական համակարգը ներկայացնող մեր աղբյուրը նման մեկնաբանություն տվեց այդ "հանելուկին". "Ի՞նչ է, դեռ փորձում եք մեր փոխարժեքի հարցում ինչ-որ տրամաբանությո՞ւն գտնել: Դա անիմաստ զբաղմունք է, եւ պետք է վաղուց մենք բոլորս հաշտված լինեինք այն մտքին, որ մեր փոխարժեքային տեղաշարժերը ոչ թե որոշակի տրամաբանություններով պետք է բացատրել, այլ բանկային համակարգի "կամակորություններով": Չէ՞ որ վերջերս հենց դուք էիք հիշեցրել այն պատմությունը, որ դեկտեմբերյան գերտատանումների հարցով հայաստանյան Կենտրոնական բանկը պատժամիջոցներ կիրառեց առեւտրային բանկերի նկատմամբ, ինչն ակնարկ է, որ դրանք այն օրերին զբաղվել էին արտարժույթի սպեկուլյացիաներով: Բայց այդ դեպքում, ինչո՞ւ նաեւ չհիշենք, որ նույն ժամանակահատվածում ԿԲ-ն փոխարժեքի մեծ տատանումները կանխելու անվան տակ դոլարային մեծ ինտերվենցիաներ էր իրականացնում, այն էլª պետական դոլարները ուղղակիորեն բանկերին վաճառելու միջոցով: Մի քանի միլիոն վաճառում էին, հաջորդ օրը դոլարը նորից թանկանում էր, էլի էին վաճառում, ու այդպես շարունակ: Այսինքնª պետական միջոցներ են ուղղվել, ու, ինչպես պարզվում է, բանկերը նաեւ սպեկուլյացիանե՞ր են արել: Եվ ի՞նչ, ԿԲ-ն դա չէ՞ր տեսնում...
Հիմա էլª կարելի է հազար ու մի բացատրություն գտնել, թե ինչու դոլարը ռուբլու հանդեպ էժանացավ ու դրամի հանդեպ թանկացավ: Եվ դրանք բոլորն էլ կլինեն միանգամայն տրամաբանական, խելամիտ թվացող բացատրություններ: Իսկ դրանից հետո կարո՞ղ է որեւէ մեկը պնդել, որ էլ չկա սպեկուլյացիա: Չէ՞ որ այդ սպեկուլյացիա ասվածին կարելի է նաեւ ավելի քաղաքակիրթ անուն տալ. փոխարժեքային բիզնես, որով բանկերը զբաղվելու իրավունք ունեն ու որից նույնիսկ պարտավոր են առավելագույնս շահույթ ստանալ: Բայց հենց այդ "քաղաքակիրթ" բացատրությունից հետո է, որ փոխարժեքի ամեն մի հիմնավորում միանգամից իր տեղը զիջում է այդ սպեկուլյացիոն մեխանիզմներին":
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

