«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐՑՆԵԼ ԻՐ ՁԵՌՔԸ»
Արխիվ 12-16«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐՑՆԵԼ ԻՐ ՁԵՌՔԸ»
Շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից շեղող տարբեր քաղաքական գործընթացները, եւ ամենացավալին էլ այն է, որ նոր քաղաքական խմորումները ծագում են ոչ թե արտաքին ազդակների պատճառով, այլ` ներքին: Օրերս էլ կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած ոչ իշխանական ուժերի ու հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովը, որի բովանդակությունն էր` մասնավորապես իշխանություններին փնովելը: Իսկ արդյունքում ԲՀԿ-ն իր թեւի տակ առավ եւս մի քանի ՀԿ ու կուսակցություն` ամուսնալուծվելով իր ամենահարազատ գործընկերոջ` ՀԱԿԿ-ի հետ, ովքեր հրաժարվեցին մասնակցել ԲՀԿ-ական շքեղ ընդունելությանը: Խորհրդաժողովի եւ դրան հաջորդող հնարավոր զարգացումների մասին էլ «Իրավունքը» զրուցեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ հետ:
«ԲՀԿ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԽԻՍՏ Է ԵՂԵԼ»
-Պարոն Մակեյան, ինչո՞վ էր պայմանավորված, որ ԲՀԿ-ի խորհրդաժողովին չմասնակցեցիք` չէի՞ն հրավիրել, թե՞ պարզապես ցանկություն չկար մասնակցելու:
- ԲՀԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումը շատ խիստ է եղել ու սկզբունքային` դեռեւս 2011 թվականին: Կարծում եմ` չի կարող պատահել, որ որեւէ փոփոխություն լինի, ԲՀԿ-ի, այսպես ասած, իրականացրած իշխանափոխության դեպքում, առավել եւս, որ ԲՀԿ-ն եղել ու սպասարկել է գործող համակարգին: Եվ այդ սկզբունքային դիրքորոշումը մշտապես մենք արտահայտել ենք: Այդքանից հետո իրենք նախ` հրավեր ուղարկելու նպատակահարմարություն պետք է ունենային: Իհարկե, եղել են միջնորդավորված ինչ-որ մեսիջներ, բայց մեր դիրքորոշումը մնացել է նույնը:
- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ԲՀԿ-ն պատրաստվում է հեղափոխությա՞ն, թե՞ հերթական ընտրությունների` այսպիսի լայնամասշտաբ խորհրդաժողովներ իրականացնելով:
- Բազմաթիվ անգամ ասել եմ, որ ԲՀԿ-ն եւ իր առաջնորդը ոչ մի բանի էլ չեն պատրաստվում: Նրանք անում են այն, ինչ իշխող տանդեմը հրահանգում է: Մի տարբերակ կարող է լինել, որ դրսից հստակ պատվիրեն, որ պետք է գործընթաց սկսեք, բայց դա էլ կարծում եմ` 50/50 է: Դժվար թե, ռիսկ անեն ու գնան ընդդեմ գործող վարչախմբի: Դրանք շատ արագացված գործընթացներ պետք է լինեն, որպեսզի իրենց միջի վախը կոտրեն:
«ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՀԱԿԿ-Ի ՉՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԽԱՆԴԻ ՏԵՍԱՐԱՆՆ ԷՐ»
-ՀԱԿԿ-ն` լինելով ոչ իշխանական «եռյակի» անդամ, նույնպես չմասնակցեց այդ խորհրդաժողովին: Ըստ Ձեզ, նրա՞նք էլ են սկսել ձեր վերոնշյալ դիրքորոշմամբ առաջնորդվել, թե՞ այստեղ այլ խնդիր կա:
- Նրանցը լրիվ այլ խնդիր է: Չեմ կարծում, որ նրանք` ինչ-որ մենք ենք գիտակցել, իրենք չեն գիտակցել: Իրենք ուղղակի խաղացել են, փորձել են, իմ պատկերացմամբ, օգտագործելով ԲՀԿ-ի հնարավորությունները` ինչ-որ պահի գործընթացը վերցնել իրենց ձեռքը, որովհետեւ, ուզես, թե չուզես, երկրում ռեսուրսներ ունեն նրանք, ովքեր սպասարկում են իշխանությանը: Հիմա կարծում եմ, որ ՀԱԿԿ-ն, հետեւաբար Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է ինչ-որ ձեւով, կոպիտ ասած, աճպարարության միջոցով գործընթացը վերցնել իր ձեռքը: Բայց Սերժ Սարգսյանը դա հասկացավ, դրա համար էլ աշնանը հանրահավաքային շարժումը դադարեցնել տվեց: Իսկ ԲՀԿ-ի խորհրդաժողովին ՀԱԿԿ-ի չմասնակցության պատճառը խանդի տեսարանն էր, չէ՞ որ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ սեղանի շուրջ նստածների շարքում չէր ցանկանա լինել:
- Ի դեպ, իսկ ի՞նչ կասեք, խորհրդաժողովին մասնակցած մյուս քաղաքական ուժերի մասին:
- Հիմնականում, որ հետեւում էի խորհրդաժողովին, այն մարդիկ էին մասնակցում, որոնք անհասկանալի «ճոռոմ-ճոռոմ» անուններ ունեցող կուսակցության, ՀԿ-ների ներկայացուցիչներ էին մեծամասամբ: Թող ների ինձ այն փոքրամասնությունը, որն այս խմբի մաս չի կազմում, բայց մեծ մասամբ նրանք էին, ովքեր հայտնվում են այնտեղ, որտեղ իրենց հրահանգավորում են: Նաեւ այդ առումով` Լեւոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չէր ցանկանա այդ շարքում հայտնվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

