"ԵԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ ԷԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ"
Հետեւելով օրերս "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախաձեռնած ոչ իշխանական ուժերի ու կազմակերպությունների մասնակցությամբ խորհրդաժողովին` զարմանալիորեն ներկաների շարքում տեսանք նաեւ ՀԿԿ առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով նաեւ ելույթ ունեցավ: Խորհրդաժողովին իր մասնակցության եւ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին էլ "Իրավունքը" զրուցեց նրա հետ: -Ընկեր Սարգսյան, Կոմկուսը մշտապես պայքարել է օլիգարխիկ համակարգի դեմ, ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք նրանց խորհրդաժողովին: - Այնտեղ բոլորը օլիգա՞րխ էին: - Ոչ բոլորը, բայց չէ՞ որ կային նրանք ու բավական մեծ կշիռ ունեին: - Ինձ հրավիրել են մասնակցելու` ոչ իշխանական ուժերի հետ խորհրդաժողովի: Ես գիտեմ` որտեղ եմ ելույթ ունեցել եւ ինչի մասին եմ խոսել:
Այդպիսի հարց ինձ ինչո՞ւ եք տալիս: Ես օգտագործել եմ ամբիոնը եւ ելույթ եմ ունեցել` առաջ քաշելով այն հարցերը, որոնք Կոմունիստական կուսակցության համար արդիական են: Իմ ելույթում ասել եմ ո՛չ սահմանադրական փոփոխությանը, այո՛ համամասնական կարգին: Մենք կողմ ենք իշխանափոխությանը, որը տանում է համակարգային փոփոխություն, եւ կողմ ենք, որպեսզի տնտեսությունը վերականգնվի, աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի կանխվի արտագաղթը, որպեսզի հարկային, մաքսային քաղաքականությունն այնպես լինի, որ միջին ու փոքր բիզնեսը զարգանա: Այնպես որ, մենք կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք կողմ են դրան եւ միաժամանակ ասել եմ, որ մենք եղել ենք, կանք եւ այսօր էլ մնում ենք կողմ ինտեգրացիոն գործընթացին Ռուսաստանի հետ` Եվրասիական միության ամրացման ուղղությամբ: Եվ մշտապես պատրաստ ենք օժանդակել դրան: - Իսկ հնարավո՞ր է, որ Կոմկուսը սկսի համագործակցել հենց ԲՀԿ-ի հետ: - Մեր առաջնորդը` Լենինը, ասել է. "Եթե կուսակցության շահը պահանջում է, սատանայի հետ էլ անհրաժեշտ է համագործակցել": Քաղաքականությունն այնպիսի բան է, որ օրը մեկ փոփոխվում է: Ի դեպ, խորհրդաժողովի ժամանակ մեկը ելույթ ունեցավ եւ փորձեց խորհրդային սահմանադրությունը քննադատել: Ես էլ իրեն ասացի` չեղավ, տղա ջան, այդպես չի կարելի, խորհրդային սահանադրության ժամանակ Խորհրդային Հայաստանը դարձավ ծաղկած վարդերի երկիր, ինչպես Մյասնիկյանը կասեր: Այնպես որ, կարծում եմ առիթը լավ օգտագործեցի: