ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆ ԵՎ ԶՈՒՐԱԲ ԱԲԱՇԻՁԵ ՁԵՎԱՉԱՓԸ "ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ"
Եթե նախորդ տարվա աշնանը, կարծես, հույս էր նշմարվում, որ հնարավոր է ռուս-վրացական հարաբերությունները քիչ, թե շատ կարգավորվեն, ապա այս տարի "սայլն ընդհանրապես տեղից չի շարժվում": Ավելին` Վրաստանը ստորագրելով Եվրաասոցացման պայմանագիրը` ջանք ու եռանդ չի խնայում Ռուսաստանի Դաշնության դեմ գործելու ու եվրագործընկերների ականջը շոյելու համար: Մի կողմից` Վրաստանի պատգամավորները ամբողջ կազմով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դեմ բանաձեւին "կողմ" են քվեարկում, Ուկրաինայում վրաց զորքեր ուղարկում` ՌԴ-ի դեմ պատերազմելու համար, իսկ մյուս կողմից էլ` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կոկորդ է պատռում, թե Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ զարգանում են առեւտրային-տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ պահպանվում է Ռուսաստանի հետ հաղորդակցվելու ձեւաչափը:
Իրականում, թե ինչ եղավ ռուս-վրացական երկխոսությունը եւ դրա շրջանակներում գործող Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին եւ Զուրաբ Աբաշիձե ձեւաչափը, "Իրավունքը" հետաքրքրվեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ. -Այսօրվա դրությամբ, երկխոսությունը, որը դեռեւս 2012 թվականի դեկտեմբերից տարվում էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե ձեւաչափով, բավականին սառեցված է: Հիշեցենեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ստորագրեց Աբխազիայի հետ համաձայնագիր, եւ նույնիսկ արդեն պառլամենտը վավերացրել է այդ համաձայնագիրը, ինչը դուր չեկավ վրացական կողմին: - Ռուսաստանի եւ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների վերջին հանդիպումը եղել է հոկտեմբերի 16-ին` նույն Կարասին-Աբաշիձե ձեւաչափով: Կա՞ն հույսեր, որ այնուամենայնիվ, նման հանդիպումներ կլինեն առաջիկայում: - Վերջին ամիսուկեսում պարզ չէ, թե երբ նոր հանդիպում կլինի այդ նախագծի շրջանակներում: Խոսակցություններ կան, որ փետրվարին, բայց դեռեւս կարելի է ասել, որ երկու կողմն էլ այդ հարցում որոշակի դադար են վերցրել: Եվ կարծում եմ, որ թեպետ չեն վերջացրել երկխոսությունը, բայց այսօրվա դրությամբ քննարկելու դեռ շատ հարցեր չունեն: