ՎԻՐՏՈՒԱԼ "ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ" ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆՅՈՒԹԱԿԱՆԱՑՆԵԼ
Արխիվ 12-16ՎԻՐՏՈՒԱԼ "ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ" ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆՅՈՒԹԱԿԱՆԱՑՆԵԼ
Սկսեմ երկրի կարեւորագույն լուրից` սահմանամերձ Ոսկեւան գյուղի բնակչուհի 25-ամյա Անժելա Մնացականյանը` առանց արհեստական միջամտությունների եռյակ է լույս աշխարհ բերել: Ոչ թե "եռյակ" կամ այլ քաղաքական եսիմինչ, այլ եռյակ` երեք մանչ, երեք որդի: Նրա որդիների քանակը միանգամից մեկը չորս դարձավ: Դա է կարեւորագույն լուրը, այլ ոչ թե քաղաքական մանրիկ խաղերը` իրենք իրենց քաղաքական գործիչ կոչողների կատարմամբ, ովքեր ոչ թե անգամ "ցիրկի կլոուն" են, այլ կլոունի անհաջող նմանակ:
ՆՆՋՈՂ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՎԱՂՆԵՐ Է ԾՆՈՒՄ
Ու, թեեւ, քաղաքական գործընթացներից շատերը կլոունադայից քիչ են տարբերվում, այնուամենայնիվ, ավելորդ չէ նաեւ դրանց անդրադառնալ, քանզի թեկուզեւ տեղեկատվական-հոգեբանական հարթությունում դրանք կարեւորագույն տեղ են գրավում եւ էապես ազդում են հանրային տրամադրությունների վրա:
Թե ինչ է կատարվում` ընդհանրացված գծերով ներկայացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, ով լավ պատկերացում ունի տեղեկատվական-հոգեբանական պատերազմի հնարքների մասին. "Խնդիր է դրված ներկայացնել Հայաստանը առավելագույն վատ կողմից, որպեսզի մաքսիմալ քանակով քիչ երկրների ղեկավարներ ներկա լինեն այդ օրը Հայաստանում: Օգտագործվում են ազգին պառակտելու, լարված իրավիճակներն անընդհատ պահելու, հնարավոր բոլոր աջակիցներից հայերին կտրելու, շանտաժի, սպառնալիքի, ծաղրանքի տեխնոլոգիաները: Հայաստանը ներկա պահին ուղղակի ողողված է տարբեր տիպի ազդեցության գործակալներով, ովքեր իրենց հայաստանյան ցանցի հետ միասին, շատ արդյունավետ աշխատանք են կատարում: Տեղեկատվական հարվածները լավ հաշվարկված եւ մտածված հասցվում են բոլոր հնարավոր ուղղություններով` միմիայն մեկ նպատակով, որպեսզի հայերը մոռանան, թե ինչ են ուզում, ինչի պահանջատերն են ու ինչի շուրջ են միավորված":
Խոսքը ապրիլի 24-ի եւ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները վիժեցնելու թուրքական ծրագրի մասին է: Որպես գործիք էլ, ընտրված է ապակայունացումը եւ տեղեկատվական-հոգեբանական հիսթերիայի սերմանումը: Այդ ինչքան դերակատարներ կան, ովքեր ձգտում են ապակայունացման` ե՛ւ թուրքը, ե՛ւ խամաճիկային վարչակարգ ձեւավորելու խնդիր ունեցող "քեռի Սեմը", ե՛ւ իշխանությանը տիրանալու երազանքներ փայփայող մեծ ու փոքր խմբերը:
Ուերբ այդքան շատերն են շահագրգռված ապակայունացմամբ` սադրանքները հետեւում են մեկը մյուսին: Ու այն էլ` երկրի սահմաններում ստեղծված այն իրավիճակի պայմաններում, որը ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բնութագրել է "դանդաղ պատերազմ":
Իրար են հետեւում քաղաքացու ուղեղը պայթեցնող, նրա մտքում չտեղավորվող իրադարձություններ: Մի ամբողջ ընտանիքի սպանություն` ռուս զինծառայողի կողմից` տիպիկ թուրքական մեթոդով: Այնուհետ` տգեղագույն միջադեպ` հայտնի ազատամարտիկների եւ Արցախի ոստիկանության միջեւ: Հիմա էլ դրան ավելացավ ԲՀԿ-ի կողմից դրոշ դարձած հանցագործությունը` դիմակավորված անձանց կողմից փոքր եւ միջին ձեռնարկությունների շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առեւանգելը եւ դաժան ծեծի ենթարկելը:
ԲՀԿ անդամ այդ երիտասարդ ակտիվիստի ֆեյսբուքյան էջի անգամ թռուցիկ ուսումնասիրությունը , ինչպես նաեւ նրա հրապարակային ելույթների տեսագրությունները վկայում են, որ նա հայհոյանքներ եւ վիրավորանքներ շաղ չի տալիս, ծայրահեղական կոչերով հանդես չի գալիս, չափավոր ու կիրթ ձեւով ձեւակերպում ու ներկայացնում է մանր ձեռնարկատերերի պահանջները: Այսինքն` նրա նկատմամբ հաշվեհարդարը աբսուրդի տիրույթից է, առավել եւս, որ կառավարությունն ըստ էության, գոնե առաջիկա մի քանի ամիսների կտրվածքով բավարարել է այդ մարդկանց պահանջը: Այստեղ ընդամենը մեկ եզրակացություն կարող է լինել` բուն հաշվեհարդարը արվել էր հենց հերթական աբսուրդով քաղաքացիների ուղեղը պայթեցնելու նպատակով:
Կամ էլ, հենց այս երկուշաբթի հանկարծ ինչ-որ "միջազգային հետաքննող լրագրողներ" հայթայթեցին շվեյցարական բանկերի հաճախորդների անձնական տվյալները, որոնք իբր արտահոսել են համակարգչահենների կողմից` տվյալների բազաները կոտրելու հետեւանքով: ՀՀ մի քանի տասնյակ ներկայացուցիչներ էլ այդտեղ կան, մեջները կա նաեւ "վեցմիլիոնանոց տղա": Եվ ո՞ւմ տվյալը անհապաղ նետած կլինեն հայկական լրատվական դաշտ` այո, ճիշտ կռահեցիք, կաթողիկոսի` իր մեկ միլիոնով: Ու Էջմիածնի բացատրությունը, որ Վեհափառի անունով պահվում է եկեղեցու միջոցների մի մասը, բանի տեղ դնող չկա, հիսթերիան ծավալվում ու փչվում է, բանի տեղ չի անցնում, եւ այն հասարակ տրամաբանությունը, որ, եթե անօրինական ինչ-որ գումարներ լինեին, հազար ու մի եղանակ կա ուրիշի անուններով դա պահելու: Իսկ ինչո՞ւ հենց կաթողիկոսի անունը առաջինը դրվեց շրջանառության մեջ` կրկին քաղաքացու ուղեղը պայթեցնելու, առավելագույն պառակտում հրահրելու նկատառումով: Թե չէ, տեղեկատվական այդ գործողությունն իրականացնողների ինչներին էր պետք մատուցել ինչ-որ օլիգարխի կամ ինչ-որ կոռումպացված շանորդի չինովնիկի տվյալներ, չէ՞ որ դրանք ի զորու չեն ցնցում առաջացնել:
Մենք ներկայացրինք ընդամենը խոշոր "բլոկները", սակայն քաղաքացու գլխին շուրջօրյա է լցվում բացասական, տագնապեցնող, հուսահատեցնող տեղեկատվության հոսքը: Եթե իրական ինչ-որ վատ բան ձեռքի տակ չլինի, անհոգ եղեք, տեղում կմոգոնեն:
Բայց եթե այդ ամբողջ աղբը կլանելու համար մեր հայրենակիցները բանեցնեն բանականությունը, ապա կտեսնեն, որ տեղեկատվական դաշտում լրիվ աղավաղված պատկեր է սարքված, ու քնած բանականության դեպքում այդ վիրտուալ ճիվաղները կարող են եւ նյութականանալ: Ի վերջո, եթե հիշենք, որ այդ ամենն արվում է մեզ բոլորիս հունից հանելու եւ անհեթեթ ինքնակործան քայլերի մղելու համար, այլեւս չենք լինի այդ ամենից այդքան հեշտ ցնցվող ու հետեւաբար կառավարելի:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԵՐ
Ինչպես արդեն նշեցինք, հերթական ալիքի համար օգտագործվում է Արտակ Խաչատրյանի դեպքը: "Մենք բոլորս Արտակ ենք" կարգախոսով` ցույցեր, երթեր, հարցազրույցներ, հայտարարություններ, անթիվ-անհամար գրառումներ` համացանցի անծայրածիր տարածքով մեկ: Ու նաեւ ԲՀԿ-ի ցանկությունը` կազմակերպել ԱԺ աշխատանքների բոյկոտ: Իսկ ահա ինչ է ասում դեպքի վերաբերյալ Վարդան Օսկանյանը. "Պատերազմ է հայտարարվել ժողովրդի դեմ: Սա որերորդ դեպքն է վերջին ժամանակահատվածում, եւ սա պետք է դիտարկել ավելի լայն շրջանակներում` ժողովրդավարության եւ երկրի վիճակի: Պետք է ընդվզման միջոցով այս երեւույթներին վերջ դնել": Եվ ով է դա ասում` այն նույն Վարդան Սիվիլիթասիչը, ով 2008-ին ստանձնել էր Ռոբերտ Քոչարյանի վարչակարգի արյունոտ մարտիմեկյան ոճրագործության փաստաբանի, արդարացնողի դերը... Չէ, իրոք, ինչ-որ ասելիք լսելուց առաջ չի խանգարի հետաքրքվել եւ ասողի անձով ու կենսագրությամբ:
Իսկ պաշտոնական մակարդակով ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի արձագանքները ներկայացրել են համապատասխանաբար վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Ըստ վարչապետի` "Նախ` մեր կուսակցությունը խստորեն դատապարտել է կատարված բռնությունը: Մենք դատապարտել ու դատապարտելու ենք հարցերը բռունցքով լուծելու ցանկացած փորձ: Սա միանշանակ է, եւ սրա վերաբերյալ ցանկացած շահարկում անձամբ ես համարում եմ քաղաքական թուլամորթություն, ում կողմից էլ որ այն արվի:
Սա մեկ: Երկրորդ` մենք ակնկալում ենք իրավապահների արդյունավետ ու համակողմանի աշխատանք: Ով էլ լինի միջադեպի պատվիրատուն կամ կազմակերպիչը, պետք է բացահայտվի եւ պատասխան տա օրենքի առաջ:
Երրորդ` ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական եւ կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետեւի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա": Իսկ ըստ ԲՀԿ առաջնորդի խոսնակի. "Ոչ միայն այս դեպքի, երբ օրը ցերեկով դաժանաբար ծեծի է ենթարկվում քաղաքացին, այլ նաեւ երկրում տիրող ամենաթողության մթնոլորտի, տնտեսական խայտառակ իրավիճակի, անպատժելիության ձեւավորված ավանդույթների, արտագաղթի ահագնացող տեմպերի միակ պատասխանատուն երկրի քաղաքական ղեկավարությունն է` իր բոլոր ենթակառուցվածքներով: Ընդհանրապես, խորհուրդ կտայի ժողովրդից հարցնել` ո՞վ եւ ինչի՞ համար է պատասխանատու, կարծում եմ` պատասխանն առավել քան ակնհայտ է": Մի կողմն ասում է, որ քաղաքական ուժերի քայլերի համար պատասխանատու է այդ ուժի առաջնորդը, մյուս կողմը` թե իշխանությունը շատ վատն է, ու գնացեք ժողովրդին հարցրեք: Իսկ թե ինչ կարելի է անել "ժողովրդի կարծիքի" հետ, օգտագործելով հզորագույն քարոզչական մեքենա, կարծում ենք, ավելորդ է բացատրել:
Այսինքն` բոլորիս համար քիչ էր "Հիմնադիր խորհրդարանի" ազգավնաս անհեթեթությունը` ապրիլի 24-ին "ռեժիմը հեռացնող" փողոցային ակցիաներ կազմակերպելու, հիմա էլ ավելացավ ԲՀԿ-ի, վերջինիս արբանյակների, տարատեսակ առիթից օգտվողների` սեփական ամբիցիաները վիճակը սրելու հաշվին բավարարելու պահը:
Սակայն ավելորդ չէ մատնանշել, որ հենց առաջիկա երկու ամիսներին ամբողջ աշխարհի մասշտաբով, համաշխարհային հսկաների գոտեմարտում ծնունդ է առնում նոր աշխարհակարգը: Եվ շատ տեղին էր հնչել ՍԻՄ-ի կոչը` մեծ պահքի շրջանում, մինչեւ ապրիլի 24-ը, ձեռնպահ մնալ ներքաղաքական հակամարտություններից եւ կենտրոնանալ արտաքին գերխնդրի, արտաքին մարտահրավերների վրա, առաջ տանել մեր համազգային արդար պահանջները, եւ ի դեպ, այդ կոչին միացել են հասարակական-քաղաքական գործիչներ եւ մտավորականներ: Կարելի է չէ, ի վերջո, 100 տարվա ընթացքում ընդամենը 2 ամսով դադարեցնել ներքին գզվռտոցները` լինեն դրանք իշխանական, թե ընդդիմադիր դաշտում, որպեսզի աշխարհակարգ փոխվելու ժամանակահատվածում, կոպիտ ասած, ազգովի ոտատակ չգնանք: Առավել եւս, որ եթե չենք սխալվում, քաղաքական եւ հասարակական այրերի մեծ մասը քրիստոնյա են համարվում, հետեւաբար մեծ պահքի շրջանում պետք է ավելի խոհուն եւ զուսպ վարք դրսեւորեն:
Իսկ նրանց վերաբերյալ, ովքեր չկարողանան կամ չցանկանան ընդամենը 2 ամիս պահպանել ներքին կռիվների մորաթորիումը, իրավունք ունենք անել շատ հեռուն գնացող եզրակացություններ...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

