ԳԱԶԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԻՊՎԱԾ ՉԵՆՔ ԼԻՆԻ ՎՃԱՐԵԼ, ԵԹԵ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՍՏԱՑԵԼ
Արխիվ 12-16ԳԱԶԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԻՊՎԱԾ ՉԵՆՔ ԼԻՆԻ ՎՃԱՐԵԼ, ԵԹԵ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՍՏԱՑԵԼ
Այսօր «Իրավունք» թերթի խմբագրություն էին զանգահարել մի քանի քաղաքացի, որոնք անակնկալի էին եկել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար գանձվող վճարումից: Բանն այն է, որ գազի սպասարկման համար սահմանված տարեկան գումարը բաժանորդներն այսուհետ պետք է վճարեն եռամսյակը մեկ: Սա զայրացրել է մեզ դիմած համաքաղաքացիներին, քանի որ, ինչպես իրենք են ասում, սպասարկման համար սահմանված վճարի դիմաց անհրաժեշտ ծառայություն չեն ստանում: «Սա ինչ բան է, ինչու պետք է վճարենք ոչինչ չանելու համար` այն էլ միանգամից երեք ամիս»,- վրդովված ասաց մեզ դիմած քաղաքացիներից մեկը:
Խնդրի առնչությամբ պարզաբանում ստացանք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից: Բանն այն է, որ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (ԳՄՕԿ) կատարված մի շարք փոփոխությունների և լրացումների համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 15.10.2014 թ. №383Ն որոշմամբ սահմանվել է «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (բնակիչ))» պայմանագրի նոր օրինակելի ձև: Որոշումը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջիկայում կսկսի բաժանորդների հետ բնական գազի մատակարարման նոր օրինակելի ձևով պայմանագրերի կնքման գործընթացը:
Ըստ սույն որոշման`նոր օրինակելի ձևի պայմանագրում կատարված հիմնական փոփոխությունը վերաբերում է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարման կարգին: Նախորդ և նոր պայմանագրերի` մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն 2 անգամ բաժանորդին մատուցել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն՝ առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ`ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ), սակայն ոչ շուտ, քան 4 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ:
Ի տարբերություն նախորդ պայմանագրի դրույթների, որոնց համաձայն՝ ներտնային գազաuպառման համակարգի տեխնիկական uպաuարկման ծառայության համար բաժանորդը վճարում էր յուրաքանչյուր ամիu տարեկան վճարի 1/12 մաuով, նոր պայմանագրով յուրաքանչյուր սպասարկման համար բաժանորդը վճարում է տարեկան վճարի 50 տոկոսը` գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն մատուցելուց հետո հաջորդող հաշվարկային ամսում: Եթե անհրաժեշտության դեպքում բաժանորդի մոտ տվյալ հաշվարկային կիսամյակում մեկից ավել սպասարկում է կատարվել, ապա լրացուցիչ սպասարկումների մասով հաշվեգրում չի կատարվելու:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է նաև, որ նոր պայմանագրի դրույթներից ելնելով (պայմանագրի ուժի մեջ մտնելուց ծագած հարցերը կարգավորելու համար) հաշվարկներում որոշակի խմբագրումներ են կատարվել` հաշվի առնելով 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ներառյալ ամիսների համար հաշվեգրված գումարները:
1) Եթե բաժանորդը սպասարկվել է 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, ապա 2015թ. հունվարին կատարվել է հաշվեգրման ավելացում երեք ամսվա գումարի չափով: Արդյունքում բաժանորդի վրա հաշվեգրվել է տարեկան վճարի կիսով չափ գումար, որը հիմնավորված է արդեն իսկ կատարված սպասարկմամբ:
2) Եթե բաժանորդը 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում չի սպասարկվել, ապա 2015թ. հունվարին կատարվել է հաշվեգրման նվազեցում երեք ամսվա գումարի չափով: Այս կարգի բաժանորդների մոտ հաշվեգրում կկատարվի ընթացիկ հաշվարկային կիսամյակում` սպասարկման դեպքում:
Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման համար բաժանորդը մատակարարին վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված տարեկան վճար: Վճարը սահմանվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2012 թ. №516Ն որոշմամբ և կազմում է 2270 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) յուրաքանչյուր գազoգտագործող uարքավորման համար, իսկ երեքից ավելի գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում` երեք գազօգտագործող սարքավորման համար հաշվարկված գումար (6810 դրամ):
Ինչ վերաբերում է համաքաղաքացիների այն բողոքներին, թե սպասարկման գումարի դիմաց չեն ստանում համապատասխան ծառայություն, «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայությունից մեզ հայտեցին, որ սպառողն այլեւ չի վճարի չստացած ծառայության դիմաց. եթե բաժանորդին սպասարկման ծառայություն չի մատուցվել, նա այդ կիսամյակ կազատվի վճարից: Իսկ եթե սպասարկման ծառայություն մատուցվում է, ապա բաժանորդին տրվում է փաստաթուղթ, որտեղ նա ստորագրում է: Դա էլ հավաստում է, որ բաժանորդին մատուցվել է սպասարկման ծառայություն:
Հ.Գ. Ցանկալի կլիներ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման որոշումներ ընդունելուց հետո հանրությանը պատշաճ կարգով իրազեկեր այդ մասին, որպեսզի մեր համաքաղաքացիներն անսպասելիորեն վերջին վայրկյանին անակնկալի չգան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

