«ԵԶԴԻ ԵՐԵԽԱՅԻՆ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՍԻՐԵԼ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ»
Արխիվ 12-16«ԵԶԴԻ ԵՐԵԽԱՅԻՆ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՍԻՐԵԼ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ»
«ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցը Եզդիների ազգային միության փոխնախագահ, «Էզդիխանա» թերթի գլխավոր խմբագիր ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆՆ է, ով ներկայացնում է եզդիական համայնքի այսօրվա խնդիրները, հայ եզդիական բարեկամական կապն ու իրենց պետականություն ունենալու հավանականությունը:
- Ո՞րն է Եզդիների ազգային միության գործունեությունը:
- Եզդիների ազգային միությունը ստեղծվել է 1980-ական թվականներին և աշխարհում առաջին եզդիական կազմակերպությունն է, որ ծագել է ժողովրդական շարժման արդյունքում: Միությունը 1970-ականներից մինչ այսօր նախագահում է Ազիզ Թամոյանը: Եզդիների ազգային միությունը ներկայացնում է Հայաստանում եզդիական համայնքի խնդիրները, մեր կանոնադրության հիման վրա բարձրաձայնում եզդիների խնդիրները, դրանց լուծում տալիս և, ամենակարևորը, ամրապնդում հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապը` ստեղծելով այնպիսի
պայմաններ, ըստ որի և´ հայ հասարակությունը տեղյակ լինի եզդիների ազգային ավանդույթներից, տոներից, ծիսակատարություններից, մշակույթից և´ հակառակը` եզդիականը` հայկականից:
- Ի՞նչ խնդիրներ ունի այսօր եզդիական համայնքը:
- ՀՀ կառավարության կողմից մեր համայնքի բազմաթիվ խնդիրներ լուծվել ու լուծվում են, բայց որոշ հարցեր, մտահոգություններ, իհարկե´, կան: Եզդիական 30-ից ավելի գյուղերում դասավանդվում է եզդիերեն լեզու և գրականություն առարկաները 1-11-րդ դսասարանների դասագրքերով, բայց կա եզդի ուսուցիչների վերապատրաստման խնդիր: Լավ մասնագետներ ունենք, ուղղակի նրանց վերապատրաստել է պետք, որպեսզի կարողանան ծրագրային հմտություններին, մեթոդաբանական հարցերին տիրապետել: Եզդի ժողովրդի համար գերխնդիր և ցավալի փաստ է նաև 2014 թվականի օգոստոսի 3-ից սկսած կոտորածը, որն, իսկապես, պետք է որակել իբրև ցեղասպանություն, որովհետև նույն իրադարձությունը ինչ մենք տեսել ենք 1915 թվականի եղեռնից, տեսանք այսօր մեր սեփական
աչքի առաջ: Կոտորած գրեթե նույն ահաբեկչի կողմից, որովեհտև այս ահաբեկչական խմբավորման մեծ ֆինանսավորողը Թուրքիան է:
- Երբևէ կլինի՞ օր, որ կունենաք պետականություն:
- Եթե 1 տարի առաջ լիներ այս հարցադրումը, երբ դեռ եզդիները պայքարում էին իրենց անկախության համար, միգուցե ասեի, որ կլինի նման օր, բայց այսօր… Այսօր մենք ենթարկվում ենք ցեղասպանության…. Իսկ ինչ վերաբերվում է պետությանը, մենք արդեն ունենք կազմավորված եզդիական ջոկատներ, զորաջոկատներ, որոնք այսօր պաշտպանում են, որոնք գործում են: Գերմանիայում ստեղծվել է նաև եզդիական հեռուստաընկերություն, որն անդրադառնում է բոլոր ծագերում ապրող եզդիներին:
- Ո՞րն է գաղտնիքը, որ եզդի ազգը կարողանում է այդչափ անխախտ պահել իր դիմագիծը, ավանդույթները:
- Եզդի ընտանիքը. եզդի երեխան դեռ մանուկ հասակից դաստիարակվում է ազգային ոգով: Եզդի երեխային նախևառաջ սովորեցնում են սիրել մայրենի լեզուն, փոքրիկի հետ առաջին հարցադրումներն ու պատասխանները եզդերեն են լինում և, ամենակարևորը,
փորձում են ստեղծել հայերեն-եզդերեն լեզուների ճիշտ սահմանաբաժան, որպեսզի մի նոր լեզու ստեղծվելու վտանգի առաջ չհայտնվենք: Չունենալով պետականություն` մենք նախևառաջ անխախտ պահում ենք կրոնը, քանզի առանց դրա ազգը չի գոյատևի, մանավանդ մեր պարագայում, որ աշխարհի հնագույն կրոնը կրողներից ենք: Երբ եզդին աղոթում է, նախևառաջ 72(այն ժամանակվա ժողովուրդների քանակով) ժողովուրդների համար է խաղաղություն ցանկանում, այս պարագայում բնականաբար մենք ևս խաղաղ կապրենք, չնայած վերջին դեպքերից հետո հումորով ասում ենք, թե այնքան աղոթեցինք այլ ազգերի խաղաղության համար, մեզ խաղաղություն չհասավ…
Մոտենալով զրույցի ավարտին`Խդրը չի մոռանում անդրադառնալ ու հիշեցնել հայ եզդիական բարեկամական ամուր հիմքի, արմատների մասին, փաստելով, որ այս երկու ազգերի հարաբերությունների մեջ սեպ խրել չի լինի, որովհետև մենք ունենք պատմություն, և մեր եղբայրությունը երևացել է դեռևս բաշ-ապարանյան ճակատամարտի ժամանակներից, հետո`արցախյան հերոսամարտում, որտեղ զոհված 30-ից ավելի եզդիներից 4-ը թաղված են Եռաբլուրում:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

