«ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ԱՅՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՆ»
Արխիվ 12-16«ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ԱՅՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՆ»
«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն այս անգամ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆՆ էր, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան հարցերին: ՀՀ արդարադատության փոխնախարարին ուղղված հարցերը մասնավորապես վերաբերում էին ԴԱՀԿ, ՔԿԱԳ ոլորտի քաղաքականության մշակմանը եւ մեթոդական ղեկավարմանը, նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում ԴԱՀԿ ծառայության գործունեության ապահովմանն ու համակարգմանը, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի քաղաքականությանը եւ ռազմավարական ծրագրերի մշակման իրականացմանը: «Ուղիղ կապի» ընթացքում «Իրավունքը» նույնպես մի քանի հարց ուղղեց պարոն Քրմոյանին, որը ներկայացնում ենք ստորեւ:
- Պարոն փոխնախարար, հնչած հարցերը մեծամասամբ վերաբերում էին քրեակատարողական հիմնարկներին, բայց անդրադառնանք նաեւ սահմանադրական բարեփոխումներին, հատկապես այն կետերին, որոնք վերաբերում են Ձեր ոլորտին:
- Սահմանադրական բարեփոխումները հիմնականում նպատակաուղված են մարդու իրավունքների ամրապնդմանը եւ համապատասխան մեխանիզմների ստեղծմանը եւ, իհարկե, այդ գործընթացը շարունակվում է: Մենք մի շարք միջազգային պարտավորություններ ունենք, որոնք նույնպես քննարկում ենք սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Որոշակի միջազգային փաստաթղթեր կարող են վավերացվել բացառապես սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների կոնտեքստում: Ամբողջ գաղափարախոսությունը սահմանադրական բարեփոխումների մարդու իրավունքների երաշխավորման համար լրացուցիչ պայմանների, լրացուցիչ կարգավորումների, լրացուցիչ երաշխիքների ամրագրումն է եւ արդյունավետ կառավարման համակարգի ապահովումը: Եվ կարծում եմ` սա շատ դրական արդյունք կունենա, որովհետեւ հետխորհրդային շրջանում մենք արդեն մեկ անգամ բարեփոխել ենք սահմանադրությունը, սա արդեն երկրորդ անգամ ենք բարեփոխում, մինչդեռ շատ հետխորհրդային երկրներ, իրենք, ուղղակի, մի սահմանադրություն են ընդունել եւ որեւէ փոփոխություն չեն արել, չեն արդիականացրել: Իսկ մեր իրավական համակարգը ավելի դինամիկ է զարգանում եւ այդ թվում սահմանադրական բարեփոխումները դրա կարեւորագույն քայլերից են:
- Ի դեպ, որոշ միջազգային փաստաթղթերի վավերացումը վերածվում է եվրոստանդարտացման գործընթացի, ինչի արդյունքում, օրինակ, այսօր «Իրավունք» թերթին 22 ԵԽԽՎ-յան եվրոպատգամավոր, տեղի ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներ մեղադրում են, թե բացասական կարծիք եք արտահայտում համասեռամոլների լոբբիստների հասցեին, աղանդավորները դատարանում մեղադրում են, թե թերթը ստորադասում է իրենց Հայ Առաքելական եկեղեցուց եւ այլն: Ըստ Ձեզ, ո՞րը պետք է լինի խնդրի լուծումը, որովհետեւ այստեղ ավելի շատ ազգային արժեհամակարգի բախում է, ոչ թե սահմանադրական հոդվածների:
- Եթե կան որոշակի եվրոպական, միջազգային չափանիշներ, չի նշանակում, որ Հայաստանը պետք է բոլոր ստանդարտներին հետեւի: Բայց այդուհանդերձ մենք ունենք միջազգային պարտավորություններ, եւ նաեւ այդ պարտավորությունների կատարումը երաշխավորում է Հայաստանի հեղինակությունը միջազգային հարաբերություններում: Մենք փորձում ենք այդ երկու խնդիրները համատեղել, այսինքն` հաշվի առնել մեր ազգային շահը, մեր ազգային մտածողությունը, մեր ազգային ավանդույթները եւ նաեւ եվրոպական ընտանիքում գործող ավանդույթները, որոնք կան: Հիմնականում մեզ համար ընդունելի են այն փոփոխությունները, այն օրենսդրական կարգավարումները, որոնք միտված են մարդու իրավունքները պաշտպանելուն, երաշխավորելուն, եւ այդ փոփոխությունները մեր կողմից ընդունվել են: Եվ եթե ուսումնասիրեք, բազմաթիվ փաստաթղթեր կան, որ մենք ամբողջությամբ չենք վավերացրել, չենք ընդունել կամ մեզ համար դրանք մասնակի ու վերապահումով են ընդունելի եղել: Մենք դիտարկում ենք մարդուն որպես գերագույն արժեք եւ դրա շուրջ ինչպիսի դրական փոփոխություն մեզ առաջարկվում է, այդ փոփոխություններն ընդունում ենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Մեր ընթերցողների հարցերին ի պատասխան ՀՀ արդարադատության փոխնախարարի տված պատասխաններին ծանոթացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա տպագիր համարում:

